Քննարկվել են գյուղմթերքի ներկրմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել թուրքական գյուղմթերքի, մասնավորապես լոլիկի և վարունգի ներկրման ու իրացման գործընթացը: Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով խնդիրը, տեղական արտադրողների հետ հանդիպում է նախաձեռնել՝ նրանց հետ քննարկելով ոլորտին առնչվող հարցերը և խնդրի կարգավորման ուղիները: ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել խիստ հսկողություն սահմանել գյուղմթերքի ներկրման նկատմամբ, գործընթացը կազմակերպել բացառապես օրենսդրության շրջանակում` տնտեսվարողներին նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքների ներկրումից: Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը հանդիպմանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել արտադրողների ցանկացած ահազանգի, քանի որ նաև դրանից է կախված աշխատանքի արդյունավետությունը: Տեղական արտադրողները նույնպես կարևորեցին ՊԵԿ-ի պատրաստակամությունը` արագ արձագանքել և օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի: Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ արտադրողների նկատմամբ վերաբերմունքի փոխոխությունը նկատելի է. արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է: Վստահեցնելով, որ ներկրումների ամբողջ շղթան կոմիտեի ամենօրյա հսկողության ներքո է, ՊԵկ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում նաև համատեղ շրջայցեր կազմակերպել:

Հաշվի առնելով Ամանորի նախաշեմին գյուղմթերքի պահանջարկի ավելացումը` ՊԵԿ-ը վստահեցնում է, որ առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական և տոնական օրերին՝ անօրինական ճանապարհով ներկրումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս