Տեւական ժամանակ է, ինչ «Էյր Արմենիա» եւ «Արմավիա» ավիաընկերությունների աճուրդի հանված անշարժ եւ շարժական գույքը չի վաճառվում: Նույնիսկ գնային առաջարկներ չկան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նշված ընկերությունների սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը:
Հիշեցնենք, որ «Էյր Արմենիան» առողջացման ծրագիր էր ներկայացրել, որով սահմանված ժամկետում պետք է որոշակի միջոցներ ներգրավեր: Սակայն, քանի որ դա չստացվեց, նախնական ծրագիրը տապալվեց: «Էյր Արմենիա» ընկերությունը անցած տարվա սեպտեմբերի 21-ից դադարեցրել է թռիչքները ՀՀ-ից դեպի ՌԴ: Իսկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նոյեմբերի 2-ի վճռով «Էյր Արմենիա»-ն սնանկ է ճանաչվել: «Էյչ էս Բի Սի բանկ»-ը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանն էլ բավարարել էր բանկի պահանջը:
Իսկ ահա «Արմավիա» ավիաընկերությունը աճուրդի Է հանել 1999 թվականի արտադրության ինքնաթիռ «Բամբարդի», որը չունի աջակողմյան շարժիչ, ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր: Այն կայանված Է «Զվարթնոց» օդանավակայանում, արժե 172 մլն 200 հազար դրամ: Աճուրդի է հանված նաեւ մի քանի շենքից բաղկացած անշարժ գույք Երեւանում: Շինությունը պատկանում Է «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ին եւ գրավադրված Է «Ամերիաբանկ»-ում, մեկնարկային գինն ավելի քան 1 մլրդ դրամ է: Աճուրդի Է հանվել նաեւ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը՝ գինը 201 մլն դրամ, Ծաղկաձորում հյուրանոցային համալիր՝ մոտ 532 մլն դրամ արժեքով: Վաճառվում են նաեւ ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն:
Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությունները դատարանի որոշմամբ գտնվում են լուծարման գործընթացում: «Էյր Արմենիա» եւ «Արմավիա» ընկերությունների սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ այժմ ակտիվների հավաքագրման գործընթացն է, ինչից հետո դեռ պետք է հստակեցվի, թե որքան ակտիվ է հավաքագրվում, եւ որքան պահանջ է հնարավոր դրանով բավարարել:
Բացի այս, սնանկության գործերով կառավարչի խոսքերով, նշված երկու ընկերությունները գտնվում են նաեւ աճուրդային գործընթացում. նրանք հիմնականում բանկերում տարատեսակ գույք ունեն գրավադրած: «Ընկերությունների՝ աճուրդի հանված գույքերի վաճառքը դժվար է, որովհետեւ դրանք առանձնահատուկ ապրանքներ են, մանավանդ որ ինքնաթիռ է: Իսկ ինքնաթիռի պահեստամասեր Հայաստանում դժվար է վաճառել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Ասատրյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ աճուրդի հանված գույքով հետաքրքրվողներ կան, բայց ռեալ, հավանական գնորդներ այդպես էլ չեն գտնվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ասատրյանը հայտարարեց, որ աճուրդի հանված գույքը վաճառելու նպատակով ինքը բանակցություններ է վարում նաեւ Ռուսաստանի, եվրոպական երկրների, Հարավային Ամերիկայի հետ: «Մենք նույնիսկ դիմել ենք Մերձավոր Արեւելքի երկրներ, որտեղ նմանատիպ ինքնաթիռներ այսօր շահագործվում են, եւ իրենց դա կարող է հետաքրքրել: Այնտեղից նույնպես հետաքրքրվում են, բայց միեւնույն է՝ այս պահի դրությամբ դեռ դրական տեղաշարժ չկա: Մենք չենք սահմանափակվում միայն հայկական գնորդներով, որովհետեւ ՀՀ-ում, ըստ էության, ավիաընկերություն չկա, որին կհետաքրքրի ինքնաթիռների պահեստամասեր եւ այլն»,- լրացրեց Ասատրյանը:
Իսկ ահա «Էյր Արմենիա» ավիաընկերության հետ կապված վերջինս ասաց, որ ընկերության՝ աճուրդի հանված ինքնաթիռը շահագործման համար պիտանի չէ: «Անունն է ինքնաթիռ: «Արմավիա»-ի ինքնաթիռը գոնե ինչ-որ չափով կարելի է շահագործել, իսկ «Էյր Արմենիա»-ինը՝ ոչ: Նշված սնանկացած ընկերությունների պարտատերերը գրեթե ամեն օր «անհանգստացնում» են սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանին. զանգահարում են եւ հետաքրքրվում՝ աճուրդի հանված գույքը վաճառվե՞լ է, թե՞ ոչ. «Պարտադիր իրենց բոլորին ներկայացնում եմ, թե որ փուլում են գտնվում սնանկացած երկու ընկերությունների աճուրդային գործընթացները»:
«Ժողովուրդ»-ը Կ. Ասատրյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում պարտքերի մարման գործընթացը: Հարցին ի պատասխան՝ Ասատրյանն ասաց, որ դեռ դրական տեղաշարժ չկա: Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերության գույքն արդեն երկու տարի է, ինչ աճուրդի է հանվում, իսկ «Էյր Արմենիա»-ի դեպքում իններորդ ամիսն է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՅԾՅԱՄ ԵՆ ՈՐՍԱՑԵԼ
2016 թվականի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Գոշ» տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Նրանց մեջ է եղել Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի բնակիչ Վիգեն Յուրայի Ադամյանը, ով ապօրինի որսացել է այծյամ: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն կատարող անձանց: Տեղում արձանագրություն է կազմվել որսագողության դեպքի մասին: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի որսը, որը պատճառել է խոշոր վնաս»): Վ. Ադամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աննա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունները կեղծ են, անձին միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրելով՝ 2016թ. հունվարի 13-ին կատարել է սուտ մատնություն, որ Իջեւան քաղաքի Բլբուլյան 2-րդ նրբանցքի 17 տան բնակիչ Ս. Ս.-ն պոռնկությամբ զբաղվելու համար իր բնակարանը 2015 թվականի ամռանից մինչեւ 2016թ.-ի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տրամադրել է իրեն: Բացի այդ՝ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունները կեղծ են, անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով՝ 2016թ. հունվարի 13-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2015թ. ամռանը Վանաձոր քաղաքի բնակիչ Մ.Բ.-ն ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ Իջեւան քաղաքի Բլբուլյան 2-րդ նրբանցքի 17 տանից, բռնություն գործադրելով, առեւանգել են իրեն: Ա. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է) եւ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի դեկտեմբերի 14-ին: Դատարանում Ա. Ավետիսյանի շահերը կպաշտպանի Բերդ քաղաքից հանրային պաշտպան Աննա Մեժլումյանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՈՒՂԵՎՈՐԱՀՈՍՔՆ ԱՃԵԼ Է
2016 թվականի նոյեմբերին, 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 29 տոկոս աճ: Իսկ 2016 թվականի հունվար-նոյեմբերին ուղեւորահոսքը կազմել է 1.916.522 մարդ, որը 11 տոկոսով աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նշենք նաեւ, որ «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականի 11 ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 15 848 տոննա ապրանք, որը 84,1 տոկոսով ավել է, քան 2015 թվականին:
ԿԱՇԱՌՔԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ
Առողջապահության նախարարությունը մոտ ժամանակներս հանդես կգա մի նախաձեռնությամբ, որը կլեգալացնի բժշկին որպես շնորհակալություն գումար տալը։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դեկտեմբերի 6-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։ «Փող չվերցնելու հարցը այսպես է… Այո՛, պլան կա: Բժշկության մեջ 70-80 տոկոս դեպքերում գումարը բժշկին տրվում է որպես շնորհակալություն։ Զարգացած երկրներում կա ձեւաչափ, երբ այդ գումարը տրվում է սպիտակ ձեւով, հաշվապահության միջոցով, բժշկի քարտուղարի միջոցով։ Հայաստանում այդ համակարգը չի գործում։ Մենք մոտ ժամանակներս հանդես կգանք նախաձեռնությամբ, որպեսզի լեգալացնենք այդ համակարգը, եւ մարդը, եթե ուզում է շնորհակալություն հայտնել բժշկին, հայտնի այդ շնորհակալությունը դրամարկղի միջոցով, եւ այդ գումարը 10 կամ 15 տոկոս հարկումից հետո լիովին հասնի բժշկին»,- ասել է նախարարը։
50 ՏՈԿՈՍՈՎ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ
Ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման եւ զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: Այս որոշումը օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել ավիաընկերությունների հետաքրքրությունն այս օդանավակայանի նկատմամբ եւ օգտագործել վերջինիս ողջ պոտենցիալը՝ նպաստելով նաեւ Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Իջեցված գները գործելու են բոլոր ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ կիրականացնեն Շիրակ օդանավակայանից:
ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը կնվազի, 10-12-ը աստիճանաբար կբարձրանա: Նշենք, որ մայրաքաղաքում դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: