ԱՆԱԿՆԿԱԼ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԱՌԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տիկին նախագահ». այսպիսի վերնագրով էր ներկայացել ամերիկյան հայտնի Newseek պարբերականը նոյեմբերի 8-ին` վստահ լինելով, որ Հիլարի Քլինթոնն էր ընտրվելու ԱՄՆ նախագահ: Հատկանշական է, որ նույնպիսի համոզմունք ունեին ինչպես գրեթե բոլոր քաղաքական վերլուծաբանները, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը: Վերջինիս պարտությունը բավականին ծանր ստացվեց առաջին հերթին հանկարծակիության պատճառով: Ընդհանրապես, երբ թեկնածուներից մեկը խիստ վստահ է իր հաղթանակում, չակնկալվող արդյունքները միանշանակ սաստկացնում են հիասթափությունը:

Հիլարի Քլինթոնը Միացյալ Նահանգների թերեւս ամենահայտնի կին քաղաքական գործիչն է եւ լիովին օրինաչափորեն իր փորձով ու կապերով նա ի վիճակի էր բազմելու նախագահի աթոռին: Բավական է հիշել, որ Քլինթոնը ԱՄՆ նախկին առաջին տիկինն էր, ապա ընտրվել էր սենատոր Նյու Յորքից: 2008թ. նախագահական ընտրություններում անկարող լինելով ստանալ կուսակցության միասնական թեկնածուի կարգավիճակը` Քլինթոնը Օբամայի կողմից նշանակվեց պետքարտուղար եւ տեւական ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքականության իրական ճարտարապետն էր: Քլինթոնը ամուր կապեր էր ստեղծել երկրի ներսում` հանձինս ամերիկյան հայտնի ֆինանսական կորպորացիաների, համաշխարհային տնտեսական տարաբնույթ լուրջ հետաքրքրություններ ունեցող կազմակերպությունների եւ այլն: Քլինթոնը հաջողությամբ գործակցում էր նաեւ արտասահմանյան ընկերությունների հետ` բարեկամական հարաբերությունների մի հզոր ցանց ստեղծած լինելով: Քլինթոնի կողմն էր նաեւ պետական ապարատը` նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ: Հզոր կուսակցության աջակցության հետ մեկտեղ` Քլինթոնին ծածուկ սատարում էին այն հանրապետականները, որոնք կտրականապես դեմ էին հանդես գալիս Թրամփի նախագահությանը` հանձինս նախագահական դինաստիա համարվող Բուշերի: Եվ ահա նման հսկայական պաշարով Քլինթոնը պարտվում է մի գործչի, որ ամեն ինչ արել էր՝ ընտրվելու շանսեր չունենալու համար` թշնամանալով իր կուսակցության հետ, աջուձախ վիրավորանքներ շռայլելով եւ այլն: Ուստի կարող ենք պնդել է, որ այս ընտրություններում ոչ այնքան Թրամփն է հաղթել, որքան Քլինթոնն է պարտվել:
Քլինթոնի պարտությունը վճռվել է 3 նահանգներում` Միչիգան, Փենսիլվանիա եւ Վիսքոնսին, որոնք նախորդ ընտրություններում հիմնականում քվեարկում էին դեմոկրատների օգտին: Հատկանշական է Վիսքոնսինի դեպքը, որը հանրապետականներին չէր ընտրում 1984թ-ից ի վեր: Արդ, Քլինթոնի պարտության պատճառներից մեկը համարվում է երիտասարդության շրջանում նրա հեղինակության կտրուկ անկումը: Քլինթոնը երիտասարդների մոտ վստահության լուրջ խնդիր ուներ, ինչը աչք էր զարնում դեռեւս ներկուսակցական պայքարի թոհուբոհում: Ըստ տարբեր հաշվարկների` երիտասարդության շրջանում անվստահելի լինելու պատճառով նախկին պետքարտուղարը կորցրել է 1-2 տոկոս ձայն: Մինչդեռ Դոնալդ Թրամփը հավաքել է նույնքան ձայն, որքան հանրապետական նախկին թեկնածու Միթթ Ռոմնին: Ստացվում է, որ Օբամայի օգտին քվեարկած երիտասարդությունն այս անգամ նախընտրել է «երրորդ կուսակցության» թեկնածուներից մեկին: Ի դեպ, այսպիսի զարգացման պատճառներից է դիտվում նաեւ դեմոկրատական կուսակցության թեկնածուներից Բեռնի Սանդերսի պահվածքը: Վերջինս իր քարոզարշավի ավարտին քաղաքական լուրջ հարվածներ էր հասցրել Քլինթոնին` հատկապես նրա հանդեպ թերհավատություն սերմանելով բնակչության շրջանում: Քլինթոնի` կոռումպացված լինելու մասին անընդհատ պտտվող քննադատություններն իրենց ազդեցությունը, այնուհանդերձ, ունեցան: Մեղավորներից մեկն էլ համարվում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար Ջեյմս Քոմեյը: Վերջինս քվեարկությունից ընդամենը օրեր առաջ հայտարարել էր, որ վերսկսում է Քլինթոնի նկատմամբ քրեական հետապնդումը` կապված էլեկտրոնային նամակների սկանդալի հետ: Նախնական հարցումները հուշում են, իսկ Թրամփի ու Քլինթոնի շտաբները համոզված են, որ FBI-ի ղեկավարի որոշումը էականորեն ազդել է ընտրողների տրամադրության վրա: Պատճառներից հերթականն էլ առնչվում է աշխատավորների խավի նախընտրության հետ, որոնք, դժգոհ լինելով տնտեսական դրությունից, հույսը դրել են Թրամփի արագ բարեփոխումների վրա: Տարբեր հաշվարկներով` այս հարթակում Քլինթոնը կորցրել է ավելի քան 2 տոկոս: Ըստ էության, ամերիկացիները ոչ թե մերժեցին դեմոկրատական կուսակցության քաղաքական առաջարկները, այլ վերջին պահին ընտրողների մոտ գերակշռեց Քլինթոնի նկատմամբ անվստահությունը: Սա հրաշալի դաս կարող է հանդիսանալ ինչպես ամերիկյան կուսակցությունների, այնպես էլ աշխարհի գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք նպատակադրված են քաղաքական գործիքներով ազատ ընտրություններում հաղթանակ տանելու:
Հայաստանում ընտրությունների արդյունքներից վերոնշյալ մոտիվներով հիասթափություն եղել է 1996թ.: Այնժամ նախագահ Տեր-Պետրոսյանի քարոզչական թիմը անվերապահորեն վստահ էր իր թեկնածուի հաղթանակում: Այդպես էին մտածում իշխանական գրեթե բոլոր օղակները, այդպես էին համոզում սոցհարցումները, նույն տպավորությունն ուներ նաեւ ընդդիմությունը: 1991թ. Տեր-Պետրոսյանի ջախջախիչ հաղթանակը բթացրել էր իշխանությունների զգոնությունը, ինչը խոստովանել են նաեւ այն ժամանակվա գործիչները: Ինչպես Հիլարի Քլինթոնն ու նրա շրջապատն էին քամահրանքով վերաբերվում Թրամփի նախագահության հավանականությանը, այնպես էլ Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին հավատում, որ Վազգեն Մանուկյանը կարող էր այդքան բարձր ձայներ ստանալ: Սակայն ընդդիմության միավորումը եւ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունները փաստի առաջ կանգնեցրին Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած վարչակազմին: Ի դեպ, պատերազմում տարած հաղթանակի փաստով էին իշխանությունները պայմանավորում 1996թ. իրենց դյուրին հաջողությունը այնպես, ինչպես 1945թ. Չերչիլն ու բրիտանական պահպանողականները, որոնք նույնպես պարտվեցին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 3.6 տոկոսով ավելացել է: Այս տարվա 9 ամիսներին հանրապետություն ժամանել է 969 հազար 10 զբոսաշրջիկ:

Աճել է նաեւ հանրապետությունից մեկնած զբոսաշրջիկների թիվը. այս տարվա հունվար, սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 903 հազար 541 մարդ, այսինքն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 3 տոկոսով: Օրինակ՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին հյուրանոցներից օգտվել է 136 հազար 816 զբոսաշրջիկ, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը 7.6 տոկոսով ավելացել է: Սակայն այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ մուտք գործող զբոսաշրջիկներից 832 հազար 194-ը մնացել են բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սակայն, այս տարվա 9 ամիսներին ԱՊՀ երկրներից ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6.3 տոկոսով: Մասնավորապես ՌԴ-ից ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 3.8 տոկոսով, Ուկրաինայից 21.6 տոկոսով: Իսկ ահա Եվրամիության անդամ երկրներից դեպի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, հակառակը, 6.8 տոկոսով աճել է: 2016 թվականի 9 ամիսներին Իտալիայից ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է 10.7 տոկոսով, Գերմանիայից աճել է 38.3 տոկոսով եւ այսպես շարունակ:
Այլ երկրներից դեպի մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվն էլ է աճել՝ 15.7 տոկոսով: Այս աճը հիմնականում պայմանավորված է դեպի ՀՀ այցելած իրանցի զբոսաշրջիկների թվի աճով, որի ցուցանիշը այս տարվա հունվար-սեպտեմբերին,անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 87.4 տոկոսով: Հետաքրքիր է, բայց Վրաստանից ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է՝ 29.4 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԸ
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներն ինտենսիվորեն հրապարակումներ էին անում, իբր հայ սպա, 36-ամյա Նորայր Մինասյանը դիմել է անցած տարի Ադրբեջանից ապաստան խնդրած անհայտ ծագումով ակտիվիստ Վահան Մարտիրոսյանին՝ իրեն այնտեղ տեղափոխելու խնդրանքով:
«Ժողովուրդ»-ը երեկ հայտնել էր, որ Նորայր Մինասյանը ԼՂՀ Քաշաթաղ վարչական շրջանի Վարդաբաց գյուղից է: Նա արդեն երկու տարի է` Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում: Մեզ հետ զրույցում սպայի կինը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասել էր, որ ճիշտ է՝ ֆինանսական խնդիրներ են ունեցել, չմարած վարկեր, սակայն ամուսինը իրեն չի կարող թույլ տալ Ադրբեջան գնալ:
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ուսումնասիրություններ են կատարվում` պարզելու համար՝ ով է Մինասյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց պարզել` ինչ արդյունք են տվել ուսումնասիրությունները: Ի պատասխան մեր հարցի` Ա. Հովհաննիսյանը նշեց. «Տվյալ անձը նախկին զինվորական է, արդեն երկու տարի է` չի ծառայում զինված ուժերում: Նախարարությունը տեղեկացրել է, որ նա նախկինում դատվածություն է ունեցել: Սրանով ՊՆ-ի գործառույթներն ավարտվում են»:
Իսկ ինչ դատվածությունների մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ զինվորական ակադեմիայի շրջանավարտ Նորայր Մինասյանը դատապարտվել է երկու անգամ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու մեղադրանքով: Վերջին դատվածությունը 2014 թվականին էր: Մինասյանն իր մեղքն ընդունել եւ զղջացել էր:
Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մինասյանը պարզաբանմամբ է հանդես եկել եւ հայտարարել, որ այս ամենը Վահան Մարտիրոսյանի վրեժխնդրության արդյունքն է, իրենք նախկինում տարաձայնություններ են ունեցել, մտադրություն չունի հանձնվել թշնամի երկրին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ն. Մինասյանի հայրը` ազատամարտիկ, կոչումով մայոր Ժորա Մինասյանը, կտրուկ արձագանքեց. «Ինչ գրում են, սուտ են գրում: Իմ տղան նման բան չէր անի»: Մեր հարցերին` որտե՞ղ է հիմա Ձեր որդին, ե՞րբ եք վերջին անգամ խոսել նրա հետ, Ժ. Մինասյանը, ով ներկայումս Կապանի դպրոցներից մեկում զինղեկ է աշխատում, պատասխանեց. «Ես չգիտեմ: Արդեն երկու տարի է` նրա հետ չեմ խոսել: Կապի դուրս չի եկել ինձ հետ: Որեւէ բան չգիտեմ: Որտեղ է, ինչով է զբաղվում, ում մոտ է: Ինքը իր կնոջ ու երեխայի հետ էլ կապ չունի»:
Մնում է հուսալ, որ պատասխանատու կառույցներն ամեն բան կանեն՝ երկրի համար հերթական խայտառակությունից խուսափելու եւ Ադրբեջան ապաստանած նոր վահան մարտիրոսյան չունենալու ուղղությամբ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս