«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ֆինանսական շուկայում վերջին օրերին նկատվում է դրամի արժեզրկման տեմպի արագացում, ինչը չի տեղավորվում անցած տարիներին ձևավորված տրամաբանության մեջ։ Ըստ այդ տրամաբանության՝ հիմա դրամը պետք Է արժեվորվեր։
Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով մեկ դոլարի գինը կազմել է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ էր։ Փաստորեն մեկ շաբաթվա մեջ դրամը արժեզրկվել Է մոտ 1 տոկոսով։ Անցած տարիներին, եթե չհաշվենք 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերյան ցնցումները, այս շրջանում դրամը կամ կայուն էր, կամ նույնիսկ արժեվորվում էր։ Խնդիրն այն է, որ հիմա բնակչությունը ամանորյա գնումներ կատարելու համար պահուստներից հանում է կանխիկ արտարժույթը ու բերում շուկա, ինչը պետք է հանգեցներ դրամի արժեվորման։
Իսկ դրամի արժեզրկումը նշանակում է, որ շուկայում կա արտարժույթի պակաս։ Թե որն է դրա պատճառը, առայժմ դժվար է ասել քանի որ ԿԲ-ն չի հրապարակում շուկայում մասնավորապես իր մասնակցության վերաբերյալ օպերատիվ ցուցանիշներ։ Բացառված չէ, որ ԿԲ-ն շուկայից մեծ ծավալով արտարժույթ է գնում, ասենք, արտաքին ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Մյուս տարբերակն այն է, որ շուկայում խաղում են այլ «դոլար հավաքողներ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։