«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Կտրուկ եւ անկեղծ հարցուպատասխանի միջոցով մենք կփորձենք պարզել` այս փուլում ինչ հայացքով են իրենց կյանքին նայում մեր զրուցակիցները, հետադարձ հայացք նետելով իրենց անցած ճանապարհին` ինչի համար են հպարտանում, զղջում կամ ափսոսում, ինչ նպատակներ են, որ հաջողությամբ իրականացվել են, եւ որոնք են, որ այդպես էլ կյանքի չեն կոչվել: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան Արթուր Հակոբյանն է: Թատրոնի հանդիսատեսը նրան հիշում է Ժորժի (Ր. Շարտի «Կնոջս անունը Մորիս է»), գյուղացի հավավաճառի (Խ. Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը»), Վասիլի (Լ. Շանթի «Կայսրը) եւ այլ կերպարներով, իսկ հեռուստադիտողները ճանաչում են «Վերվարածները», «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղր» եւ այլ նախագծերից:
-Պարո՛ն Հակոբյան, մարդկանց ողջունելու Ձեր յուրահատուկ ձեւը ո՞րն է:
-Թեթեւ, շատ չնչին չափով խոնարհվում եմ:
-Ռեսուրս, որի կարիքն ամենաշատն ունեք:
-Միայն ֆինանս: Եթե դրա պակասը չունենայի, բացի անձնական նպատակներին ուղղելուց` գումարով կօգնեի նաեւ հիվանդ երեխաներին:
-Այս երեք հատկանիշներից ո՞րն է առավելապես բնութագրում Ձեզ` մենակյաց, անհամբեր թե՞ լռակյաց:
-Անհամբեր:
-Ձեր մոլուցքը:
-Խաղաղությանը ձգտելու «մոլուցք» ունեմ:
-Ո՞ր նկարչին կընտրեիք` Ձեր դիմանկարը ստեղծելու համար:
-Մեր ջաջուռեցուն` Մինաս Ավետիսյանին:
-Երբեք չեք հավատացել երազներին, հորոսկոպին թե՞ թուղթուգրին:
-Թուղթուգրին չեմ հավատում: Ի դեպ, իմ երազները հաճախ զգուշացնում են ինձ սպասվելիք ինչ-որ բանի մասին:
-Մեր քաղաքական գործիչներից ո՞ւմ եք համարում հետաքրքիր կերպար:
-Թեեւ քաղաքականությամբ, առհասարակ, չեմ հետաքրքրվում, բայց կառանձնացնեմ Պարույր Հայրիկյանին:
-Ամենաանհավանական, անսպասելի դեպքը, որ Ձեզ հետ երբեւէ պատահել է:
-Առաջին անգամ Սոչիում էի, հյուրախաղերով էի մեկնել: Ինձ հետ էր նաեւ Սեպուհ Ապիկյանը, ու էլի ուրիշ մարդիկ էլ կային: Ռեստորանում նստած էինք, մեկ էլ հայտնեցին, որ մի ռուս աղջիկ ինձ է հարցնում: Երբ նա ներս մտավ, ձեռքին ծաղիկներ կային: Պարզվեց, որ նրա հարեւանուհին հայ էր, եւ այս ռուս աղջիկը նրա հետ հավասար դիտել էր «Վերվարածները» սերիալը` մեր հայրենակցի սինխրոն թարգմանությամբ: Այդտեղից էր ինձ ճանաչում: Եվ ստացվել էր այնպես, որ պատահաբար անցնելիս էր եղել ռեստորանի կողքով ու նկատել էր ինձ: Անմիջապես գնացել էր ծաղկի խանութ եւ շտապել էր մեզ մոտ: Երբեք չեմ մոռանա այդ հաճելի, մի քիչ էլ անհավանական միջադեպը, անակնկալը:
-Մի բան, որի դեմ տարիներ շարունակ պայքարում եք:
-Դա ես եմ. ինքս իմ, նշածս անհամբեր բնավորության դեմ եմ պայքարում:
-Սովորաբար լռում եք այն ժամանակ, երբ…
-Երբ հասկանում եմ, որ ինչ էլ ասեմ, ոչինչ չի փոխվի:
-Ամենազարմանալի բամբասանքը, որ Ձեր մասին լսել եք:
-Տարիներ առաջ խոսում էին, թե իբր Մոսկվայում վթարի եմ ենթարկվել ու մահացել (ծիծաղում է):
-Կորուստ, որի հետ չեք համակերպվում:
-Ծնողներիս բացակայությունը…
-Ի՞նչ նվեր կցանկանաք ստանալ Ձմեռ պապիկից;
-Բնակարան, բայց, դե, դա դժվար լուծելի խնդիր է, չեմ հավատում, որ Ձմեռ պապիկը կարող է գլուխ հանել (ծիծաղում է):
-Ամանորի հետ կապված սովորույթ ունե՞ք:
-Այո՛, արդեն հինգերորդ տարին է` ընտանիքիս անդամների համար Նոր տարվա թեմայով նկարներ եմ անում, իհարկե, սիրողական մակարդակով: Վերջերս արդեն փոքրիկների համար էլ եմ նկարում:
-Շարունակեք միտքը. «Կյանքն ինքնին կարճ է, այնինչ…»
-Այնինչ մահն է երկար…Երբեմն այդ մտքով ապրելը կամ դրան սպասելն ավելի երկար է տեւում, քան կյանքը վայելելու պահը:
«ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ 2017-ԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԼԻԿՆ ՈՒՆԵՆԱԼ»
Արտիստների համար Ամանորը բեմում դիմավորելը դարձել է սովորական երեւույթ, կենսաձեւի մի մաս: «Ժողովուրդ»-ը Նոր տարվան ընդառաջ հայ հայտնիներից հետաքրքրվում է` ինչպես են նրանք պատրաստվում նշանավորել տոները, որտեղ են անցկացնելու Ամանորը եւ ում հետ: Հետաքրքիր է իմանալ նաեւ` ինչ ակնկալիքներ ունեն աստղերը 2017-ից, ինչ նպատակներ են իրենց առջեւ դնում եւ ինչ երազանքներ են պահում:
Կրկեսի արտիստ, պարուհի եւ երգչուհի Թինա Քեյը Ամանորի գիշերը դիմավորելու է Ղրիմում, բեմի վրա. ««ԹԻ Քեյ» պարային խմբի հետ հանդես ենք գալու Ղրիմի կենտրոնական համերգասրահում, ինչպես նաեւ` կոորպորատիվ միջոցառումների շրջանակներում: Ի դեպ, մինչեւ հունվար ամիսը խմբիս հետ համերգներով լինելու ենք նաեւ Մոսկվայում»,-պատմեց Թինան:
Մենք հետաքրքրվեցինք` արտիստի համար դժվար չէ, արդյոք, տարիներ շարունակ տոներն ընտանիքից հեռու անցկացնելը. «Դա, իհարկե, տխուր հանգամանք է, բայց ընտանիքն էլ պետք է հասկանա, որ դու իրենից հեռու ես` հանուն իր իսկ բարեկեցության: Բացի այդ` ես իմ աշխատանքը մեծագույն հաճույքով եմ անում. առանց իմ մասնագիտության ես գոյություն ունենալ չեմ կարող: Եվ հետո, ասեմ, որ Ղրիմի մեր ելույթներից հետո միանալու եմ ընտանիքիս եւ միասին գնալու ենք Մոսկվա: Կարծում եմ` մեր դստերը կկարողանանք տանել ամենատարբեր հեքիաթային ներկայացումների: Աղջիկս կուրորեն հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը, դե, իսկ «ձմեռպապիկներն» էլ ջանք չեն խնայում, որ նրա բոլոր ցանկություններն ի կատար ածվեն»,-մեկնաբանեց Թինան:
Հարցին, թե ամանորյա եռուզեռի մեջ ինչը կամ որ պահն է ամենաշատը սիրում, Թինան պատասխանեց. «Եթե խոսքը վերաբերում է նյութականին, ապա պասուց տոլման, իսկ եթե հոգեւորին, ասեմ, որ Ամանորն ինձ համար մի փոքր էլ տխուր տոն է. չէ որ գիտակցում ես, որ քո կյանքից մի տարի էլ անվերադարձ գնաց»:
2017-ի հետ կապված պարուհին մի շարք երազանքներ է պահում. «Մի քանի գլոբալ երազանքներ ունեմ` որ մեր երկրում խաղաղություն լինի, սահմանին կանգնած զինվորը ոչնչի կարիք չունենա եւ առողջ վերադառնա իր ընտանիք, հայ ժողովուրդն էլ ապրի բարեկեցիկ կյանքով: Մի անձնական երազանք էլ եմ պահում. շատ կցանկանայի 2017-ին երկրորդ բալիկն ունենալ. սեռն էական չէ: Աստված առաջ»,-եզրափակեց Թինան:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ
Rolling Stone ամերիկյան պարբերականը հրապարակել է 20 լավագույն կինոնկարների ամենամյա վարկանիշը: Հրատարակության կայքում տեղադրված ցուցակից տեղեկանում ենք, որ առաջին հորիզոնականում հայտնվել է «Լա¬Լա Լենդ» երաժշտական մելոդրաման` Ռայան Հոսլինգի եւ Էմմա Սթոունի մասնակցությամբ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Քենեթ Լոներգանի «Մանչեսթրը ծովի մոտ» ժապավենը (գլխավոր դերակատար` Քեյսի Աֆլեք): Լավագույն եռյակը եզրափակել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» դրաման:
Նշենք, որ առաջին տասնյակում հայտնվել են նաեւ Դենզել Վաշինգտոնի «Ցանկապատները», Մարտին Սքորսեզեի «Լռությունը», «Ջեքի», «Հուդզոնի հրաշքը» ֆիլմերը, ինչպես նաեւ «Լավինգ», «Ամեն գնով» եւ «Ազգի ծնունդը» կինոնկարները: Վարկանիշը եզրափակել է «Գազանաքաղաք» մուլտֆիլմը:
ԲԵՅՈՆՍԵՆ` 9 ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
Ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի 2017» երաժշտական մրցանակաբաշխության՝ ամենաշատ թվով անվանակարգերում (9 անվանակարգ) ներկայացված աստղն է: The Guardian-ը թվարկել է կարեւոր անավանակարգերից մի քանիսը` «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ»:
Ի դեպ, 8-ական անվանակարգերում ներկայացված են ռեփերներ Քանյե Ուեսթը, Դրեյքն ու երգչուհի Ռիհանան: Իսկ երգչուհի Ադելը ներկայացված է 5 անվանակարգում:
Հավելենք, որ «Գրեմմի-2017»-ը տեղի կունենա փետրվարի 12-ին:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈԴԵԼԸ
Մեծ Բրիտանիայի նորաձեւության խորհուրդը Ջիջի Հադիդին ճանաչել է տարվա մոդել: Glamour UK¬ն տեղեկացնում է, որ 21-ամյա Հադիդը Լոնդոնում` The Fashion Award 2016 մրցանակաբաշխության ժամանակ, ստանալով մրցանակը` անակնկալի է եկել եւ հազիվ է զսպել արցունքները: Նշենք, որ տվյալ անվանակարգում Ջիջին առաջ է անցել այնպիսի մրցակցուհիներից, ինչպիսիք են Ադվոա Աբոան, Լինեյսի Մոնտերոն, Քենդալ Ջենները եւ Բելլա Հադիդը:
Հիշեցնենք, որ 2015-ին լավագույն մոդել էր ճանաչվել Աննա Էվերսը: