«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երաժիշտ Վահան Արծրունին նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել, որտեղ ոմն Գրիգոր նրան հարցեր է տվել Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին:
Արծրունին չի կարողացել պարզել, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել ԱԱԾ. նրան ասել են, որ «ուղղակի զրույց է»: Այս «ուղղակի զրույցից» հետո երգչի ֆեյսբուքյան էջն ընկերների համար արգելափակվել է: Այդ մասին նա հայտնեց մեզ հետ զրույցում. «Առաջին հարցը, որ տվել եմ ԱԱԾ-ում, եղել է հետեւյալը. մեր հանդիպումն արդյոք Սահմանադրության խախտո՞ւմ չէ: Պատասխանը եղել է հետեւյալը. սա ընդամենն ընկալեք որպես զրույցի հրավեր: Ես դա կարող եմ զրույցի հրավեր ընդունել լրագրողից, եւ ինձ պարզ կլինի այդ զրույցի բնույթը, բայց երբ ինձ հրավիրում են զրույցի եւ դա տեղի է ունենում ԱԱԾ-ում, սա սկսում է ինձ լուրջ անհանգստացնել»,- ասաց երաժիշտը:
Վահան Արծրունին մեզ հայտնեց, որ ամռանը Խորենացի փողոցում չի եղել: «Ընդամենը Սեֆիլյանի ծննդյան օրվան նվիրված համերգ կար հրավիրված Թատերական հրապարակում, որին ես իմ մասնակցությունը բերել եմ: Բայց ես նույնկերպ իմ մասնակցությունը բերել եմ Աշոտ Նավասարդյանի հիշատակի համերգին, Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված համերգին եւ մեծ քանակությամբ այլ համերգների, որոնք առնչություն ունեն մեր կյանքի հետ: Դա եւս թույլ չեմ տա քաղաքականացնել: Համերգը՝ համերգ, քաղաքական հարթակը՝ քաղաքական հարթակ, քաղաքացիական իրավունքները՝ քաղաքացիական իրավունքներ»,-ասաց երաժիշտը:
Նշենք, որ որ ԱԱԾ-ում Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որեւէ գործ չի քննվում, հետեւաբար այդ իմաստով անհասկանալի է Վահան Արծրունու մասնակցության վերաբերյալ հետաքրքրասիրությունը: Մենք փորձեցինք այդ կառույցից պարզել, թե ինչ գործով է զրույցի հրավիրվել Արծրունին: Պատասխան դեռեւս չունենք: Վահան Արծրունին երեկ երեկոյան դիմել է ՄԻՊ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: