Ամանորյա ի՞նչ ֆիլմեր են ցուցադրվում մեծ էկրանին, և ի՞նչ են նախընտրում դիտել հայտնիները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գալիք տոները` Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հրավառություններին, խնջույքներին տրվելուց բացի` նաեւ պասիվ հանգիստը վայելելու լավ հնարավորություն են ընձեռում: Թերեւս մեզնից շատերն են երազում տոնական օրերին բուխարու առջեւ նստելու եւ ամանորյա ֆիլմեր դիտելու մասին: Ֆիլմերը կարող են մեր ուղեկիցը դառնալ նաեւ մինչև Նոր տարին` հաղորդելով նախատոնական տրամադրություն:

«Ժողովուրդ»-ը Երեւանի մի քանի կինոթատրոնների («Մոսկվա», «Սինեմա սթար», «Կինոպարկ», «Հայաստան», «Նաիրի») շրջանում փոքրիկ հարցում իրականացրեց` պարզելու համար, թե տոնական թեմայով ինչ ֆիլմեր են ցուցադրվում մեծ էկրանին: Այսպիսով` պարզեցինք, որ դրանք դեռեւս երկուսն են` «Ամանորյա խնջույք»-ը (2016թ., ամերիկյան կատակերգություն, ռեժիսոր` Ջոշ Գորդոն, դերերում` Ջենիֆեր Էնիսթոն, Ջոյմի Չանգ) և «Վատ Սանտա 2»-ը (2016թ., ամերիկյան կատակերգություն, ռեժիսոր` Մարկ Ուոթերս, դերերում`Քրիստինա Հենդրիքս, Բիլլի Բոբ Թորնթոն, Քեթի Բեյթս և այլք):

Մենք հարցում անցկացրինք նաև հայ հայտնիների շրջանում և հետաքրքրվեցինք` որոնք են նրանց ամանորյա ամենասիրելի ֆիլմերը: Երգչուհի Նադեժդա Սարգսյանը, օրինակ, առանձնացրեց «Կառնավալային գիշերը» (1956թ., խորհրդային կատակերգություն, ռեժիսոր` Էլդար Ռյազանով, դերերում` Իգոր Իլյինսկի, Լյուդմիլա Գուրչենկո, Յուրի Բելով եւ այլք): «Որքան էլ ցուցադրեն այս ֆիլմը, էլի կնայեմ»,-նշեց երգչուհին:

nadejda sargsyan

Դերասան Սարգիս Գրիգորյանն էլ շատ է սիրում «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» կինոնկարը (1975թ., երկսերիանոց խորհրդային ռոմանտիկ կատակերգություն, ռեժիսոր` Էլդար Ռյազանով, դերերում` Անդրեյ Մյախկով, Բարբարա Բրիլսկա, Յուրի Յակովլեւ եւ այլք): «Տոներին սիրում եմ դիտել ոչ միայն թեմատիկ ֆիլմեր, այլեւ, առհասարակ, լավ ու բարի կինոնկարներ: Ում տանն ինչ ցուցադրվում է, այն էլ հասցնում եմ նայել»,-անկեղծացավ դերասանը:

sargis1

Երգիչ Արթուր Ալեքը եւս նախընտրում է տոնական օրերին վերանայել իր սիրելի խորհրդային ֆիլմերը, նույնիսկ, եթե դրանք ամանորյա թեմայով չեն: «Ամեն անգամ սիրով սպասում եմ, թե երբ եմ նորից լսելու «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Ծառայողական սիրավեպ» ֆիլմերից սիրելի արտահայտությունները, որսալու սպասված պահերը»,-նշեց նա:

20_2_2014_arthur

Արթուրը թեմատիկ ֆիլմերից առանձնացրեց «Բեւեռային ճեպընթաց» մուլտֆիլմը «2004թ., ԱՄՆ, արկածային ֆանտաստիկա, ռեժիսոր` Ռոբերտ Զեմեկիս):
Հավելենք, որ մեր բոլոր զրուցակիցները ամանորյա թեմայով սիրելի ֆիլմերի շարքում նշեցին «Տանը միայնակ» կինոնկարը (1990թ., ԱՄՆ, ընտանեկան կատակերգություն, ռեժիսոր` Քրիս Քոլամբուս, դերերում` Մաքոլեյ Կալկին, Ջո Փեշի, Դենիել Սթերն եւ այլք):

Աննա Բաբաջանյան




Լրահոս