
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը եւ «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը միավորվելու են, եւ արդյունքում ստեղծվելու է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:
Նշված ՊՈԱԿ-ները միավորվելու են, քանի որ երկուսն էլ իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերը ու աշխատանքները: Այսինքն՝ այսքան տարիներ անհիմն գործում էին երկու կազմակերպություններ, որոնց գործառույթները, ըստ էության, նույնն էին: Նշենք միայն, որ նախատեսվող փոփոխությունը կբերի կազմակերպությունների 3 մեքենաների եւ 9 աշխատատեղերի կրճատմանը, արդյունքում տնտեսվող գումարի մոտավոր չափը կկազմի 106.9 մլն դրամ: