ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը դեկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման և բացիկի մարման հանդիսավոր արարողությանը:
Ցուցահանդեսը իրականացվել է Հայաստանի ֆիլատելիստների միության նախաձեռնությամբ: Ներկայացված են 18 մրցութային և 9 արտամրցութային հավաքածուներ: Ցուցանմուշների շարքում կան նամականիշներ, որոնք տպագրվել են Առաջին հանրապետության տարիներին, բայց չեն հասցրել շրջանառության մեջ դրվել:
Ցուցադրված են նաև Խորհրդային ժամանակների հայկական թեմատիկայով նամանակնիշներ: Երրորդ հանրապետության պատմությունը ներկայացնում են արցախյան ազատամարտի հերոսների, նախկին ու ներկա նախագահների նկարներով նամականիշները: Ցուցահանդեսին սեփական հավաքածուով մասնակցում էր նաև «Արցախփոստը»:
Նամականիշների միջոցով փոստային ծառայություններից օգտվողները կարողանում են հաղորդակից լինել տվյալ երկրի մշակույթին:
«Չնայած տեխնոլոգիաների զարգացումը հանգեցնում է փոստային ծառայությունների դերի որոշակի նվազման, բայց այս ցուցահանդեսը վկայությունն է այն բանի, որ հայկական ֆիլատելիան դեռ ապրում է ու հետաքրքրությունը հանդեպ նամականիշների պահպանվում է»,- ասաց Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանում կգործի մինչև դեկտեմբերի 16-ը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն