«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Birgun.net» լրատվակայքը՝ զեկույցում անդրադարձ է կատարվել մասնավորապես մամուլի դեմ կիրառվող բռնություններին:
HRW-ն արձանագրել է, որ Թուրքիայի իշխանությունները լռեցնում են անկախ մամուլը՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում սկիզբ առած մասսայական ձերբակալությունների դեմ ուղղված քննադատությունները կանխելու նպատակով:
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում սաստկանում են ճնշումները քննադատական մոտեցում դրսևորող մամուլի ներկայացուցիչների դեմ և այդ վիճակը 2014թ. ի վեր գնալով ավելի ու ավելի է վատթարանում:
Հուլիսի 15-ից հետո Թուրքիայում, ընդհանուր առմամբ, դադարեցվել է 140 մեդիա կառույցի գործունեություն, փակվել է 29 տպագրատուն, աշխատանքից զրկվել է 2.500 լրագրող:
«Human Rights Watch»-ը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ լրագրողները Թուրքիայում ենթարկվում են նաև ֆիզիկական բռնությունների: