Մեղրի և Ագարակ համայնքները շուտով գազ կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել են Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները։ Հատկացված միջոցների շրջանակներում ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը։ Այս փուլում ընթանում է կառուցված գազի բաշխման ցանցի շահագործման թույլտվության ստացման և սպառողների՝ ցանցին միացման գործընթացը։
Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։

Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա էր վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։ Այն վերսկսվեց անցած տարվա վերջին։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս