Ընդդիմությունը հասկացավ, որ միայնակ անհնար է պայքարել իշխանության վարչական ռեսուրսի դեմ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները երեկ հայտարարեցին նախընտրական դաշինքի շուրջ համաձայնության մասին, որով նրանք մասնակցելու են 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Արդյունավետ գործակցության դեպքում նրանք հնարավոր են համարում հետագայում մեկ կուսակցության վերաճելը:

Այսպիսով` չնայած քաղաքական վերջին երերուն իրադարձություններին, նախընտրական անկանխատեսելի զարգացումներին, երեք ընդդիմադիր կուսակցությունները կատարեցին վճռական քայլը: Նկատենք, որ ընդդիմադիր այս եռյակը ակնհայտորեն իր ապագայի ծրագրերը չպայմանավորեց ո՛չ Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարով, ո՛չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձով, ո՛չ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` փոփոխական քաղաքական տրամադրություններով կամ առողջական խնդիրներով: Նրանք որոշեցին եւ դաշինք կազմեցին:

Թերեւս ընդդիմությունը հասկացել է, որ միայնակ անհնար է պայքարել իշխանության վարչական ռեսուրսի դեմ, բայց միաժամանակ «ավանսով» պաշտոններ չեն բաժանում եւ նախընտրական ցուցակի «կռիվ չեն անում»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ արդեն հայտարարեց, որ դաշինքում ներկայացվածները բոլորն էլ ունակ են եւ հակված են զիջումների. «Ես ինքս կարող եմ առաջին զիջողը լինել»,- հավելել է Ա. Սարգսյանը` անդրադառնալով նախընտրական ցուցակը գլխավորելու հավանականությանը:

Տեսնենք` ինչ հաջողություններ կունենա դաշինքը, որին միացողների մասին արդեն իսկ լուրեր են շրջում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս