Յոնջլախցի Նորոն ներկայացնում է սպանության հանգամանքները. ով է նրա գլխին սարքած ոստիկանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում, որը մինչ օրս, կարծես, լիովին բացահայտված չէ. ինչպես է իրականում տեղի ունեցել դեպքը, եւ ովքեր են մասնակիցները: Այս հարցերի լիարժեք պատասխանը գտնելու համար նախաքննությունը դեռ շարունակվում է:

Նախ՝ պաշտոնապես

Նշված օրը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ տեղափոխված երիտասարդը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է: Խոսքը Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գեւորգյանի մասին է, ում, ըստ դեռեւս չպարզված տեղեկությունների, բժշկական կենտրոն են տեղափոխել նրա ընկերները` թողնելով ԲԿ-ի մուտքի մոտ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ սպանությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է քաղաքացի Ա. Հայրապետյանը եւ հարցաքննվել: Նա ցանկապատված տարածքի բետոնե սալիկների տակից ներկայացրել է ամերիկյան արտադրության «Gennings Firearms» տեսակի ատրճանակ, որն առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ձերբակալվածը Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանն է, ով այս գործով մեկ այլ ձերբակալված՝ 45-ամյա Նորայր Ղազարյանի` Յոնջլախցի Նորոյի ազգականն է: Վերջինս էլ իր հերթին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդին է:
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել Նորայր Ղազարյանը, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Վ. Գեւորգյանի սպանության եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով:

Ինչպես է դեպքը տեղի ունեցել

«Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի եւ դրա նախապատմության մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր աղբյուրները հայտնում են, որ սպանվածն ու ձերբակալվածներն իրար հետ որեւէ առնչություն չունեն: Պարզապես դեպքից օրեր առաջ նրանք «ճակատագրական բախում» են ունեցել: Այսպես՝ Սեւան-Երեւան մայրուղում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է թեթեւ վիճաբանության: Կիզակետում եղել են Արտակ Հայրապետյանը եւ ըստ նախնական տեղեկության` Վահե Գեւորգյանը, նրա ընկերները: Երիտասարդների վիճաբանության դրդապատճառը եղել է ճանապարհ չզիջելը: Երբ կողմերն իջել են իրենց ավտոմեքենաներից` միմյանցից պարզաբանում պահանջելու, զրույցի ընթացքում կամաց-կամաց «տաքացել» են, ապա Ա. Հայրապետյանն առաջարկել է փոխանակվել հեռախոսահամարներով՝ խնդիրն ավելի հանգիստ մթնոլորտում լուծելու համար:

Մի քանի օր անց վիճաբանության մասնակիցներից մեկը, ում ինքնությունը դեռեւս հայտնի չէ (խոսվում է միայն այն մասին, որ նա, ըստ ամենայնի, վնասված մեքենայի տիրոջ եղբայրն է եղել), զանգահարել է Հայրապետյանին, պահանջել մեքենան նորոգելու համար նախատեսված համապատասխան գումարը` խոստանալով գումարը վերցնելուց հետո թեման մեկընդմիշտ փակել:

Սակայն ամեն ինչ ավելի քան չկանխատեսված ընթացք է ունեցել: Բանն այն է, որ փոխանցելուց հետո Հայրապետյանից կրկին գումար են պահանջել` ասելով, թե տեղյակ չեն, որ նա պարտք ու պահանջ այլեւս չունի:

Հասկանալով, որ հնարավոր են խնդիրներ եւ բախումներ, Արտակ Հայրապետյանն օգնություն է խնդրել Նորայր Ղազարյանից` Յոնջլախցի Նորոյից` կարծելով, որ միայն նա կարող է օգնել «տղայական ռազբորկայի» եզրահանգումն անելուն:
Եվ Յոնջլախցի Նորոն այսպիսով հայտնվել է այս պատմության կիզակետում:

Ինչ է պատմում Յոնջլախցի Նորոն

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի մասին զրուցեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նորայր Ղազարյանի` Յոնջլախցի Նորոյի հետ: Նա հայտնեց, որ պաշտոնական թույլտվություն է ստացել` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցելու համար:

Ըստ Ն. Ղազարյանի` դեպքի մասին մինչ օրս իր հանդիպած բոլոր հրապարակումները իրականության հետ որեւէ աղերս չունեն: Մասնավորապես կալանավորը հայտնեց, որ դեպքի օրը 13 ավտոմեքենաներով իրեն անհայտ մոտ 25-30 անձինք զինված ներխուժել են իր առանձնատուն, որտեղ գտնվել են Արտակ Հայրապետյանը, իր կինն ու երեխան եւ տան վերանորոգում անող բանվորը:
Զինված անձինք աղմուկ-աղաղակ են բարձրացրել, սպառնացել սպանել ներկա գտնվողներին. «Դրանք իմ կնոջը պատին են խփել, էրեխես մինչեւ էսօր վախից չի խոսում: Եղբորս չորս-հինգ տեղից խփել են, ինձ են խփել: Բա ի՞նչ, պիտի սպասեի` բոլորիս սպանեին, թողեին, դուրս գայի՞ն: Իհարկե, պիտի պաշտպանվեի ու ընտանիքիս պաշտպանեի»,- վրդովված պատմեց Նորայր Ղազարյանը` հավելելով. «Ես եթե պատրաստված լինեի, էդ 28 պերմյակովներին տեղում կսպանեի: Զինված, հարբած, դեղերի տակ իմ տուն են ներխուժել: Թող փորձաքննություն անեն ու համոզվեն»:

Նորայր Ղազարյանը վստահեցրեց, որ ինքը միայն մի կրակոց է արձակել, մինչդեռ իր վրա բարդում են երկուսը: «Ես մեր թաղում եմ Յոնջլախցի Նորո, իմ տանը ես սիրող, հոգատար հայր եմ: Ինձ համար հիմա կարեւորը էրեխուս առողջությունն է, ընտանիքիս հանգիստ կյանքը: Հիմա եղբայրս էր, եկել էր իմ օգնույթունն էր խնդրում: Ո՞վ կպատկերացներ, որ դրանք` էդ 20 տարեկան լակոտները, կհարբեն, կհարձակվեն: Բա ինքնապաշտպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Հիմա ստից գրում են` նախկինում դատապարտվածն էսպես արեց, էնպես արեց: Առանց փաստեր ունենալու` ո՞նց են նման բաներ գրում: Ես իմ ճիշտն ունեմ: Ես գիտեմ էն ծախված ոստիկանին, ով էս ամեն ինչը պատվիրում ա»,- շարունակեց կալանավորը:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ ծախված ոստիկան ասելով, Ղազարյանը պատասխանեց. «Ես էդ տղեն չեմ, որ իրա անունը սենց հրապարակեմ: Ինքը, որ կարդա, լավ էլ գիտի: Ինձ դեպքից հետո ծիծաղելով ասեց` Նորո, բա հեռախոս վերցնեիր, ոստիկանություն զանգեիր: Սրբություն չունի դա: Ես իմ անմեղությունն ապացուցելու եմ»:

Նորայր Ղազարյանը հաստատեց տեղեկությունները, որ ինքը եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ազգականներ են. «Այո՛, ազգականներ ենք: Բայց դա էլ շահարկել պետք չէ: Ես ու էդ մարդը հարյուր տարի իրար չենք տեսել: Ու ինքը որեւէ միջամտություն չի ունեցել ու չի ունենա իմ գործերին: Ես ճշտով, հարգված մարդ եմ: Ես իմ արժանապատվությամբ եմ երդվում` շառ են անում: Ես դեռ շատ բացահայտումներ ունեմ անելու»:

Թե ինչ բացահայտումներ կանի, եւ դրան հակառակ` ինչ քննություն կիրականացնեն քննիչները, ցույց կտա ժամանակը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս