Երեկ Ազգային ժողովում պետք է տեղի ունենար 2017 թվականի բյուջեի քվեարկությունը, սակայն այն տեղի չունեցավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում քվեարկությունը չկայացավ ոչ թե այն պատճառով, որ որոշ պատգամավորներ աղետի գոտի էին գնացել, այլ այն պատճառով, որ հնարավոր չի եղել ապահովել անհրաժեշտ թվով մասնակցություն՝ բյուջեն կողմ ձայների պատկառելի քանակով անցկացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, ՀՀ պետական բյուջեի միջոցները տարեցտարի նվազում են: Դատելով ստեղծված իրավիճակից՝ հնարավոր է՝ 2017 թվականին արդեն իսկ բացասական բյուջեով կրկին թերակատարում լինի:
-Անընդհատ նվազում բառակապակցությանը կողմ չեմ, բավականին լուրջ հետազոտությունների արդյունքում կազմվել է այնպիսի բյուջե, որ լինի իրատեսական, որը չհամարվի նախընտրական: Ռեալ մեր հնարավորությունները հաշվարկված են, եւ այս բյուջեն, որը զուսպ բյուջե է համարվում եւ կայունացման բյուջե է, սրա հիմնական պատճառը այն է, որ մենք կարողանանք, կայունացնելով մեր տնտեսության իրավիճակը, ապագայի նկատամամբ քայլեր ձեռնարկել: Ինձ թվում է, որ բյուջեն այնպես է կառուցված, որ մենք նման խնդիր չենք կարող ունենալ, իհարկե, ես չեմ բացառում ֆորսմաժորային իրավիճակները: Եթե ամեն ինչ իր հունով գնա, այս բյուջեն իրագործելի բյուջե է, կատարվող բյուջե է, եւ, իհարկե, հիմքեր պետք է լինի՝ հետագա տարիների ընթացքում արդեն աճողականություն ցուցաբերելով:
-Ստեղծվել է մի իրավիճակ, երբ նոր ձեւավորված կառավարությունը դրական փոփոխությունների մասին հավակնոտ հայտարարություններ է անում, սակայն Ազգային ժողով է ներկայացվում մի այնպիսի բյուջե, որը տնտեսական դաշտում մեծ հեղինակություն ունեցող պատգամավոր Հրանտ Բագրատյանը գնահատում է հետեւյալ կերպ. «Վախենում եմ՝ այս կառավարությանն այս բյուջեով ընդհանրապես թաղեք»: Ո՞րն է այս հակասության պատճառը:
-Եթե փոփոխությունների մասին բարձրաձայնվում է եւ նաեւ դրա մասին խոսվեց ՀՀ կառավարության ծրագրում, այդ փոփոխությունները միանգամից մեկ օրվա, մեկ ամսվա ընթացքում իրագործելի չեն: Նախ պետք է ստեղծվեն դրանց հիմքերը, դրանց նախադրյալները, իսկ դրա համար ռեալ իրավիճակը գնահատելով եւ այդ իրավիճակից ելնելով՝ պետք է կազմվեր բյուջեն, որը այս բյուջեն է, որը կազմվել է: Այստեղ ռիսկային գործոնները իջեցված են, եւ այս ժամանակահատվածը պետք է հնարավորություն տա, որպեսզի իրավիճակը կայունացնեն: Ե՛ւ այն ծրագրերը, ե՛ւ այն խոստումները, որոնք որ դրված են, դրանք միտված են ապագային:
-Բայց ակնհայտ է առկա հակասությունը. ՀՀ կառավարությունը այլ խոստումներ է տալիս, իսկ բյուջեն միանգամայն այլ սպասելիքների մասին է խոսում:
-Բայց մենք ոչ մի բան չենք թաքցրել, մեր կառավարությունը եւ մենք հայտարարել ենք, որ այս ծրագրի իրականացումը միտված է ապագային, եւ ապագայում մենք պետք է այն իրականացնենք, այդ իսկ պատճառով մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի կայունացնենք ներկա իրավիճակը: Իսկ մեծ քանակությամբ բյուջեի աճողականությամբ, դիֆիցիտի մեծացմամբ, եթե ներկայացնում ենք բյուջե, մենք այդ իրավիճակում չենք կարող ապագայի մասին որեւէ կառուցողական աշխատանքներ տանել: Շատ բնականոն եմ համարում, շատ նորմալ եմ համարում, այլ խնդիր է, եթե մենք ապագա տարիների ընթացքում տեղաշարժ չունենանք, զգալի առաջընթաց չունենանք, մենք բոլորս մտածելու տեղիք կունենանք:
-Երեկ պետք է տեղի ունենար 2017 թվականի բյուջեի քվեարկությունը, սակայն այն չկայացավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրականում քվեարկությունը չի կայացել ոչ թե այն պատճառով, որ պատգամավորները աղետի գոտի էին գնացել, այլ այն պատճառով, որ հնարավոր չի եղել ապահովել անհրաժեշտ թվով մասնակցություն՝ բյուջեն կողմ ձայների պատկառելի քանակով անցկացնելու համար:
-Երկրաշարժի հետ կապված մենք բավականին գործուղումներ ենք ուղարկել Գյումրի, Սպիտակ, Վանաձոր: Խնդրանք է եղել ե՛ւ ընդդիմության կողմից, ե՛ւ մեր պատգամավորական տարբեր խմբակցությունների կողմից, որ հարգելի պատճառով նրանք պետք է գնան եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեն մեր զոհերին: Դա է միակ պատճառը: Դուք տեսաք դահլիճի իրավիճակը, որ մենք նման խնդիր չունեինք, պարզապես նախնական պայմանավորվածություն էր եղել, մարդիկ նույնիսկ թույլտվություն էին վերցրել, որ պետք է գնային: Եթե նման բան լիներ, օրինակ, երեկ մենք կարող էինք չավարտել: Բայց Դուք տեսաք՝ մենք ելույթ հանեցինք, Գագիկ Մինասյանի ելույթն էր, այսօր կշարունակվեր եւ հետո կլիներ քվեարկությունը, եթե նման միտում լիներ: Այսինքն՝ չի եղել նման միտում, եղել է պատգամավորների խնդրանքը, որ նրանք ազատ գնան եւ մասնակցեն հարգանքի տուրքին:
Հ.Գ. Նկատենք, որ երեկ՝ օրվա երկրորդ կեսին, պատգամավորները մեկը մյուսին հիշեցնում էին, որ չմոռանան, վաղը /այսօր/ անպայման գան, քանի որ քվեարկություն է լինելու, իսկ եթե պատգամավորները ներկա չէին, տեսնելով նրանց օգնականներին՝ զգուշացնում էին, որ անպայման իրենց ղեկավարներին հիշեցնեն:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ Է
Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, Ազգային ժողովի թիվ մեկ թեման «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի եւ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն էր:
Իսկ ինչո՞ւ հենց Ռուբիկ Հակոբյանը: Չէ՞ որ նա մշտապես ԱԺ-ում գոնե հրապարակավ իր վատ տրամադրությունը ի ցույց չի դնում, արտաքուստ իրեն զուսպ է պահում: Ավելին՝ ամեն անգամ ՀՅԴ խմբակցության սենյակ մտնել-դուրս գալուց հետո նրա տրամադրությունը շեշտակի բարձրանում է, դեմքն էլ՝ փոքր ինչ կարմրում: Եւ, ուրեմն, ի՞նչն էր փոթորկել նախկին դաշնակին:
Նա երեկ առավոտից բավական ագրեսիվ էր տրամադրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ, քանի որ մենք լուր էինք հրապարակել այն մասին, որ Հակոբյանին ՀՅԴ-ում չեն ցանկանում հետ ընդունել: Առավոտյան համացանցով վիրավորեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին, իսկ ԱԺ-ում գործի դրեց բռունցքները:
Լրագրող Վահե Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ հարցազրույցից հետո Ռուբիկ Հակոբյանի հետ առանձնացել է՝ հանգիստ խոսելու, տեսախցիկներից փոքր-ինչ հեռու՝ մութ հատվածում: Վահեի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանը մի քանի անգամ հարվածել է իրեն, նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել: Ավելի ուշ Ռուբիկ Հակոբյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն նա հակված չէր խոսելու եւ դուռն ուղղակի փակեց լրագրողների երեսին: Այնուհետեւ ստիպված եղավ պարզաբանել, թե լրագրողն իրեն փորձել է դասեր տալ, դաստիարակել, դրա համար ինքը բարկացել է. «Ես հասկացա, որ ոչ թե լրագրողի հետ գործ ունեմ, այլ խուլիգանի»:
Տեղի ունեցածը տարբեր կերպ մեկնաբանվեց. ավանդաբար լրագրողների գործունեությունից նեղսրտած պատգամավորները հրճվել էին. «Մենք բոլորս Ռուբիկ Հակոբյան ենք» խոսքերով ԱԺ միջանցքներում պտտվում էին, ՀՀԿ-ականներն ուրախ էին, որ այս աղմուկի հետ իրենք կապ չունեն: Բայց առավել ճկունները գիտակցում էին, որ պատգամավորը չպետք է իրեն թույլ տար հարվածել լրագրողին:
Իհարկե, քաղաքական ապագայի անորոշությունը կարող էր նրան սթրեսի ենթարկել, բայց Հակոբյանը ոչ մի դեպքում իրավունք չուներ իրեն անհավասարակշիռ պահելու: Ի վերջո, լրագրողները չեն մեղավոր, որ երբեմնի «սարսափազդու» ընդդիմադիր գործիչն այլեւս պահանջարկ չունի:
Հիշեցնենք, որ 2013-ի մարտի 10-ին «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գեղարքունիքի մարզ մեկնած կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն անակնկալ ելույթ էր ունեցել Վարդենիսում` ասելով, թե մարդկանց վախեցրել են, որ չմասնակցեն հանրահավաքին. «Թուրքերն էլ ժամանակին այսպիսի ստրուկներ են գտել, ինչպես այսօրվա տեղական իշխանիկներն են, որ գան ու մեր հողի մեջ մեր ժողովրդին ասեն, որ դուք չեք ձեր գլխի տերը: Այ, իրենք ներքին թուրքեր են, նրանք իմպոտենտ են…»: Այս եւ մյուս նմանատիպ ելույթները զայրացրել էին մարզի տղամարդկանց: Այրիվանքի գյուղապետը Հակոբյանին Սեւանի հավաքի ժամանակ ապտակել էր՝ հաշիվ պահանջելով, թե ինչպես է համարձակվել ասել, որ «տղամարդ չկա» կամ «թուրքեր են»:
Այնպես որ, անհավասարակշիռ պահվածքը Հակոբյանի մոտ սովորություն է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 27-ին գրել էր, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված հարկային պարտավորությունները «համաներելու» հարցը: Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնց բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել: «Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից համաներման մասին նոր մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես այն, որ «համաներումը» կտարածվի ֆիզիկական այն անձանց վրա, որոնք տեղյակ չեն եղել, որ հարկային պարտավորություններ են ունեցել եւ դրանք չվճարելով՝ հայտնվել են տույժ-տուգանքների հորձանուտում:
Իսկ ի՞նչ անտեղյակության մասին է խոսքը: Օրինակ՝ եղել են քաղաքացիներ, որոնք 1 տարվա ընթացքում 2 անգամ ինչ-որ գույք են վաճառել՝ ինքնաբերաբար հայտնվելով հարկային տիրույթում: Եւ հիմա ՊԵԿ-ը ստիպված է լինելու նոտարական գրասենյակներին տրամադրել հատուկ հուշաթերթիկներ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք գույք են վաճառում, տեղյակ լինեն, թե որ դեպքում են հայտնվելու հարկային դաշտում:
ՈՎՔԵՐ ԽՆԴՐԵՑԻՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 3-ին տեղի էր ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը, որից հետո նիստի մասնակիցները գնացել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ՝ պահանջելով, որ նա վերադառնա քաղաքականություն: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դեկտեմբերի 3-ին Ծառուկյանի առանձնատուն նրա վերադառնալու պահանջով գնացել է նաեւ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը, ըստ տարածված լուրերի, Գ. Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո երկար ժամանակ է՝ «կուսակցության փողերը վերցրել ու հեռացել է»: Ներե՞լ է արդյոք նրան Ծառուկյանը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց որ նա եղել է Ծառուկյանին «աղեկտուր» խնդրողների շարքում, փաստ է:
ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Դեռեւս 2015թ.-ից Համաշխարհային շուկայում նավթի գինը սկսեց էականորեն նվազել: Սակայն ՀՀ-ում չնկատվեց բենզինի գնի նվազում: Այս տարվա հունվարից սկսեց նկատվել բենզինի գնի իջեցում` հունվարին` 4.8 տոկոս, փետրվարին` 2.7, մարտին` 2.7, ապրիլին` 1.8 տոկոս: Իսկ մայիս, հունիս ամիսներին բենզինի գնի աճ նկատվեց, որը պահպանվեց հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է 3.5% եւ 2.9%-ով: 2016թ. նոյեմբերին, 2015թ. նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 15.8% եւ 21.8%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 15.2% եւ 21.4% գնանկում: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: