Այսօր վիպասան Հայկ Խաչատրյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Խաչատրյանը ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Դահրավ գյուղում։ Ծագում է իշխանական տոհմից։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1943 թ. ,,Սովետական Ղարաբաղ՛՛ թերթում։

Շուշիի մարկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո 1945 թ. ընդունվել և 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1952-1954 թթ. եղել է Ղափանի շրջանի ժողովրդական կրթության բաժնի վարիչը։ Միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ղափան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

1955-1959 թթ. աշխատել է Ղափանի ,,Պղնձի համար՛՛ և ,,Քաջարան՛՛ թերթերի խմբագրություններում։ 1960-1965 թթ. աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (այժմ՝ Արմենպրես) որպես թղթակից, բաժնի վարիչ։ 1964-1965 թթ. եղել է Արմենպրեսի գլխավոր խմբագիրը, 1965-1971 թթ.՝ «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալը։ 1971 թվականից աշխատում է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում՝ սկզբում որպես գիտական և գրական հսկողության բաժնի վարիչ։ 1976 – 1979 թթ. եղել է Հայկական սովետական հանրագիտարանի պատասխանատու քարտուղարն ու գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից՝ պատասխանատու քարտուղարը։ Մահացել է 2001 թվականի վերջին 75 տարեկանում։

Առաջին գիրքը («Տիգրան Մեծ») լույս է տեսել 1967 թվականին։ Երևանի հիմնադրման 2750-ամյակին է նվիրված «Էրեբունի» վեպը (1968)։ Այնուհետև տպագրվել են «Տիգրան Մեծ» (Ա և Բ մասերը մեկ գրքով, 1972), «Արտավազդ» (1975), «Արտաշես» (1980), «Քերթողահայրը» (1985), «Խաշխաշ» (1987), «Երվանդ Սակավակյաց» (1989), «Տրդատ Մեծի խաչը» (1996), «Վաչագան» (1998), «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը»(1999) «Կիլիկյան Հայաստանի երևելիները» (2001), «Հայոց առաջին արքան» (2005) պատմավեպերը, «Վանատուր» (1978), «Հացապատում» (1984), «Սոսյաց անտառ» (1988), «Արքայապատում» (1996), «Հայոց թագուհիները» (1998), «Հայոց հնօրյա զվարճախոսները» (2005), «Հազարագիտարան» (2003), «Հայուհիներ:

Գրել է նաև Հայաստանի սովետական գրողների միության «Գրական տեղեկատու» (1975, երկրորդ հրատ.` 1981, երրորդ հրատ.` 1986) և «Հայկական օրացույցների և տարեցույցների մատենագիտություն. 1513-1973» (1976) գրքերը։ Դեռևս անտիպ են Հայկ Խաչատրյանի «Թեժ եկեղեցի», «Նեմրութի գաղտնիքը», «Հայոց աստվածների Ամանորը» պատմավեպերը, «Հայ բարերարներ», «Հայուհիներ», «Հայոց ամենախելոք խոսքը» պատումաշարերը և այլ գործեր։




Լրահոս