Վանաձոր համայնքի ավագանու՝ երեկ հայտարարված արտահերթ նիստը կրկին չի կայացել քվորում չլինելու պատճառով: Նիստին ներկա են եղել ավագանու ՀՀԿ-ական 13 եւ ՀՅԴ-ական 2 անդամները, իսկ ահա «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների անդամները բոյկոտել են նիստը՝ պարզապես չներկայանալով:
Արտահերթ նիստի օրակարգով առաջարկվում էր բյուջեում փոփոխություններ կատարել դեկտեմբերի 5-ին Վանաձորի Ուկրշին տնակային ավանի թիվ 4 բարաքի հրդեհվելուց հետո անօթեւան մնացած 5 ընտանիքներին աջակցելու նպատակով: Առաջարկվում էր բյուջեից հատկացնել 1,5 մլն դրամ գումար՝ այդ ընտանիքների համար բնակարան վարձակալելու համար:
Չկայացած նիստի ավարտին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե որտեղ են ավագանու անդամները, ասել է.«Ես հո օպերատիվ-հետախուզական ծառայությունից չեմ, իրենք պետք է զբաղվեն ավագանու մյուս անդամներին հայտնաբերելու գործով, ես քաղաքապետ եմ: Ես իմ լիզարություններն ունեմ… երեւի մի հյուրանոցում կլինեն, էլի»,- ենթադրել է քաղաքապետն ու նշել, որ ստեղծված իրավիճակն իրեն եւս դուր չի գալիս:
Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀԿ-ն՝ Ասլանյանի գլխավորությամբ, ամեն դեպքում կարողացավ ընտրությունների օրը բավարար չափով քվեներ ապահովել, այսօր ինչո՞ւ չի կարողանում «համոզել» ավագանու անդամներին գալ ու մասնակցել նիստերին, Ասլանյանը պատասխանել է. «Մենք ոչ մի բան չենք ապահովել, մենք օրենքով նախատեսված մեր լիազորություններն ենք կատարել ու կազմակերպել փակ գաղտնի քվեարկություն, ոչ ավելին»:
Ստեղծված իրավիճակը քաղաքապետը անվանել է քաղաքական կուլտուրայի նոր ձեւ՝ հույս հայտնելով, թե. «Այսօր մեծամասնություն չունենք, վաղը կունենանք: Ընտրությունը եղել է օրինական»: Լրագրողների այն դիտարկմանը, թե քաղաքապետի ջանքերը, որոնց մասին նա վերջերս բարձրաձանել էր՝ հավաստիացնելով, որ քայլեր են ձեռնարկվում ավագանու մյուս ուժերին նիստերին բերելու ուղղությամբ, փաստորեն անարդյունք են, Ասլանյանը հորդորել է չշտապել՝ նշելով, որ արդյունքները գուցե մի քիչ ուշ երեւան:
Ավագանու նիստը բոյկոտած «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը ստեղծված իրավիճակն անվանում է նոր քաղաքական միջավայր՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է, աննախադեպ է իր տեսակով. «Մեր բոյկոտի իմաստն այն է, որ ի հայտ գան Հանրապետական կուսակցությանը մեծամասնություն դարձրած ավագանու 4 անդամները, ովքեր մինչ այս պահը ի հայտ չեն գալիս: Իսկ եթե Հանրապետական կուսակցությունը չունի մեծամասնություն, հետեւաբար չունի նաեւ քաղաքը կառավարելու մանդատ: Եվ փորձել մարդկանց դժբախտությունը շահարկելով նիստ գումարել, որ իբր սա քաղաքականության հետ կապ չունի, կամ չգիտեմ ինչ, անընդունելի ու անհավատալի է: Մեզ համար այս պրոցեսը հենց սկզբից եղել է քաղաքական եւ շարունակում է մնալ քաղաքական: Իսկ այդ մարդկանց օգնելու, օժանդակելու հետ կապված, բնականաբար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քայլեր կանի, ինչի մասին բոլորդ կտեղեկացվեք»,-ասել է Քրիստ Մարուքյանը:
Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամ Հրանտ Մարգարյանի խոսքով՝ իրենք կներկայանան նիստերին նախաձեռնող խմբից՝ «Լուսավոր Հայաստանից» հետո միայն: Մարգարյանը նաեւ վստահեցնում է, որ կուսակցությունը մասնակցելու է քաղաքի բնակչության համար իրականացվելիք բոլոր նախաձեռնություններին:
Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ապա վերջինիս ավագանու անդամներից մեկնաբանություն ստանալ այդպես էլ չհաջողվեց:
Ու մինչ Վանաձորում քաղաքապետի աթոռը այդպես էլ չկիսող կուսակցությունները շարունակում են քաղաքական պայքար մղել, աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքները, որտեղ նաեւ մանկահասակ երեխաներ կան, շարունակում են ապրել բարեկամների ու ծանոթների տանը՝ զրկված լինելով պետական աջակցությունից: Փոխարենը քաղաքական ուժերը գրեթե ամեն օր այցելում են հրդեհված տնակային ավան, սելֆիներ անում ու տարածում սոցիալական ցանցերում՝ հայտարարելով, թե իրենք այցելել են ու ծանոթացել բնակիչների խնդիրներին:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր