2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին պայմանագիրը։ Քաղաքական աղմուկի մեջ սույն համաձայնագրի կնքման փաստն ու դրա առանցքային մանրամասները բավարար ուշադրության չարժանացան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ջանքերով հայ-ռուսական վերոնշյալ համաձայնագիրը արդեն իսկ հրապարակվել է։
Թվում է՝ վատ գաղափար չէ միասնական զորախմբի ստեղծումը, որ կարող է կատարել տակտիկական կամ մարտավարական այնպիսի առաջադրանքներ, որոնց պետական զինված ուժերի պաշտոնապես մասնակցելը կարող է ասոցացվել պատերազմի հասկացությանը։ Ինչպես հայտնի է՝ պետությունները գերազանցապես խուսափում են պաշտոնապես պատերազմ հայտարարելուց։ Վերջապես, երբ պետական զինված ուժերը ներգրավվում են որեւէ ռազմական արշավի մեջ, դա միջազգային հանրության շրջանում ստեղծում է պատերազմի էֆեկտ՝ դրանից բխող տարատեսակ ճնշումների ու սանկցիաների դարպասները լայնորեն բացելով։ Օրինակ՝ եթե հայ-ադրբեջանական հակամարտության թեժ պահերին ՀԱՊԿ-ը ներքաշվի, դա կարող է նշանակել անվտանգության դաշինքի կողմից ագրեսորին զսպելու պատասխանատու գործողություն՝ միջազգային կամ առնվազն տարածաշրջանային ռազմա-քաղաքական հետեւանքներով։ Մինչդեռ եթե հայ-ռուսական առանձին զորախումբն է լինում ագրեսիային արձագանքողը, իրավիճակը հարաբերականորեն փոխվում է։
Մոսկովյան համաձայնագրի համաձայն՝ հայ-ռուսական միացյալ զորախումբը ձեւավորում է ՀՀ-ում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի եւ Հայաստանի ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի միավորմամբ։ Հատկանշական է՝ միացյալ զորախմբի հրամանատար նշանակելու իրավասությունը պատկանելու է ՀՀ նախագահին, որը պարտավոր է իր նշանակումը համաձայնեցնել ՌԴ նախագահի հետ։ Եթե խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈՒ գերագույն շտաբի պետին, ապա պատերազմական դրության պայմաններում նա ենթակա է դառնում ՀՀ ԳՇ պետին եւ ՌԴ ԶՈւ հարավային օկրուգի հրամանատարին։ Անպատկերացնելի է, թե ինչպիսի անհեթեթ իրավիճակ կարող է առաջանալ, եթե այսպիսի կիսված պատասխանատվությունն առերեսվի իրականության հետ։ Հետաքրքիր է՝ ինչ են մտածել պայմանագրի ստեղծմանը մասնակցած ՀՀ ՊՆ մասնագետները, երբ միացյալ զորախմբի հրամանատարի ուղղակի վերադաս են ճանաչել ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգի հրամանատարին՝ պատասխանատվությունը կիսելով ՀՀ ԳՇ պետի հետ։ Ինչպե՞ս պիտի հանգուցալուծվի իրադրությունը, եթե ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգի հրամանատարը հրահանգի զորքերը շարժվել, ենթադրաբար, Վրաստանի ուղղությամբ, իսկ ՀՀ ԳՇ պետը կտրականապես հակառակվի դրան։ Ավելի իրատեսական մեկ այլ սցենարի դեպքում, երբ ադրբեջանական ուժերը դիվերսիոն հարձակում ձեռնարկեն ՀՀ պետական սահմանների ուղղությամբ, եւ ՀՀ ԳՇ պետը վճռի ագրեսորին խաղաղեցնել այս զորախմբի միջոցով: Ինչքանո՞վ է հավանական, որ ՀՀ ԳՇ պետի հրահանգը կկարողանա հաղթահարել ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգի հրամանատարի որոշումը։
Հավանաբար տրամաբանական հանգուցալուծում չգտնելու միտումով էլ փաստաթղթի հեղինակները երկնել են մեկ այլ խառնիճաղանջ տարբերակ։ Պարզվում է՝ զորախմբին հրաման կարող են տալ ՀՀ եւ ՌԴ նախագահները։ Պարզ է, որ նախագահական մակարդակի խնդիրը կարող է վերաճել միայն այն դեպքում, եթե ԳՇ պետերը համաձայնության չհանգեն։ Սակայն այս դեպքում էլ են գերակայում անորոշությունն ու անհստակությունը, թե ինչպես պիտի հանգուցալուծվեն նախագահների հակասություննեըը միացյալ զորախմբի կիրառելիության պարագայում։ Բնական է, որ նախագահների հակասությունների պարագայում զորախումբը չի կարող գործունեություն ծավալել իրավական տեսանկյունից։ Սակայն որքանով է անհավանական, որ ՌԴ նախագահի կամայական ցանկությունն անկատար կմնա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վասալ-
սյուզերենային կացությունում։ Ըստ էության, հայ-ռուսական զորախմբի ստեղծումը դաշինք է երկու անհավասար ուժերի միջեւ, եւ հաշվի առնելով երկուստեք հարաբերությունների պատմությունն ու ներկայիս մակարդակը՝ կասկած չկա, որ ռուսական կողմը լինելու է հրաման արձակողը, հայկականը՝ հլու կատարողը։ Դրա փաստական դրսեւորումն արդեն իսկ տեսանելի է ռուսերենի՝ որպես միացյալ զորախմբի գործունեության կազմակերպման գրագրության պաշտոնական միակ լեզու դառնալու փաստով։
Թեեւ միացյալ զորախմբի ստեղծումը փաստաթղթում հիմնավորվում է լավագույն նպատակներով, դեռեւս հստակ չէ, թե ինչ կշահի դրանից Ռուսաստանը։ Իսկ որ այս նախաձեռնությունը բացառապես հետապնդում է ռուսական շահերն ու հետաքրքրությունները, կասկած չկա։ Ըստ էության, Հայաստանը նման զորախմբի կարիքը չուներ։ Նույնիսկ շեշտադրումը, թե զորախումբը կարող է գործարկվել իրավական վտանգի առկայության պարագայում, որեւէ լուրջ հույս չի կարող ներշնչել։ Պարզապես բացառված է, որ ՀՀ-ի անվտանգության միակ սպառնալիքը համարվող Ադրբեջանի դեմ ռուսները համաձայնեն օգտագործել սույն զորախումբը։ Ինչպես կարող է Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառել ու Հայաստանի շահերի համար ներքաշվել իր դաշնակցի դեմ ռազմական առճակատման մեջ։
Վերջապես, անհայտ է, թե ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների վերջնական ուժի մեջ մտնելուց հետո հայկական կողմից ով է ՌԴ նախագահի հետ հավասարապես որոշում կայացնելու իրավասությամբ օժտվաժ լինելու՝ խաղաղ ժամանակներում թիվ մեկ զինվորական համարվող ԳՇ պե՞տը, պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար դարձող վարչապե՞տը, ռազմական ոլորտը համակարգող պաշտպանության նախարա՞րը, թե՞ ԶՈՒ ԳՇ պետ նշանակող, սակայն քաղաքականապես որեւէ լուրջ ազդեցությունից զրկված նախագահը։
Ինստիտուցիոնալ կարգավորումներից զատ՝ բարձրանում է նաեւ Պուտին-Սարգսյան հարաբերությունների հարցը, որտեղ երկրորդը շնորհակալ է առաջինից ամեն ինչի համար, նույնիսկ արեւոտ եղանակի։
Ն. Հովսեփյան