Լեռնային շրջաններում սպասվում է մինչև -35 աստիճան ցուրտ. նախարարությունը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ArmLur.am-ին տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ դեկտեմբերի 16-ից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում` 12-16 աստիճանով: Մասնավորապես դեկտեմբերի 19-ին և 20-ին գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -18-ից -20, հանրապետության լեռնային շրջաններում` -30-ից մինչև -35 աստիճան ցուրտ:

Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղենն ու պտուղը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին առաջիկա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգոնություն, և միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական մշակաբույսերը, տնկանյութը, պտուղն ու բանջարեղենը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով:

Խորհուրդ է տրվում նաև ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները, իսկ մեղվափեթակները տեղափոխել ձմեռանոցներ կամ ծածկել ծղոտով կամ ջերմամեկուսիչ պարագաներով:




Լրահոս