
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր, Եվրոդիպ տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Մինասյանի հետ, ով Երևանի քաղաքապետին է հանձնել Եվրոդիպ հյուրանոցային և տուրիստական դպրոցների ասոցիացիայի տնօրենների խորհրդի մրցանակը: Երևանի քաղաքապետարանն այդ մրցանակին է արժանացել այս տարվա հոկտեմբերի 13-16-ը մայրաքաղաքում անցկացված Եվրոդիպ 23-րդ երևանյան միջազգային համաժողովի կազմակերպման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու և Երևան քաղաքի տուրիզմի ոլորտին մշտապես ուշադրություն դարձնելու համար:
Համառոտ ներկայացնելով համաժողովի ժամանակ քննարկված հարցերի շրջանակը՝ Ռոբերտ Մինասյանը նշել է, որ միջազգային համաժողովին մասնակից տուրիզմի ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչներ քննարկել են տուրիզմի և հյուրընկալության ոլորտներում պրոֆեսիոնալ ու բազմակողմանի մասնագետների պատրաստումը, որի առումով Երևանն արդեն իսկ խոսուն քայլեր է անում միջազգային հարթակում:
Շնորհակալություն հայտնելով մրցանակի, ինչպես նաև միջազգային համաժողովը կազմակերպելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ նման համաժողովներն իրենց հերթին նպաստում են միջագզային հարթակներում Երևանի՝ որպես զբոսաշրջային քաղաք դիրքավորմանը: Կարևորելով Հայաստանի տուրիզմի ինստիտուտի դերն ու նշանակությունը՝ սպասարկման և հյուրընկալության ոլորտներում մասնագետների պատրաստման գործում, քաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի աջակցել ինստիտուտի ծրագրերին:
Ռոբերտ Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը մշտապես ներգրավված է ինստիտուտի գործունեությանն ու հույս է հայտնել, որ առաջիկայում կմշակվեն համատեղ ծրագրերի իրականացման նոր նախագծեր: