«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ դեռեւ անցած շաբաթ արած հայտարարությանը, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: «Ժողովուրդ» օրաթերթին վրացական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո ակտիվացել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը, որը ցանկանում է գնել գազատարն ամբողջությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ տեղեկություններ հասան, որ Վրաստանի կառավարությունում այս օրերին գազատարի վաճառքի հետ կապված գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ: Եվ չնայած սրան՝ մինչ օրս Վրաստանում Հայաստանի դեսպանատան եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջեւ այս հարցի շուրջ որեւէ քննարկում չի եղել, քանի որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը տեղում չէ:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
-Պարո՛ն Զաքարյան, տեղյա՞կ եք Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությանը, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Որքանո՞վ եք հավանական համարում նման հեռանկարը, եւ ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել՝ այն կանխելու համար:
-Նախ կարծում եմ՝ գաղտնիք չէ, թե ինչ կարեւոր նշանակություն ունի գազատարը Հայաստանի էներգետիկ համակարգի համար, այն Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող կառույցներից մեկն է, եւ, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը, նաեւ շատ տրամաբանական է, որպեսզի շահագրգիռ լինի գազամուղի ճակատագրով: Դեռեւս որեւէ գործընթաց այդ առումով կարծես թե չկա, եւ առայժմ վաղ է որեւէ գնահատական տալ, բայց վստահ եմ, որ այդ հարցում Վրաստանի իշխանությունները անպայման նաեւ կխորհրդակցեն Հայաստանի իշխանությունների հետ:
-Գազատարի վաճառքի հարցը նոր չէ, վրաց իշխանությունները նման մտադրություն ունեին դեռ 2011-ին, իսկ արդեն 2012-ին խոսվում էր գազատարի կոնկրետ գնորդների մասին: Բարեբախտաբար ՀՀ իշխանությունները կարողացան հասնել նրան, որ այդ գործընթացը կասեցվեց: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հենց հիմա վրացական կողմը վերստին նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Տեսակետ կա, որ սա կապված է հայ-ռուսական համատեղ զորամիավորում ստեղծելու համաձայնագրի հետ, եւ այսպիսով Վրաստանը ՀՀ իշխանություններին հասկացնում է, որ հարկ եղած դեպքում կարող է կիրառել գազատարի վաճառքի «մահակը», եթե Հայաստանը Վրաստանի շահերի դեմ գործի:
-Գիտեք, հիմա չեմ ուզում գոյություն ունեցող տեսակետների վերաբերյալ մենք ենթադրություններ անենք, երբ կլինեն գործընթացի հետ կապված մանրամասներ, այդ ժամանակ արդեն կարելի է խոսել ավելի ընդարձակ:
-Այնուամենայնիվ, խնդիրը կա, եւ Վրաստանի վարչապետի հայտարարությունից անցել է շուրջ 15 օր: Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում է անցկացրել՝ հասկանալու համար, թե որոնք պետք է լինեն ՀՀ քայլերը:
-Խորհրդարանի մակարդակով քննարկումներ տեղի չեն ունեցել, մնացած մանրամասներին չեմ տիրապետում:
-Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անեն այս պայմաններում ՀՀ իշխանությունները:
-Ասացի, որ կարեւոր խնդիր է մեզ համար, հետեւաբար մենք շահագրգիռ կողմ ենք այդ հարցում: Բնականաբար կարծում եմ, որ մեր համապատասխան գերատեսչությունները այդ ուղղությամբ անպայման աշխատանքներ տանում են:
-Իսկ մինչ այդ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանական «Soccar» նավթագազային ընկերությունն ու ռուսական «Ռոս գազ»-ը բաժնետոմսերի գնման կոնկրետ առաջարկներ են մշակում:
-Նման տեղեկատվություն չունեմ, թե որ ընկերություններն են շահագրգռված, ամեն դեպքում հրապարակային նման տեղեկատվություն չկա: Բնականաբար մեզ համար չի կարող ցանկալի լինել թուրք-ադրբեջանական գործոնի մասնակցությունը հայկական գազամուղի տարանցիկ հատվածում, այնուամենայնիվ, նաեւ պետք է նկատի ունենալ, որ խնդիրը գտնվում է Վրաստանի իշխանությունների իրավասության տիրույթում, եւ այդ առումով պետք է աշխատել վրացական իշխանության հետ:
-Իսկ ըստ Ձեզ՝ Հայաստանը կարո՞ղ է ինքը ձեռք բերել այդ բաժնետոմսերը:
-Ես կարծում եմ, որ պետք չի բացառել նաեւ այդ տարբերակը, բայց կոնկրետ այդ ուղղությամբ դեռեւս հստակ տեղեկատվություն չունեմ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍՊԱՍԱՐԿԱԾ ՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ «Mercedes» մեքենան:
Ուշագրավ է, որ առնվազն թանգարանային նմուշ հանդիսացող այս մեքենան, որը, որպես այդպիսին, կարելի է համարել նաեւ պատմական, հանվել է աճուրդի եւ հայտնվել իրենցից ոչինչ չներկայացնող բազմաթիվ ջարդոնների կողքին: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, աճուրդի եք հանել ՀՀ առաջին նախագահին սպասարկած մեքենան, մինչդեռ այն կարող է թանգարանային նմուշ համարվել, համենայն դեպս շատ երկրներում իրենց առաջին նախագահներին սպասարկած մեքենաները համարվում են թանգարանային նմուշ…
-Դա միայն առաջին նախագահին չի սպասարկել, դա հետագայում նաեւ կառավարության ղեկավարին է սպասարկել, այսինքն՝ այնպես չէ, որ միայն առաջին նախագահի ծառայողական ավտոմեքենան է եղել:
-Բայց, վերջ ի վերջո, սպասարկել է, չէ՞, առաջին նախագահին …
-Անկեղծ ասած` ես չեմ կարծում, որ այդպես կարելի է համարել: Ի՞նչ պատմական մեքենայի մասին է խոսքը: Դրանից հետո այն սպասարկել է ՀՀ վարչապետին: Ոչ մեկը չի ժխտում դա, ընդամենը ես հետեւյալն եմ ասում, որ սպասարկել է ե՛ւ ՀՀ առաջին նախագահին, ե՛ւ տարբեր վարչապետների: Կառավարության հաշվեկշռում գտնվող մեքենա է:
-Իսկ մինչ աճուրդի հանելը այն ու՞մ էր սպասարկում:
-Դա չշահագործվող ավտոմեքենա էր, որովհետեւ բավականին խնդիրներ ունեցող մեքենա է, եւ կառավարության որոշումով տրվել է պետական գույքի կառավարման վարչությանը, որպեսզի համապատասխան ընթացակարգով գնահատվի եւ աճուրդային եղանակով օտարվի:
-Նախնական գինը որքա՞ն է սահմանված:
-Դեռ չի գնահատվել ավտոմեքենան, որովհետեւ ավտոմեքենաների քանակը շատ-շատ է: Դուք գիտեք, որ 1000-ից ավելի ավտոմեքենաներ են օպտիմալացվել, որոնցից 444-ը այս պահին գտնվում են պետական գույքի գույքագրման գնահատման գործակալության պահառության տարածքում,եւ բավականին երկարաժամկետ ընթացք է պետք, որովհետեւ դրանք ամբողջովին պետք է ՃՈ հաշվառումից հանվեն, վերցվեն նորից հաշվառման, դրանից հետո գնահատվեն եւ ուղարկվեն աճուրդով վաճառքի: Այս պահին այդ ավտոմեքենան դեռ գնահատված չէ եւ աճուրդի դրված չէ:
-Իսկ այդ ավտոմեքենայի հանդեպ հետաքրքրություն նկատվու՞մ է:
-Դուք գիտեք, որ դա մեր բարեփոխումների մի մասն էր: Եթե հիշում եք՝ անցած ժամանակներում մարդիկ չէին կարողանում ուսումնասիրել, տեսնել այն շարժական գույքը, որը հնարավոր էր ձեռք բերել: Հիմա այնտեղ /պետական գույքի գույքագրման գնահատման գործակալության պահառության տարածքում, հեղ./ ամեն օր հարյուրից ավելի մարդիկ են այցելում, եւ կարծում եմ, որ, բնականաբար, նաեւ հետաքրքրություն կառաջանա:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀԻՄԱ ԷԼ ՀԷ՞Ց-Ը
Նոյեմբերի 26-ին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին, հայտարարվեց կուսակցությանն անդամագրված 7 հազար հոգու մասին: Անդամագրվողները մեծամասամբ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն են: Հիմա էլ խոսվում է այն մասին, որ Կարեն Կարապետյանը դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին` ՀԷՑ-ի աշխատակիցներին եւս բերել ՀՀԿ եւ անդամագրվելու դիմում ներկայացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունը ճշտել ՀԷՑ-ից: Ի պատասխան մեր հարցի` ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանն ասաց. «ՀԷՑ-ը բիզնես կառույց է եւ քաղաքականությամբ չի զբաղվում»:
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարագրել է իր ունեցվածքը, ըստ այդմ, վերջինս ունի մեկական հողամաս, մեկական բնակարան եւ մեկ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա: Նա ունի 15 մլն դրամ կանխիկ գումար, որը ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից: Տեղեկացնենք, որ վերջինս մինչեւ Վանաձորի քաղաքապետ ընտրվելը ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտարն է եղել: Թե ինչ բիզնես ունի, չի մանրամասնել:
ՄԻԱՅՆ ԳՐԱՎԱԴՐՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Քոնթուր Գլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն եւ ֆինանսների նախարարությունը դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը պահանջում է, որ թույլատրեն հիմնական գույքը, ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը համահավասար իրավունքներով, հօգուտ ՀՀ-ի, գրավադրվի մի քանի ֆինանսական կազմակերպություններում: Դրանք են՝ «Էյչ-Էս-Բի-Սի Քորփորեթ Թրասթի Քամփանի (Յու-Քեյ) Լիմիթեդ»-ը, «Միջազգային ֆինանսական կորպորացիան», «Հոլանդական զարգացման եւ ֆինանսական հիմնադրամ»-ը, «Գերմանիայի ներդրումային եւ զարգացման հիմնադրամ»-ը:
Հիշեցնենք՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում հավանություն էր տվել «Որոտանի ՀԷԿ»-ի առքուվաճառքի պայմանագրին, եւ 2014թ. հունվարին տեղի ունեցավ գործարքը. ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի ու ՀՀ կառավարության միջեւ ստորագրվեց պայմանագիրը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Որոտան ՀԷԿ»-ի գնորդը՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ գրավադրել է ՀԷԿ-ը, որպեսզի կարողանա վճարել սահմանված գինը: Վերջերս էլ հարկային արտոնություններ ստացավ: