ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ պատմության գիրկն անցնելը` 2016 թվականը շարունակում է անողոք գտնվել եվրոպական երկրների վարչապետների նկատմամբ: Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի ճակատագրին արժանացավ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին: Վերջինիս պետական կառավարման համակարգի փոփոխությունների առաջարկների փաթեթը չարժանացավ հասարակության վստահությանը` ստիպելով վարչապետին սկզբունքային դիրքորոշմամբ հեռանալ իր պաշտոնից: Ի տարբերություն սրա` մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանն ամբողջ վարչական ռեսուրսների կիրառմամբ ջանք չխնայեց՝ սեփական Սահմանադրությունն անցկացնելու համար:

2014թ. ձեւավորելով իր կառավարությունը` Ռենզին ու նրա Դեմոկրատական կուսակցությունը հանդես էին գալիս սահմանադրական փոփոխությունների օգտին: Իտալիայում կառավարման համակարգը խիստ ապակենտրոնացված է: Բավական է արձանագրել, որ Իտալիայի խորհրդարանում գործում են շուրջ 13 կուսակցություններ, ինչը խոսում է քաղաքական համակարգի խայտաբղետության մասին: Քաղաքական բազմաթիվ կուսակցությունների գոյությունը խորհրդարանում հուշում է, որ գործադիր իշխանությունը կազմվում է գերազանցապես կոալիցիաների շնորհիվ, քանզի որեւէ կուսակցության այդպես էլ չի հաջողվում մեծամասնություն վերցնել: Եվ ահա Իտալիայում, որի փորձին հաճախ էին հղում անում 2015թ. Սերժ Սարգսյանի հանրաքվեի պաշտպանները, քաղաքական անկայունությունը դարձել է ավանդույթ: Հայկական իրականության համար խորթ կարող է թվալ, սակայն 2008թ. մինչ օրս Իտալիայում փոխվել է 4 վարչապետ: Իրական պատկերացում կազմելու համար իտալական քաղաքական վայրիվերումների մասին, հարկ է հաշվի առնել, որ այս երկրում կառավարման համակարգի առաջին դեմքը վարչապետն է: Եվ ահա Մատեո Ռենզին, ստանձնելով իշխանությունը, այդպիսի անկայունությունը հաղթահարելու հիմնական ուղին տեսնում էր սահմանադրական փոփոխությունների ճանապարհով վարչապետի եւ գործադիր իշխանության լծակների ավելացումը` ի հաշիվ խորհրդարանի: Այդ կապակցությամբ էլ նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ` պնդելով, որ Իտալիայի տնտեսական դժվարություններն առաջին հերթին կառավարության ու խորհրդարանի միջեւ լծակների անհամաչափ բաշխման հետեւանք են:
Կարող ենք կարծել, որ Ռենզին լրջագույն շտապողականություն դրսեւորեց` առանց հաշվի առնելու երկու կարեւորագույն հանգամանք: Նախ` Իտալիայի բնակչությունը հանրաքվեների ժամանակ խիստ անկանխատեսելի է եւ գերազանցապես քվեարկում է տվյալ պահին ունեցած կարճաժամկետ տրամադրությամբ` առանց հաշվի առնելու հարցի հեռանկարայնությունը: Դրանում քանիցս համոզվել են իտալացի պետական գործիչները: Օրինակ՝ 2006թ. կրկին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բացասական արդյունքներ արձանագրեց այն առաջարկողների համար: Իսկ վիճակագրությունը փաստում է հետեւյալը` Իտալիայում 1946թ. ի վեր անցկացված հանրաքվեներում այո-ն եւ ոչ-ը հաղթանակել են 6-ական անգամ, իսկ եւս 7 անգամ քվորում չի ապահովվել: Երրորդ պարագան եւս նույնչափ կարեւոր է, որովհետեւ խոսքը աշխարհում տիրապետող դարձած միտումներին է վերաբերում: Ինչպես Մեծ Բրիտանիայում, ապա եւ ԱՄՆ-ում փաստվեց՝ հասարակությունը չի ցանկանում հաշտվել կառավարող վերնախավի ցանկությունների հետ եւ քվեարկում է նրանց կարծիքին հակառակ: Ռենզին իտալական քաղաքական դաշտում առավելապես հայտնի էր Եվրամիության մեջ մնալու համոզմունքով եւ այդ շրջանակներում էր տեսնում Իտալիայի զարգացումը: Արդ, նրա պարտությունը թույլ տվեց հակառակորդներին էլ ավելի փութաջանորեն պնդել, որ Իտալիան պետք է լրջորեն մտածի ԵՄ-ում մնալու նպատակահարմարության մասին: Անջատողական տրամադրությունների աճը Եվրոպայում բավականին բացասական հետեւանքներ կարող են ունենալ, ինչն արդեն զգացվում է Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, իսկ առաջիկայում գուցե նույնիսկ Ֆրանսիայում ու Գերմանիայում:
Իսկ Հայաստանում արշալույսները, «բարեբախտաբար», խաղաղ են Հանրապետական կուսակցության կողմից հովանավորվող արեւի ներքո: Եթե արեւմուտքում իշխանությունները հանրաքվեի են դնում իրենց առաջարկներն ու ակնկալում, որ հասարակությունը կողմ կլինի դրանց, ապա Հայաստանում հանրաքվեն եզակիորեն պատահող երեւույթ է, մի անտանելի գլխացավանք իշխանության համար, որից ամեն կերպ պետք է խուսափել: Սերժ Սարգսյանն ու նրա կուսակցությունները 2015թ. ստիպված մի այդպիսի հանրաքվե անցկացրին` «ինչքան ուզեմ, էնքան կխփեմ» նշանաբանի ներքո: Նրանց համար հոգ չէր, որ հասարակության մեծ մասն անտարբեր էր կառավարման համակարգի փոփոխության հանդեպ, իսկ մի ստվար զանգվածն էլ` դեմ: Ամեն միջոց գործադրվեց՝ անցկացնելու համար Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունների փաթեթը, որով իբր հաղթահարվում էր իշխանության կենտրոնաձիգությունը, սակայն իրականում բանաձեւվում էր մեկ մարդու` ՀՀԿ-ի ղեկավարի անձնիշխանությունը: Սահմանադրական փոփոխությունների ինքնանպտակությունն ու արհեստականությունը բացահայտեց նաեւ Սերժ Սարգսյանը, որը սկզբում հայտարարում էր, որ նախագահական համակարգը ապահովում է Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգությունը` ի տարբերություն խորհրդարանականի, իսկ հետո հայտարարեց միանգամայն հակառակը: Ավելին` իր իսկ նախաձեռնած ու քարոզած սահմանադրական փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանը խոսեց հանրաքվեից 2 օր առաջ միայն: Հայաստանում, ինչպես եւ Իտալիայում, հասարակությունը մերժեց սահմանադրական փոփոխությունը /անկախ հանրայնացված պաշտոնական արդյունքներից/: Անշուշտ, այդօրինակ մերժումների հիմքը ոչ այնքան կոնկրետ դրույթների նկատմամբ հասարակական անվստահությունն է, որքան քաղաքական վերնախավի նկատմամբ ունեցած դժգոհությունը: Հետեւաբար ծագում է իշխանության պատասխանատվության ու լեգիտիմության հարցը, որը Իտալիայում լուծվում է առաջին դեմքի հրաժարականով, իսկ Հայաստանում՝ առաջին դեմքի հավերժական իշխանավարությամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 5-ին Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում 2 մոզու գողություն է կատարվել: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից դեպքը բացահայտվել է: Պարզվել է, որ գողություն կատարողը Դիլիջան քաղաքի բնակիչ է, ով մտադրվել էր այս տարվա փետրվարին ծնված մոզիները մորթել, միսը վաճառքի հանել: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը): Այս քրեական հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է 500 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ տուգանքով կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Քրեական գործով քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում:

 

 

 

Ո՞Վ Է ԲՌՆԱԲԱՐԵԼ 62-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակիչ Ա. Ս.-ի դատավարությունը, որին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ այս տարվա ապրիլին մուտք է գործել Իծաքար գյուղի 62-ամյա բնակչուհու տուն եւ բռնաբարել նրան: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վերջինիս պաշտպան Գայանե Զաքարյանն ասաց, որ սկզբում քրեական գործ է հարուցվել մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, հետո՝ բռնաբարության: Պաշտպանի վկայությամբ՝ տուժած կնոջ դեմքին ճանկռվածք է եղել: Գ. Զաքարյանն ասում է, որ իր պաշտպանյալը մոտ 50 տարեկան տղամարդ է, նա բեղեր չունի, սպիտակած մազեր ունի: Իսկ տուժած կինը նկարագրել է, որ իրեն բռնաբարել է բեղերով, սեւ մազերով, 25-40 տարեկան տղամարդ: Գ. Զաքարյանն ասում է, որ քրեական գործով նշանակված համալիր դատական փորձաքննության եզրակացությունը ապացուցում է նավուրցի տղամարդու անմեղությունը: Փաստաբանի վկայությամբ՝ դեպքի ժամանակ կնոջից 7 մետր հեռավորության վրա, տանն է գտնվել կնոջ 22-ամյա աղջիկը, որը չի լսել կնոջ օգնության ճիչերը: Որպես գործով վկա ներգրավված է Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը: Այս քրեական գործով դատական երկրորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԿԱՋԱԿՑԵՆ

Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 23-ին կկայանա «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար կընտրվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու ժամանակ սերտ կապեր է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի՝ Ոսկեպարի, Բարեկամավանի, Կոթիի հետ:

Ս. Օհանյանը վճարել է սահմանամերձ Բարեկամավանի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի գումարը, համայնքային ճանապարհ կառուցելու համար Ոսկեպար համայնքին դիզելային վառելանյութ է տրամադրել եւ այլն: 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Ոսկեպար համայնքի նախկին ղեկավար Երվանդ Եգանյանը եւ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանը չնշանակվեցին իրենց համայնքներում խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի լիազոր ներկայացուցիչներ: Ավելին՝ Գ. Աբազյանը ՏԻՄ ընտրություններից հետո հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը: Սպասվում է, որ Բարեկամավանի եւ Ոսկեպարի նախկին գյուղապետերը կանդամագրվեն Սեյրան Օհանյանի կուսակցությանը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս