
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Հարցը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 84, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ստեղծել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների աջակցության հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձից ամեն ամիս 1000 դրամ կփոխանցի:
1000 դրամ պարտադիր վճարից ազատված են այն անձինք, ովքեր բանակում ծառայող զինվոր ունեն, զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ծնողներ են, իսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների փոխարեն կվճարեն գործատուները: