Երեկ ՀՀ Ազգային Ժողովում պետք է կայանար ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը, սակայն լրագրողները համախմբվեցին ու որոշեցին ձախողել այն:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը ոչ հաճելի հարցեր էր տվել նախկին դաշնակցական, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին: Վերջինս լրագրողին կանչել էր ավելի մութ հատված, որտեղ չկան տեսախցիկներ, եւ հարվածել էր նրա դեմքին՝ ակնհայտորեն վնասելով նրա աչքը:
Այս դեպքից հետո նա հայտարարեց, թե «ես հասկացա, որ գործ ունեմ ոչ թե լրագրողի, այլ խուլիգանի հետ», այնուհետեւ ԱԺ-ում ներողություն խնդրեց խորհրդարանից, այլ ոչ թե լրագրողներից:
Եւ ահա երեկ, երբ նա երկար-բարակ մտածել էր՝ ինչպես պատճառաբանել իր պահվածքը, որոշել էր ժամը 13:30-ին Ազգային ժողովի 334 սենյակում մամուլի ասուլիս հրավիրել: Նա, մինչ լրագրողների հետ նշանակված հանդիպումը, ԱԺ միջանցքներում իր գործընկներների հետ ոգեւորված քննարկում էր, թե ինչ պետք է խոսի, ինչպես ներկայացնի իր հետ տեղի ունեցած միջադեպը: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատել է, թե ինչպես էր նրան խորհուրդներ տալիս ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Սակայն լրագրողական համայնքը միասնական դիրքորոշում որդեգրեց եւ մեկ մարդու պես բոյկոտեց ասուլիսը: 334 սենյակում էին միայն ԱԺ լրատվական ծառայության աշխատակիցները, որոնք պարզապես արձանագրեցին, որ Ռուբիկ Հակոբյանի ասուլիսին հայաստանյան որեւէ լրատվամիջոցի ներկայացուցիչ չմասնակցեց:
Նկատենք, որ պատգամավորը ներս մտնելիս անցավ խմբված լրագրողների միջով, գնաց, նստեց ասուլիսի սրահում եւ «մանթրաժ» դուրս եկավ, դարձյալ քայլեց լրագրողների ու տեսախցիկների զգոն հայացքի ներքո եւ գնաց իր աշխատասենյակ:
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ լրագրողական հանրությունը օրինակելի համերաշխություն դրսեւորեց եւ «պատժեց» հանդուգն պատգամավորին: Ու եթե այսպիսի համախմբվածությամբ նույն լրագրողները դադարեին լուսաբանել, օրինակ, ոստիկանության աշխատանքները (այն ոստիկանության, որը Սարի թաղում նպատակաուղղված կազմակերպեց լրագրողների ծեծը), բոյկոտեին ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների լուսաբանումը, որը լրագրողների ծեծի գործերը տարիներով «քնեցնում է», բոյկոտեին նաեւ լրագրողներին ԱԺ-ում եւ համացանցում նպատակաուղղված վարկաբեկող մյուս տարրերին, ապա այսօր ավելի այլ մթնոլորտում կապրեինք:
Բայց, ինչպես ասում են, կարեւորը այսօրվա պառակտված դաշտում գրանցված հաճելի միասնականությունն է, որը կարող է դառնալ այն հիմնաքարը, ինչի վրա շատ այլ գործընթացներ կզարգանան:
Թամարա Միքայելյան