Երեկ ադրբեջանական haqqin.az կայքը գրել էր, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին կմիանա նաև ոմն Արմեն Վիրաբյան: Ըստ կայքի` Վիրաբյանը հարցազրույց է տվել haqqin.az-ին, որում հայտնել է, թե 2013 թվականին եղել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն ու իբր հանդիսացել է «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներից մեկը: Նա պնդել է, թե իշխանությունների հետապնդումների պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա:
Քիչ առաջ ArmLur.am-ը զրուցեց Արմեն Վիրաբյանի եղբոր՝ Արա Վիրաբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արմենը «Ժառանգություն» կուսակցության համակիրն է եղել, «էլէկտրիկ Երևանին» չի մասնակցել և ապրիլյան դեպքերին էլ Հայասատանում չի եղել. «Նա լքել է երկիրը ոչ թե ուրիշ երկրում քաղաքացիական ապաստան խնդրելու համար, նա ուսանող է, միշտ էլ գնացել եկել է: Առանց ինչ-որ արգելքի նա կարողանում է Եվրամիություն մտնել: Նա քաղաքացիական ապաստան չի խնդրում ընդհանրապես»:
Արա Վիրաբյանի խոսքով՝ Սյուզան Ջաղինյանը ժամանակին նրանց ընտանիքի հետ բարեկամամական հարաբերությունների մեջ է եղել: Նա է տեղեկություն տարածել, կապ է հաստատել նրա հետ. «Միամտաբար եղբայրս նրա հետ կապվել է ու մանիապուլյացիայի է ենթարկվել և խաբվել: Դրա պատճառով է այս իրավիճակը ստեղծվել»:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը, լրագրող ներկայացած Սյուզան Ջաղինյանն այս պահին գտնվում են Ադրբեջանում:
Հավելենք, որ այսօր քիչ առաջ Դավիթ Սանասարյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Արմեն Վիրաբյանի տեսաուղերձը, որտեղ վերջինս դիմելով հայ ժողովրդին, հայտնել է, որ կատարվածը թյուրիմացություն է:
Լիդա Եղիազարյան