Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստում անդրադարձ են կատարել ԱԺ-ի արտահերթ նիստին, ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերի:
Անդադառնալով ՀՀԿ խորհրդի նիստին, Շարմազանովը հայտնեց, որ մինչև տարեվերջ խորհրդի նիստ կգումարեն եւ կընտրեն ՀՀԿ առաջին փոխնախագահին:
Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ դաշինք չի կազմի ու խորհրդարանական ընտրություններին կգնա սեփական ցուցակով:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրին, նա նշեց, որ այդ ուժերը մի ամիս առաջ Վանաձորում իրար ընդդիմադիր էին: «Հիմա նույն դաշինքում են, մենք միայն գաղափարական, քաղաքական մրցապայքարի կողմնակից ենք, բայց կարծում ենք՝ դեռ նոր դաշինքներ, նոր ֆորմատներ կձեւավորվեն քաղաքական դաշտում եւ առաջին հերթին՝ ընդդիմության մեջ»,- ասաց նա:
Շարմազանովը նաև անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ Համբուրգում արած հայտարարությանը` նշելով, որ այն մեր երազանքների հայտարարությունը չէ: «Բավարարում է թե չէ, ընդհանուր առմամբ այո, որովհետև համբուրգյան հայտարարության մեջ զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքերից: Մեր երազանքինը կլիներ, եթե այնտեղ լիներ հասցեկան գնահատական, նշվեր Ադրբեջանի անունը»,-ասաց նա: