ԻՆՉՈՒ Է ԿԻՆԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԱՄՈՒՍՆՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի օրերի ընթացքում մեկը մյուսին հաջորդեցին ընտանեկան բռնությունների մասին ահազանգերը, որոնցից մեկն անգամ ողբերգությամբ ավարտվեց. ամուսինը սպանել էր կնոջը:

ՀՀ քննչական կոմիտեն վերջին երկու ամիսների ընթացքում պաշտոնական մի շարք հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ կինը հաղորդում է ներկայացրել, թե ինչպես է ամուսինը ծեծել իրեն, կամ մեկ այլ դրվագով տղամարդը սպանել իր հետ փաստացի բնակվող կնոջը:
Հիշեցնենք` անցած ամիս էր դեռ՝ մեծ աղմուկ հանեց Ջունգլ անունով հայտնի Գեւորգ Սարգսյանի կողմից կնոջը Երեւանի կենտրոնում ծեծելու դեպքը: Այս լուրը ցնցեց հանրությանը ոչ միայն այն պատճառով, որ հասարակական վայրում ընտանեկան խնդիրներ են պարզաբանվում, այն էլ` այդ ձեւով, այլեւ կինն ամուսնու դեմ հաղորդում էր տվել եւ հայտարարել, թե կատարվածը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր լուսանկարը ինչ-որ անհայտ անձի կողմից հավանելու պատճառով է եղել:
ՀՀ ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում վարձակալած բնակարանում կնոջ դի էր հայտնաբերվել: Պարզվել է՝ նրան սպանել է իր հետ համատեղ բնակվող ընկերը, իսկ տեղի ունեցածի պատճառը խանդն է եղել: Ի դեպ, 37-ամյա կինը եւ նրա 34-ամյա ընկերը Երեւանի բնակիչներ չեն. մահացած կինը ծնունդով Արմավիրի մարզից էր, իսկ տղամարդը՝ Արարատից: Խանդի պատճառով ծագած վիճաբանության թեժ պահին էլ տղամարդը դանակով հարվածել է կնոջ ազդրին, ու թերեւս հնարավոր կլիներ խուսափել ողբերգական հետեւանքից, եթե ժամանակին նա դիմեր բուժօգնության, արդյունքում դանակահարությունից ժամեր անց արնահոսության հետեւանքով կինը մահացել է: Խոսակցություններ կան, որ տուժած կինը վախեցել է շտապօգնություն կանչել` խուսափելով իրավապահների հետ «առերեսվելուց»: «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահներին մոտ կանգնած աղբյուրներից երեկ պարզեց, որ 34-ամյա տղամարդն ինքնակամ է ներկայացել իրավապահներին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է նաեւ, որ վերջին շրջանում եղել են մի շարք հաղորդումներ՝ կապված ընտանեկան բռնությունների հետ: Որպես կանոն՝ հաղորդում ներկայացնողները լինում են ընտանիքների կանայք:
Սակայն նախօրեին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում տեղի ունեցած դեպքը շրջադարձային էր: Պարզվեց` այստեղ դեկտեմբերի 5-ին կինն է դանակահարել ամուսնուն: Ինչն է եղել կնոջ վրդովմունքի պատճառը, ինչի ազդեցության տակ նա գործի է դրել սուր կտրող-ծակող գործիք: Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նախնական տեղեկություններով` ընտանեկան հարցերի շուրջ քննարկումները վերածվել են թեժ վիճաբանության, եւ տաքարյուն կինը գործի է դրել դանակը:
Գյուղապետի փոխանցմամբ` ամուսիններից մեկը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է, մյուսը` Արարատի մարզի Արտաշատ քաղաքից: Նրանք վերջերս են Քաղցրաշեն տեղափոխվել. «Կնոջը չեմ ճանաչում ընդհանրապես, իսկ ամուսինը՝ Իշխանը, խելոք, աշխատող տղա է: Աստծու գառը քեզ օրինակ: Աշխատում էր դաշտում»: Համայնքի ղեկավարը դժվարացավ այլ մանրամասներ հայտնել` պարզաբանելով, որ դեպքից հետո ամուսիններն ընդհատակ են անցել:
«ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ամուսիններն ունեն երկու անչափահաս երեխա՝ աղջիկ եւ տղա: Քաղցրաշեն համայնքում ապրում են վարձով: «Նորմալ ապրող ընտանիք են»,- մեզ հետ զրույցում նշեցին գյուղացիները:
ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կնոջը ձերբակալել են, ապա ազատ արձակել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ: Ամուսինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել:
Գյուղում այս ընտանիքին, կարելի է ասել, ոչ ոք չի ճանաչում, շփում բնակիչների հետ չի եղել: Սակայն կիրթ, համեստ մարդկանց տպավորություն են թողել:
Հ.Գ. Երեկ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ: «Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարեւոր է ընտանիքի անդամների միջեւ հարգանքի սկզբունքի պահպանումը»,- հանդիպմանն ասել է իրապես ավանդական ընտանեկան բարքերը կրող ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը:
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանեկան բռնությունները, համաձայն որի՝ 2015թ.-ին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության եւ ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ԱՂԵՏԻ ԳՈՏԻ ՈՉ ՈՔ ՉԱՅՑԵԼԵՑ
Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարության ներկայացուցիչներից եւ ոչ մեկը դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի օրը, չի այցելում Լոռու մարզ: Փոխարենը կառավարության անդամներն ու նախագահականը բավարարվում են միայն ծաղկեպսակներ ուղարկելով: Աղետի գոտու բնակիչներն այս ամենը վիրավորանք են համարում՝ նշելով, որ երկրի ղեկավարությունը պարզապես երես չունի դեմ-դիմաց կանգնել 88-ի աղետալի երկրաշարժից հետո 28 տարի շարունակ տնակներում ու վթարային շենքերում ապրող բնակիչների դիմաց:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չնայած պետությունն ամեն տարի որոշակի միջոցներ է հատկացնում՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման հարցը լուծելու համար, սակայն աղետի գոտու հետեւանքները դեռեւս վերացված չեն Լոռիում. «2015-2016թթ. լուծվեց դեռեւս տուն չստացած Վանաձորի 14 ընտանիքի բնակապահովման խնդիրը, իսկ այս տարի՝ Սպիտակ քաղաքի մեկ սենյականոց բնակարանի պահանջատերերի հարցը: Ցավոք, գյուղական համայնքներում շահառու ճանաչված դեռեւս 345 ընտանիք սպասում են իրենց խնդրի վերջնական լուծմանը: Հուսով եմ, որ երկրի իշխանությունները գալիք տարում եւս միջոցներ կներդնեն բնակարանի կարիքավոր ընտանիքներին աջակցելու հարցում»,-ասել է մարզպետ Նալբանդյանը:

 

 

ԱՆՊԻՏԱՆ ԿԱՑԱՐԱՆ
Օրեր առաջ Վանաձորի Ուկրշին տնակային ավանում բռնկված հրդեհի հետեւանքով անտուն մնացած ընտանիքներին Վանաձորի քաղաքապետարանը ժամանակավոր կացարան է հատկացրել 4-ից 2-ին նույն տնակային ավանի դատարկ տնակներում: Իսկ մյուս երկու ընտանիքներին քաղաքապետարանից խորհուրդ են տվել տեղավորվել բարեկամների տանը, մինչեւ որ հարցի լուծում գտնեն: Իսկ այն տնակները, որտեղ առաջարկել են ապրել 2 ընտանիքներին, դատարկ են, ապրելու համար տարրական պայմաններ անգամ չկան, այս մասին դժգոհում են իրենք՝ հրդեհի հետեւանքով անտուն մնացած բնակիչները: Նրանց խոսքով՝ տնակները չունեն դռներ, պատերը խոնավ են, կրծողները՝ անպակաս, ինչի արդյունքում շարունակում են ստիպված բնակվել ծանոթ-բարեկամների տներում: Իսկ քաղաքապետարանի կողմից հատկացված տնակները ծառայում են որպես պահեստ՝ հրդեհից փրկած գույքի համար:
Հիշեցնենք, որ Ուկրշին տնակային ավանում հրդեհը բռնկվել էր երկու օր առաջ: Նախնական վարկածով՝ հոգեկան հիվանդ կնոջ պատճառով, ով հրկիզել էր իր տունը, ինչի արդյունքում հրդեհի բաժին էին դարձել նաեւ հարեւան տները: Դեպքի վայր ժամանած Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը խոստացել էր բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարանով, ինչը, փաստորեն, բնակիչների համար անպիտան է:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 
ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Նոյեմբերի 16-ին խստացվեցին եւ ավելացվեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորվածների մեղադրանքները: Փոխվեց նաեւ գործով անցնող Ներսես Պողոսյանի մեղադրանքը` ՀՀ ՔՕ 235-ի 2-րդ մասը փոխարինվեց 235-ի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն չորրորդ անգամ Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց երկամսյա կալանքը երկարացվում է եւս երկու ամսով: Այս որոշումը Պողոսյանի պաշտպանական կողմը բողոքարկել է: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Այն է` Ներսես Պողոսյանը հայտարարել է, թե իմանալով առաջիկա ծրագրերի եւ զենք-զինամթերք պահելու մտադրության մասին՝ հետ է կանգնել խմբի հետ համագործակցելու մտքից: Այս խոսքերի հավաստիությունն իրավապահների ուսումնասիրման առարկա է դարձել: Թե ինչ արդյունք կտա կալանքի որոշման բողոքարկումը, ցույց կտա ժամանակը: Հիշեցնենք` այս տարվա հունիսի 1-ին կալանավորվել է Ավան համայնքի բնակիչ Ներսես Պողոսյանը: Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ «ժողովուրդ»-ը հայտնել էր, որ առերեսման ժամանակ Ներսես Պողոսյանը թքել է գործով մյուս կալանավոր Հովհաննես Պողոսյանի վրա, ով ցուցմունք էր տվել իր դեմ:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ինքնասպանության փորձ է կատարվել: Գյուղի բնակիչներից մեկը իր մոր գերեզմանաքարի մոտ դանակով վնասել է ոտքերը՝ այդկերպ փորձելով ինքնասպան լինել: Բարեբախտաբար, նրա կյանքը հաջողվել է փրկել: Տղամարդուն այդ վիճակում հայտնաբերած համագյուղացիները նրան շտապ տեղափոխել են երեւանյան հիվանդանոցներից մեկը: «Ժողովուրդ»-ը փորձեց դեպքի մասին մանրամասներ իմանալ Մերձավան համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանից: Վերջինս, սակայն, հայտնեց, որ գյուղում կատարվածի մասին որեւէ մեկը չգիտի: Հայտնի չէ նաեւ ինքնասպանության փորձ կատարած տղամարդու ինքնությունը:

 

 

400 ԿՐԱԿՈՑ
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:




Լրահոս