ՆՈՐԱԳԻՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԵՌ ՉԵՆ ՄՈՒԾՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացվում էր «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակներում բուռն քննարկվեց կուսակցությունների ֆինանսավորման հարցը, թե ինչպես պետք է օրինական ճանապարհով «փող ունենան» կուսակցությունները, որպեսզի ձեռք բերեն քաղաքական ռեսուրս եւ հաղթեն ընտրություններում:

Ինչպես հայտնի է՝ կուսակցությունների օրինական ֆինանսավորման ձեւը անդամավճարներն են ու նվիրատվությունները, որոնք հնարավորություն են տալիս անկախ գործունեություն ծավալել քաղաքական դաշտում, մտնել խորհրդարան եւ այդ ժամանակ միայն ՀՀ կառավարությունից ստանալ որոշակի ֆինանսավորում: Ու այս իմաստով ամենաշահեկան վիճակում մշտապես իշխանական կուսակցություններն են, որոնք իշխանությունը կարողանում են հեշտությամբ վերածել փողի եւ դառնալ «անմրցակից»:
Եվ որպեսզի այդ «վերածումը» օրինական հիմքեր ունենա, օրինակ, իշխող ՀՀԿ-ն կուսակցական պաշտոնական կայքում ՀՀԿ-ին անդամակցելու պահանջների մեջ հստակ գրել է. «Կուսակցության անդամը մուծում է անդամավճար (չափը կամավոր է)», ասել է, թե՝ ում սրտով ինչքան անցնի: Իսկ ինչքա՞ն է անցնում ՀՀԿ-ականների մտքով կամ անցնո՞ւմ է ընդհանրապես:
Պարզվում է՝ այս կուսակցության համար անդամավճարի պահանջը զուտ սիմվոլիկա է, չգործող հրամայական, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը կուսակցականներից ում հարցրեց, թե ինչքան անդամավճար է տալիս ՀՀԿ-ին, ո՛չ տեղյակ էին, ո՛չ էլ երբեւէ վճարել են: Եվ քանի որ հանրապետականները հրապարակայնորեն խուսափում էին խոստովանել, որ վճարումներ չեն կատարում, «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ-ն վերջերս լքած, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության նախկին պետ Արմեն Պապյանի հետ: Վերջինս անկաշկադ նշեց. «Ես երբեք ոչ մի լումա չեմ վճարել, ոչ էլ ինձնից պահանջել են»: Այդ դեպքում ինչպե՞ս է ֆինանսավորվում իշխանական այդ կուսակցությունը, որն ունի գրեթե անսահմանափակ ռեսուրսներ:
«Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե նորագիր ՀՀԿ-ականները, որոնք վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցությունից հետո շտապեցին դիմումներ գրել՝ ՀՀԿ անդամակցելու համար, ինչքա՞ն անդամավճար են տվել:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ եւս 7000 շարքային «գազավիկներ» մեծ շուքով հանրապետականացվեցին:
Ի պատասխան հարցման` Թադեւոսյանը նշեց. «Անդամավճարների մուծման գործընթացը մեզ մոտ կամավոր է, ով հնարավորություն ունի, մուծում է եւ ինչքան ցանկանում է, այդքան է տալիս յուրաքանչյուր ամիս»: Հարցն ավելի կոնկրետացրինք. բարձրաստիճան պաշտոնյաները մուծե՞լ են իրենց անդամավճարները: «Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրեց Թադեւոսյանը՝ ակնհայտ շփոթվելով մեր հարցադրումից: Թե ինչքան կլինի նորագիր կուսակցական պաշտոնյաների վճարելիքը իրենց գաղափարակիր կուսակցությանը, փորձեցինք պարզել նախարարություններից: Ե՛ւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ե՛ւ ՀՀ գյուղատնտեսության նախարարություններից այդպես էլ չպատասխանեցին: Նշենք, որ անգամ տեղյակ չէին, որ պետք է գումար վճարեն ՀՀԿ-ին: Հուսանք՝ առաջիկայում կհայտարարեն այդ մասին:
Նշենք, որ ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Անահիտ Կիրակոսյանը նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի օրը հայտարարեց, որ 2014 ապրիլի մեկից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում անդամավճարներից գոյացել է 622 մլն 211 հազար դրամ: Սրան գումարած, նույն ժամանակահատվածում ՀՀԿ-ն կառավարությունից ստացել է 67 մլն 887 հազար դրամ: Պարզվում է` 2 տարիների ընթացքում ՀՀԿ-ն նաեւ անշարժ գույքի վաճառք է կատարել, որի դիմաց ստացել է 21 մլն դրամ: Թե ի՞նչ անշարժ գույքի մասին է խոսքը, այդպես էլ ՀՀԿ համագումարում չբարձրաձայնվեց:
Միայն հայտնի է, որ նշված ժամանակահատվածում մոտ 160 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ի կողմից իր կուսակից-աշխատողներին վճարվել է 450 միլիոն 941 հազար դրամ որպես աշխատավարձ: Տեղեկացնենք, որ ՀՀԿ-ն, ըստ պաշտոնական կայքի, ունի 10 մարզային կառույց եւ Երեւանի 12 տարածքային կազմակերպություն: Եւ ուշագրավ է, որ 2 տարիների ընթացքում ՀՀԿ-ն ավելի քան 73 միլիոն դրամի գույք է ձեռք բերել: Ինչ գույք, որտեղ եւ ինչ արժեքով, դարձյալ չի նշվում: Բայց պարզվում է` ոչ միայն ՀՀԿ-ին են անդամավճար մուծում, այլ նաեւ ՀՀԿ-ն է անդամավճար մուծում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, Եվրոպայի դեմոկրատ ուսանողների միությանը, Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը, Եվրոպայի երիտասարդության համայնքին: Այդ բոլորին միասին վերցրած ՀՀ-ն վճարում է 5 միլիոն 317 հազար դրամ անդամավճար: Հենց այս գլխապտույտ առաջացնող թվերի մասին էր խոսքը, երբ Կիրակոսյանը զեկուցեց՝ առաջարկելով հաստատել հաշվետվությունը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը տարակուսեց. «Տիկի՛ն Անահիտը, հարգելի՛ գործընկերներ, կուսակցության էսպես չափանիշներով մեծ թվերի մասին է խոսում, հարցեր չունե՞ք, տիկին Անահիտին»: Անգամ այդ դեպքում որեւէ ՀՀԿ-ականի մոտ հարց չառաջացավ:
Ամեն դեպքում, արձանագրենք, որ իշխանական ու բիզնեսի անսահմանափակ ռեսուրսներ ունեցող ՀՀԿ-ի դեպքում ֆինանսավորման թափանցիկության խնդիր է նկատվում:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ֆինանսական դժվարությունների պատճառով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ընտանիքին պատկանող «21tv» հեռուստաընկերությունը շուտով փակվելու է: «Ժողովուրդ» օրաթերթը իր գործընկերներից հերթական բողոքները ստացավ այն մասին, որ այս տարեսկզբից ՀԸ-ում աշխատավարձ ստանալը դարձել է երջանիկ «միջադեպ»: Վերջին անգամ այստեղ աշխատավարձ են ստացել օգոստոսին: Պատճառաբանությունը մեկն է` բավարար գումար չկա:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բոլոր հարցերով զբաղվում են Աշոտ Աղաբաբյանի դուստրն ու փեսան: Երեք օր շարունակ փորձեցինք կապ հաստատել Նաիրա Աղաբաբյանի հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին: Մեր խնդրանքները՝ կապել մեզ տնօրինության ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ, կրկին անտեսվեցին: Տեղում չէին: Արդյոք պատճառը Ա. Աղաբաբյանի՝ հարազատ կուսակցության կողմից լքվելն էր, սնանկությունը, թե այլ՝ լրատվական դաշտում առկա գովազդային ու ֆինանսական խնդիրները, դժվար է ասել: Բայց փաստն այն է, որ «21tv»-ի աշխատակիցները, որոնք ընտանիք են պահում, ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, բողոքողներին էլ զգուշացնում են ազատման դիմում գրել:

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԵՑԸ
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի հետ պայմանագիր է կնքել տարածքի վարձակալության նպատակով: Ընկերությանն ընթացիկ տարվա համար պետական միջոցներից վճարվել է 5 մլն 753 հազար 100 դրամ: Ինչպես հայտնի է՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ՝ Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի սեփականատերը ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանն է, որը տիրացել է շենքին նախարար եղած տարիներին:

 

 

ՊԱՐՏՔՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանի պետական պարտքը այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 596 մլն 300 հազար դոլար: Փաստորեն կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պետական պարտքը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 10.5 մլն դոլարով նվազել է: Մինչդեռ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ պետական պարտքը 10.4 մլն դոլարով աճել էր: Այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ նվազել է նաեւ ՀՀ կառավարության պարտքը՝ 9.4 մլն դոլարով: Ի դեպ, Հայաստանի պետական պարտքի 3 մլրդ 997 մլն 100 հազար դոլարը միայն արտաքին պետական պարտքն է կազմում: Ինչը մեկ ամսվա ընթացքում 47.5 մլն դոլարով նվազել է: Այսինքն` արտաքին պարտքը գոյացել է այն գումարներից, որոնք վերցվել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, օտարերկրյա բանկերից եւ կառավարություններից: Բայց մեկ ամսվա ընթացքում 38 մլն դոլարով աճել է ներքին պարտքը՝ կազմելով 1 մլրդ 101 մլն 300 հազար դոլար: Այն գոյացել է պետական պարտատոմսերի թողարկումից:

 

 
«ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ»
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո շրջանառվեցին լուրեր, որ «Գազպրոմի» աշխատակիցները հերթով անդամագրվում են Հանրապետական կուսակցությանը: hraparak.am-ի տեղեկություններով՝ շրջանառվող խոսակցությունների ֆոնին քննարկվում է նաեւ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանին պատգամավոր դարձնելու հարցը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նույնպես մասնակցել է ՀՀԿ համագումարին՝ ընգրկվելով կուսակցություն:

 

 

«ՄԵԾԱՀՈԳԻ» ՀՀԿ-Ն
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ասել է. «Գագիկ Ծառուկյանի հետ կապված, երբ լինի վերջնական հայտարարություն, մենք կանդրադառնանք: Քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ ու բարեկամներ: Եթե ինչ-որ մեկի հետ խնդիրներ կամ կոնֆլիկտներ ես ունենում քաղաքական դաշտում, ի՞նչ է նշանակում, որ համագործակցության բոլոր եզրերը պետք է վառե՞լ, այրե՞լ կամուրջները: ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, պետք է մեծահոգի լինի: ՀՀԿ-ն պարտավոր է ընդդիմադիր, արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկել, բանակցել, եթե կան առաջարկներ»: Արձագանքելով կարծիքին, թե ՀՀԿ-ն է Գ. Ծառուկյանին վերադարձնում քաղաքականություն, Բաղդասարյանն ասել է. «Դա աբսուրդ է: Խնդրում եմ՝ Գագիկ Ծառուկյանի ինքնուրույն կերպարի վրա ստվեր մի՛ գցեք»:

 

 

ԵՄ ՀԱՏՈՒԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԵՄ-ն հատկացրել է մինչեւ 7 մլն եվրո գումար՝ ի աջակցություն Հայաստանի իշխանություններին՝ կազմակերպելու եւ անցկացնելու ընտրությունները լավագույն միջազգային չափորոշիչներով: Եվ եթե համադրելու լինենք այս աջակցությունը Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության կողմից առանձին ազգային աջակցությունների հետ, ապա կստացվի, որ 90 տոկոս արտաքին ներդրումային աջակցությունը ձեւավորվել է Եվրամիության կողմից: Եվ սա նախադեպ է, որովհետեւ Եվրամիությունը երբեք նախկինում գումար չի հատկացրել առանձին երկրներին հարեւանության գոտում կամ Եվրոպայում, որպեսզի իրենք կազմակերպեն իրենց ընտրությունները: Ինչը նշանակում է, որ Եվրամիությունը սրանով դրսեւորում է իր սիրալիր եւ աջակցող վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ փորձում է աջակցել»»,- «Գալլա»-ի հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին:

 

 

ԱՅԼ ՊԼԱՆՆԵՐ ՈՒՆԵՐ
Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ծանոթացել է արդեն նշանակումից հետո, մինչ այդ ծանոթ չեն եղել: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարն ասել է, որ շատ լավ տպավորություն ունի Խաչատրյանից, սակայն, ինչպես հասկացել է, նրա ընտանիքն այլ պլաններ ուներ:




Լրահոս