ԹԱՏԵՐԱԿԱՆԻ ԴԻՊԼՈՄՆ «ՕԺԻՏԻ» ՉԷՐ. ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի «Հաջողության նախագիծը» մեկնարկել է «Խոսքը` որպես հաջողության գրավական» խորագրով դասընթացների շարքը: Այն իրականացվում է «ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի» աջակցությամբ: Ծրագրի առաջին հյուրը դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էր: Նա ներկաների հետ կիսվեց իր փորձով, հմտություններով, խոսեց իր անցած ճանապարհի, հանդիպած խոչընդոտների եւ ձեռքբերումների մասին: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է դերասանուհու մի քանի ուշագրավ դիտարկում:

Ի՞նչ բան է հաջողությունը
Առաջին հայացքից հաջողության վերաբերյալ իմ տեսությունը կարող է թվալ ծիծաղելի, բայց ես պատրաստ եմ պաշտպանել այն: Հաջողությունն առաջին հերթին ավանդույթն է: Կարծում եմ` հենց ավանդույթն է մարդու մեջ ձեւավորում հաջողության կորիզը: Այդ ավանդույթը կարող է ներառել ընտանիքով առավոտյան մի բաժակ սուրճ խմելուց մինչեւ երեկոյան միասին ընթրելը: Ի դեպ, գենն էլ է ավանդույթ, որից մենք չենք կարող փախչել. երբեմն նկատում ես, որ մի ամբողջ կյանք գլուխդ քորել ես այնպես, ինչպես դա անում էր հայրդ: Կարճ ասած` հաջողությունն ավանդույթներից մղվելն է: Հաջողությունը նաեւ չհոգնելն է. մանր քայլերով առաջ գնալու արվեստին տիրապետելը ամենամեծ հաղթանակի գրավականն է: Եվ, վերջապես, հաջողության երաշխիքը պինդ լինելն է, չվախենալը, որ քո հանդեպ կարող են լինել անհանդուրժող: Ես փոքր էի, բայց շատ լավ հիշում եմ, որ երբ երջանկահիշատակ Սոս Սարգսյանը առաջադրվել էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, մենք նրան «թաղեցինք», որովհետեւ անհանդուրժող ենք դիմացինի այլընտրանքի նկատմամբ: Առհասարակ, անհատներին միշտ խանգարում են: Կարծում եմ` հաջողությունը ծանր մարսվող, պարբերական աշխատանք պահանջող, հստակ նպատակներ հետապնդող ծանր մի բան է, որը կողքից կարող է փայլուն խաղալիք թվալ:
Թատերականի դիպլոմն «օժիտի» չէր
Երբ ես նոր էի ընդունվում թատերական ինստիտուտ, այն, ցավոք, լավագույն տեղը չէր համարվում աղջկա համար (ի դեպ, եթե երկրորդ անգամ ընտրության հնարավորություն ունենայի, ճարտարապետ կդառնայի): Թատերականի դիպլոմը` որպես «օժիտի դիպլոմ», ամենավատն էր (ծիծաղում է): Բայց այդ ինստիտուտն ինձ տվեց շատ կարեւոր մի բան` ամեն ինչից հաճույք ստանալու հատկություն: Ամենածանր կացության մեջ անգամ պետք է գտնել պրոցեսը: Եթե շարժման մեջ ես, դու կստանաս հաճույք: Մենք միշտ մտածում ենք արդյունքի մասին: Ես երբեք չեմ մտածել արդյունքի մասին: Ցանկանում էի գեղասահորդուհի դառնալ: Չդարձա, բայց այն շարժումը, որը գրավում էր ինձ գեղասահքի մեջ, ես ունեմ: Այսօր, երբ ես թատերականի դիմորդներին հարցնում եմ, թե ինչու են ուզում ընդունվել այդ ինստիտուտ, քչերն են ասում, որ իրենց հետաքրքիր է պրոցեսը, որովհետեւ չգիտեն դրա մասին: Ուզում են հայտնի դառնալ, ամենաանհետաքրքիր բանը աշխարհում:

«Օրվա հոգսը բավ է օրվան»
Եթե խոսելու լինենք «չիկարելիների» մասին, ես կասեմ, որ չի կարելի լինել անհավես: Կարծում եմ` պետք է անել թեկուզ մի գործ, բայց հավեսով: Մի անգամ կարդացի այն մասին, որ մեր ուղեղն անընդհատ թափառում է անցյալում կամ ապագայում: Ի դեպ, սա նաեւ մեր գենետիկ խնդիրն է. հայերս կա՛մ անցյալում ենք, կա՛մ ապագայում. չենք ուզում ներկան կառուցել: Նաեւ սա է տնտեսական, գիտական ու հատկապես քաղաքական մի շարք խնդիրների պատճառը: Հիշում եմ` մի հոգեւորական, այս թեմայի շուրջ խոսելով, մի առիթով նշել էր. «Օրվա հոգսը բավ է օրվան»:

Վախը ստիպում է չքայլել
Երբ մի աղջիկ փողոցում հանդիպում է մի խումբ տղաների, ինքն էլ բարձրակրունկներով է լինում, մտածում է. «Վա՜յ, հանկարծ չընկնեմ» ու ընկնում է: Այդ վախը ստիպում է չքայլել: Բայց մի ուրիշ աղջիկ, որն ուզում է քայլել բարձրակրունկներով, թեկուզ դժվարությամբ, բայց քայլում է, որովհետեւ ինքն այդպես է որոշել:

Որքան լիքն է կինը, այնքան գեղեցիկ է
Կինը որքան ներքուստ լեցուն է, այնքան գեղեցիկ է` անկախ կնճիռների քանակից: Պլաստիկան, նաեւ ժամանակը անզոր են մարդու ներքինի դեմ: Այն, ինչ թվացյալ դեֆեկտ է, կինը պետք է կարողանա դարձնել էֆեկտ:

Ներկայիս կարգախոսն է`
«Շարժվի՛ր առաջ»
Կարգախոսները, ինչպես մարդը, կյանքի տարբեր էտապներում փոփոխվում են: Ինձ համար միշտ եղել է այս կարգախոսը` «Չվնասե՛լ մարդուն»: Եթե, Աստված չանի, մեկին մի կծու խոսք ասեմ, դրա հարյուրապատիկը վերադառնում է ինձ: Մեկ այլ կարգախոս էլ ունեմ` «Մեզ խանգարողները մեզ կերտողներն են»: Ամենավատ, չար ու նախանձ ընկերուհիդ դեմքիդ շպրտում է, ըստ քեզ, անտեղի մի մեղադրանք, բայց եթե դու դրա մեջ խորանաս, ճշմարտության հատիկ կգտնես, իսկ եթե այդքան ուժդ բավի, որ գտնես այդ ճշմարտությունը, հաստատ կշտկես սխալդ: Իմ ներկայի կարգախոսն է` «Շարժվի՛ր առաջ»: Ես էլ, ինչպես շատերը, եկել, հասել եմ ինչ-որ հոգեբանական փակուղու: Ես որոշել եմ շարժվել առաջ եւ արդեն իսկ փորձում եմ դա անել` առանց ետ նայելու: Կապն անցյալիս հետ, անշուշտ, չեմ կորցնում, բայց անընդհատ հետ չեմ նայում, այլապես ժամանակ կկորցնեմ: Ապրում եմ կյանքիս այս էտապով եւ դրա մեջ փնտրում եմ գեղեցիկը:

 

 

 
«ՀՈՒՍԱՄ` ԱՄԱՆՈՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՄ ԲԵՄՈՒՄ»

«Ժողովուրդ»-ը շարունակում է Ամանորին ընդառաջ ընթերցողներին ներկայացնել հայ հայտնիների հետ զրույցներ, որոնց միջոցով միասին կամփոփենք 2016-ը, կպարզենք` որոնք են եղել մեր զրուցակիցների` այս տարվա ձեռքբերումներն ու կորուստները, ինչո՞վ է չարաճճի կապիկի տարին անակնկալի բերել նրանց եւ ինչ սպասումներ ունեն վերջիններս գալիք տարվանից: Կհետաքրքրվենք նաեւ, թե որտեղ են աստղերը պատրաստվում դիմավորել Նոր տարին` բեմո՞ւմ, թե՞ մեկ այլ միջավայրում: Այսպիսով` մեր հերթական զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է:

-Աննա՛, ստեղծագործական կյանքում 2016-ի ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել:
-Թեեւ ինքս էլ ծնվել եմ կապիկի տարում, 2016-ն ինձ համար այնքան էլ ակտիվ տարի չեղավ: Եթե անկեղծ` մասնագիտական առումով հանգիստ տարի էր: Առանձնապես լայնածավալ գործունեություն չեմ ունեցել, օրինակ` տեսահոլովակ չեմ թողարկել, բայց փոխարենը հայթայթել եւ ձայնագրել եմ մի քանի էստրադային երգեր` ժողովրդական «շեղումով»: Հուսով եմ` հաջորդ տարի կկարողանամ ներկայացնել դրանք` վիզուալ տարբերակով:
-Այս տարվա ամենամեծ անակնկալը Ձեզ համար ո՞րն եք համարում:
-Այն, որ մտերիմ ընկերուհիս` երգչուհի Լուիզա Նավասարդյանը, վերադարձավ հայրենիք` մշտական բնակության:
-2016-ի ամենատպավորիչ ճամփորդությունը ո՞րն էր:
-Դա նոր է լինելու. չէ՞ որ տարին դեռ չի ավարտվել: Օրերս մեկնելու եմ Գերմանիա, լինելու եմ Դրեզդեն եւ Բեռլին քաղաքներում: Առաջին անգամ եմ մեկնելու այդ երկիր, այցիս նպատակը պարզապես հանգստանալն ու Գերմանիան վայելելն է:
-Այս տարի Ձեր ստացած ամենահետաքրքիր առաջարկը ո՞րն է եղել:
-Դա առնչվում է «Վենդետտա» բազմասերիանոց ֆիլմում նկարահանվելուն: Ինձ այդ նոր աշխատանքը բավական գրավեց:
-2016-ի ամենագունեղ արտիստը, ըստ Ձեզ, ո՞վ է:
-Շատ են: Անդրադառնալով համաշխարհային շուկայի ներկայացուցիչներին` կառանձնացնեմ հատկապես Բեյոնսեին, որն այս տարի եւս փայլեց իր աշխատասիրությամբ: Իսկ հայկական շոու-բիզնեսին նախընտրում եմ չանդրադառնալ (ծիծաղում է):
-Ֆինանսական առումով կապիկն այս տարի Ձեր հանդեպ շռայլ գտնվե՞ց:
-Ընդհանրապես չեմ սիրում դժգոհել ֆինանսականից, բայց այդ առումով իրավիճակը կարող էր ավելի լավը լինել:
-2016-ի Ձեր հուսահատությունը ինչի՞ հետ էր կապված:
-Ասեմ, որ շատ օպտիմիստ եմ եւ ամեն վատ բանի մեջ փորձում եմ փնտրել լավը, այնպես որ, նման պահեր առանձնապես չեղան:
-Գալիք տարվա հետ կապված ի՞նչ պլաններ եք կազմում:
-Առհասարակ չեմ սիրում պլաններ կազմել: Ասում են` եթե ուզում ես Աստծուն զվարճացնել, պատմի՛ր նրան քո ծրագրերի մասին:
-2017-ին Ձեր մենահամերգին սպասե՞նք:
-Մենահամերգը շատ ծախսատար է, ես այդքան գումար չունեմ, որ ներդրում կատարեմ, հատկապես, որ վստահ չեմ` այդ գումարը կկարողանամ հետ բերել, թե ոչ:
-Ո՞րն է 2016-ի ընթացքում կարդացած գիրքը, որն անչափ տպավորել է Ձեզ:
-Շատ գրքեր եմ հասցրել ընթերցել, բայց ամենաշատը դուր է եկել «Կապույտ թելերից կծիկը» (հեղինակ` Էնն Թայլեր):
-Իսկ այս տարի Ձեր լսած ամենայուրահատուկ երգը ո՞րն է եղել:
-Ադելի «Hello»-ն:
-Նոր տարին դիմավորելու եք բեմո՞ւմ, թե՞ բեմից դուրս:
-Դեռ չգիտեմ, հուսամ` բեմում: Ես այդպես կուզեմ: Սիրում եմ իմ աշխատանքը եւ ինձ երջանիկ մարդ եմ համարում, կարծում եմ` այսօր քչերին է դա վիճակված:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին գալիք տարվա համար:
-Բարեկեցություն, ժպիտներ ու լավ երաժշտություն:
-Իսկ ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից:
-Խաղաղ երկինք եմ ուզում. մնացածը կարելի է ձեռք բերել:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան պատմել է իր հիվանդության` հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ նոյեմբերին Գագան այցելել էր Նյու Յորքում գտնվող ԼԳԲՏ համայնքի անօթեւան երիտասարդների կենտրոն, որտեղ էլ առաջին անգամ խոսել էր իր հոգեկան հիվանդության մասին. «Երբեք ոչ ոքի չեմ պատմել այդ մասին, սակայն բարությունը, որը բժիշկները, ընտանիքս ու ընկերներս ցուցաբերել են իմ նկատմամբ, իսկապես, փրկել է կյանքս»:

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Օրերս Մայամիում կայացել է Մադոննայի Raising Malawi հիմնադրամի օգտին կազմակերպված բարեգործական երեկոն (հիմնադրամը զբաղվում է Մալավիի երեխաների խնդիրներով), որի ընթացքում էպատաժային երգչուհին հերթական անգամ աչքի է ընկել իր պահվածքով: Նա իր նախկին ամուսին Շոն Պենին խոստացել է ամուսնանալ հետը, եթե վերջինս հիմնադրամին նվիրաբերի 150.000 դոլար: Պենը հաճույքով ընդունել է առաջարկը, սակայն աճուրդում ուրիշն է հաղթել: Ամեն դեպքում, Մադոննան ամուսնական «հիմնի» ներքո Պենին հրավիրել է բեմ, իսկ վերջինս էլ ձեռնաշղթաներ է հագցրել նախկին կնոջը: Դրանից հետո Մադոննան բեմում անկեղծացել է. «Մեր ամուսնության ընթացքում նման պահեր շատ են եղել: Ես դեռ սիրում եմ քեզ»:
Հիշեցնենք, որ Մադոննան ու Շոն Պենը ամուսնացած են եղել չորս տարի: Նրանք ամուսնալուծվել են 1989-ին:

 

 

ԴԱՓՆԵԿԻՐԸ ՄԱՐՏԵՆՆ Է
Բրիտանացի քանդակագործ, նկարչուհի Հելեն Մարտենը դարձել է Թյոռների 2016թ. մրցանակի դափնեկիր (այն շնորհվում է լավագույն ցուցահանդեսի համար): BBC-ն տեղեկացնում է, որ մրցանակային ֆոնդը կազմում է 25 հազար ֆունտ: Նշենք, որ մրցանակն իր անունը ստացել է 19¬րդ դարի բրիտանացի նկարչի պատվին, այն ներկայացնում է ոչ ավանդական արվեստը:




Լրահոս