Քննարկվել են տավարաբուծության զարգացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն հանրապետության խոշոր տավարաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք:

«Խորհրդակցության նպատակն է ձեզ հետ` որպես ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, քննարկել տավարաբուծության զարգացման հնարավորությունները, լսել ձեր մոտեցումները, և համատեղ քննարկման արդյունքում ճշգրտել պետական աջակցության այն ուղղություններն ու մեխանիզմները, որոնց միջոցով կարող ենք անասնաբուծությունը մեր երկրում ֆերմերի համար հետաքրքիր ու շահավետ ոլորտ դարձնել»,- իր խոսքում -նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը մասնավորապես խնդրել է խորհրդակցության մասնակիցներին ներկայացնել իրենց կարծիքը` 2007-2015 թվականների ընթացքում իրականացված տավարաբուծության զարգացման ծրագրի արդյունքների վերաբերյալ, որի շրջանակում ներկրվել են տոհմային երինջներ և տարաժամկետ վճարման պայմաններով տրամադրվել գյուղացիական տնտեսություններին: Իգնատի Առաքելյանը հավելել է, որ այս պահին քննարկման փուլում է ծրագրի վերսկսման գործընթացը, և նախարարության համար առաջնային հարցերից է այն առավել արդյունավետ իրականացնելու խնդիրը` նպատակ ունենալով էականորեն զարգացնել տոհմաբուծությունը, որի արդյունքում կբարձրանա գյուղատնտեսական կենդանիների կաթնատվությունը և մթերատվությունը

Տավարաբուծական ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ այս փուլում երինջների ներկրումներ իրականացնելը նպատահարմար չէ, քանի որ փորձը ցույց է տվել, որ ներկրված կենդանիները դժվար են հարմարվում տեղի բնակլիմայական պայմաններին, չեն արդարացնում ակնկալիքները, մինչդեռ մեր երկրում ծնված առաջին վերարտադրության սերնդի կենդանիներն արդեն նման խնդիրներ չունեն, նրանց խնամքը կազմակերպելն առավել հեշտ է և բարձր կաթնատվություն ու մսատվություն են ապահովում:

Ամփոփելով քննարկումների արդյունքները` նախարարն ընդգծել է, որ պետությունը կօժանդակի տեղի տոհմաբուծական ընկերությունների ներուժի և ռեսուրսների զարգացմանը` Հայաստանում ծնված առաջին վերարտադրության սերնդի տոհմային կենդանիների հաշվին ապահովելով տոհմաբուծության հետագա զարգացումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս