Լոռիում երեկվանից տեղացող ձյունը մինչ այս պահը կաթվածահար վիճակում է պահում մարզի միջհամայնքային ու միջպետական ճանապարհների վիճակը: Դեռ առավոտից արդեն իսկ դժվարանցանելի էին մարզի Վանաձոր-Ստեփանավան և Սպիտակ-Երևան ավտոճանապարհները: Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին առավոտյան խցանման մեջ էին հայտնվել շուրջ 150 մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ: Ճանշինականների աշխատանքներին խոչընդոտում էր առատ ձյունը: Ողջ օրը պակաս դժվարանցանելի չէր նաև Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը՝ հատկապես Ջաջուռ գյուղի մոտակայքում ուժեղ ձնաբքի պատճառով: Ժամեր շարունակ երկկողմանի փակ է եղել Սպիտակ-Երևան ավտոճանապարհը՝ Սպիտակի ոլորանների և Ծիլքար գյուղի տարածքում:
Շուրջ 5 կմ ձգվող խցանման մեջ էին մնացել 300-ից ավել մեքենաներ: Ճանապարհային ոստիկանների, փրկարարների ու ճանշինականների ջանքերով մոտ 20 րոպե առաջ Սպիտակ-Եչրևան ավտոճանապարհը բացվել է, չնայած որ այն շարունակում է մնալ դժվարանցանելի: Մի քանի տասնյակ մեքենաներ էլ հայտնվել են խցանման մեջ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում: Այս պահին դեպքի վայրում են Լոռու փրկարարներն ու ՃՇՇ-ի աշխատակիցները: Այս պահի դրությամբ երկկողմանի փակ է Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը: Մեր թղթակցին ահազանգած քաղաքացու խոսքով՝ խցանման մեջ հայտնված մեքենաների թիվը գերազանցում է 400-ը:
Խցանումն առաջացել է կողաշրջված մի բեռնատարի պատճառով: Նկատենք, որ տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել նաև Վանաձորի քաղաքային ճանապարհները՝ դառնալով մի քանի տասնյակ վթարների պատճառ: Արտակարգ ռեժիմով են աշխատել նաև շտապօգնության բրիգադաները: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը ArmLur.am-ին քիչ առաջ հայտնեց, որ երեկվանից մինչ այս պահը փրկարարական վարչություն ստացվել է 600-ից ավել ահազանգ: Մարզային վարչության ջոկատները աշխատում են արտակարգ ռեժիմով:
Էդվարդ Արզումանյան