Ստեփանավանում 290 ընտանիք ապրում է կյանքի համար վտանգավոր պայմաններում: Քաղաքի Աշոտաբերդ թաղամասը ձեւավորվել է երկրարժից հետո՝ 1989թ.-ին: Այն փայտաշեն 24 երկհարկանի տնակներից բաղկացած թաղամաս է՝ 290 բնակարանով: 1988թ. երկրաշարժից հետո թեկուզ փայտաշեն բնակարան ստանալը մեծ երջանկություն էր բաց երկնքի տակ մնացած անօթեւան ընտանիքների համար, եւ բոլոր նրանք, ովքեր Աշոտաբերդում տուն էին ստացել, համարվեցին բախտավոր մարդիկ: Սակայն այդ «բախտավոր մարդիկ» այն ժամանակ չէին էլ պատկերացնում, որ այդ փայտաշեն տնակներում են մնալու ամբողջ 28 տարի:
7 տարվա համար նախատեսված այդ ժամանակավոր կացարանները ժամկետը լրանալուց հետո քայքայվեցին. տնակների պատերն ու հատակը սկսեցին նեխել՝ բնակիչների համար առաջացնելով տարատեսակ հիվանդությունների վտանգ: Տարիների ընթացքում գերչորանալով՝ փայտաշեն տները ձեռք բերեցին նաեւ մաքսիմալ հրդեհավտանգության աստիճան: Թաղամասի բնակիչների խոսքով՝ եղել են դեպքեր, երբ նեխած տախտակները կոտրվել են եւ երկրորդ հարկի բնակիչը հայտնվել է առաջին հարկում:
Աշոտաբերդի բնակիչները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ են: Նրանք սեփական միջոցներով քանիցս վերանորոգել են իրենց բնակարանները, սակայն, ինչպես իրենք են ասում, այլեւս հնարավոր չէ քայքայված ու նեխած փայտը վերանորոգել ու ամրություն ապահովել:
Բնակիչները խնդրի մասին բազմիցս են բարձրաձայնել պատկան մարմիններին՝ քաղաքապետարանից մինչեւ մարզպետարան, քաղաքաշինության նախարարությունից մինչեւ ՀՀ նախագահի նստավայր, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվում:
Աշոտաբերդի խնդիրներին քաջատեղյակ են նաեւ Ստեփանավանի քաղաքապետարանում, սակայն համայնքային փոքրիկ բյուջեով հնարավոր չէ խնդրին լուծում տալ, իսկ լուծումը պետք է լինի փայտաշեն բնակարանները քարաշենով փոխարինելը, ինչն իրատեսական չէ:
Ստեփավանի քաղաքապետի մամուլի խոսնակ Սարգիս Գոքորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք եւս քաջատեղյակ են Աշոտաբերդ թաղամասի խնդիրներին: «Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս կան ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետեւանքով ապրում են վագոն-տնակներում, կամ առհասարակ անօթեւանի կարգավիճակ ունեն, առաջնային լուծում են պահանջում այդ ընտանիքների խնդիրները: Հույս ունենք, որ աղետի գոտու վերացումից հետո ծրագրերում կընդգրկվեն նաեւ Աշոտաբերդ թաղամասի խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ մինչ այդ բնակության համար վաղուց ոչ պիտանի դարձած, ճահճահոտությամբ ու խոնավությամբ բուրող, սնկային հիվանդությամբ վարակված փայտե տնակներում շարունակում են մեծանալ տասնյակ երեխաներ` հուսալով ու հավատալով, որ մի օր իրենք էլ կկարողանան ազատ ու առանց վախենալու խաղալ սեփական տանիքի տակ` չմտածելով, որ նեխած հատակը հանկարծ կարող է փլվել:
Էդվարդ Արզումանյան
Լոռի