ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
1988թ. երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել էր Գյումրի: Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո վարչապետը հանդիպեց գյումրեցիների հետ: «Մեկս մյուսին քոմակ անելով՝ էս երկիրը պետք է դզվի, ուրիշ տարբերակ չկա, որեւիցե մեկը չի գալու, մեր երկիրը սարքի»,-հավելել է վարչապետը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ուսուցիչ աշխատելու համար ի՞նչ է հարկավոր: Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ:
Նելլի Մխիթարյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:
Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ պաշտոնական տվյալների՝ 2011-2012 ուստարում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 41 հազար 757 ուսուցիչ, 2012-2013թթ.-ին՝ 40 հազար 830 ուսուցիչ: 2014-2015 ուստարում ուսուցիչների թվաքանակը Հայաստանի hանրակրթական ուսումնական հաստատություններում կազմել է 39 հազար 18, իսկ արդեն նախորդ՝ 2015-2016 ուստարում՝ 38 հազար 690:
ՀԱՐՑ. Հուլիսին տատիկս մահացել է: Մեր տունը գրանցված է եղել նրա անունով: Խնդրում եմ ասեք՝ մենք հիմա ինչպե՞ս պետք է իրականացնենք նրա ժառանգության անվանափոխությունը: Նշեմ, որ դեռ չի լրացել սահմանված ժամկետը (6 ամիս): Ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն գումար է նախատեսված՝ ժառանգության անվանափոխությունն իրականացնելու համար:
Վահագն Հարությունյան (30 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացու կողմից ուղղված հարցին՝ հայտնում ենք հետեւյալը.
նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Անշարժ գույքի մեկ միավորի նկատմամբ ժառանգության իրավունքի գրանցման համար վճարի չափը կազմում է 25000 դրամ, պետական տուրքի վճարի չափը կազմում է 1000 դրամ:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա՝ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետում: Ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգը կարող է ժառանգությունն ընդունել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ, որը պետք է ներկայացվի գրավոր: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի՝ նախկինում տված ժառանգության վկայագիրը չեղյալ համարելու եւ նոր վկայագիր տալու համար: Ի դեպ, եթե մեկ կամ մի քանի ժառանգներ զրկված են օրինական ժառանգության իրավունք տվող ազգակցական կապի մասին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ապա նրանք կարող են ներառվել ժառանգության իրավունքի վկայագրում մնացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով: