Ինչի հաշվին են բուհերն ավելացրել հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կտրուկ ավելացրել են պետբյուջե վճարվող հարկերը: Ըստ որոշ մասնագետների՝ դա պայմանավորված է ուսման վարձերի բարձրացմամբ:

Օրինակ՝ Երեւանի պետական համալսարանի այս տարվա երրորդ եռամսյակի հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 132 մլն 318 հազար դրամ՝ զբաղեցնելով 42-րդ տեղը: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ուսումնական հաստատությունը պետբյուջե վճարել է 1 մլրդ 503 մլն 658 հազար 900 դրամ եւ զբաղեցրել 59-րդ տեղը:

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը այս տարվա երրորդ եռամսյակում, զբաղեցնելով 46-րդ տեղը, պետբյուջե վճարել է 1 մլրդ 812 մլն 300 հազար դրամ: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն համալսարանը պետբյուջե վճարել է ընդամենը 1 մլրդ 740 մլն 408 հազար 900 դրամ հարկ:

Մյուս խոշոր՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը այս տարվա երրորդ եռամսյակում, զբաղեցնելով հազար խոշոր հարկատուների ցանկի 138-րդ տեղը, կատարել է 647 մլն 588 հազար 200 դրամի չափով հարկային վճար: Բայց նույն պաշտոնական փաստաթղթից տեղեկանում ենք, որ նշված ուսումնական հաստատությունը անցած տարվա երրորդ եռամսյակում պետբյուջե վճարել է 630 մլն 969 հազար 100 դրամ հարկ:

ՊԵԿ-ի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկանում ենք, որ այս տարվա երրորդ եռամսյակում ռուս-հայկական համալսարանը վճարել է 349 մլն 152 հազար 300 դրամ: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այս ուսումնական հաստատությունը պետբյուջե վճարել է 277 մլն 745 հազար 400 դրամի հարկ ու տուրք: Իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վճարել է 638 մլն 71 հազար 900 դրամ՝ անցած տարվա 569 մլն 841 հազար 300 դրամի հարկային վճարումների դիմաց:

«Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից նաեւ տեղեկացավ, որ ոչ միայն Երեւանի ուսումնական հաստատություններն են ավելացրել պետբյուջե վճարվող հարկերը, այլեւ մարզերի բուհերը: Օրինակ՝ Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական ինստիտուտը այս տարվա երրորդ եռամսյակում կատարել է 132 մլն 559 հազար 200 դրամի հարկային վճարում: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ինստիտուտը պետբյուջե վճարել է 120 մլն 263 հազար 600 դրամ հարկ:

Իսկ ահա Գավառի պետական համալսարանի դեպքում պատկերն այլ է․եթե անցած տարվա երրորդ եռամսյակում մարզային համալսարանը պետբյուջե վճարել է 76 մլն 202 հազար 300 դրամի հարկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 73 մլն 64 հազար 400 դրամ: Ենթադրվում է, որ ստեղծված պատկերը պայմանավորված է ուսանողների թվի նվազմամբ: Նշենք, որ վերջին տարիներին ՀՀ մարզերից ուսանողների հոսքը դեպի մայրաքաղաք Երեւան նկատելի է: Իսկ ահա մյուս ուսումնական հաստատությունների կողմից պետբյուջե վճարվող հարկերի ավելացումը մասնագետները կապում են միայն ուսման վարձերի բարձրացման հետ:
Հիշեցնենք, որ 2013 թվականին ուսման վարձերը 100-150 հազար դրամով բարձրացվեցին: Նման եւս մեկ փորձ արվեց այս տարվա սեպտեմբերին: Օրինակ՝ բժշկական համալսարանում ուսման վարձը դարձավ 1 մլն դրամ՝ նախկին 800 հազար դրամի փոխարեն, իսկ ԵՊՀ-ի գրեթե բոլոր ֆակուլտետներում այն 30-50 հազար դրամով բարձրացավ: Ըստ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ստացիոնար ուսուցմամբ 2016-17 ուսումնական տարվա ցանկի՝ ԵՊՀ մաթեմատիկա եւ մեխանիկա բաժիններում տարեկան վարձավճարը նախկին 400 հազարի փոխարեն դարձել է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն» առարկան թանկացել է 50 հազար դրամով՝ 550 հազարից դառնալով 600 հազար դրամ, հանրային կառավարում եւ կառավարում մասնագիտությունները՝ 600 հազար դրամի փոխարեն 650 հազար: Միանգամից 70 հազար դրամով թանկացել է նաեւ իրավագիտություն բաժինը՝ դառնալով 870 հազար:
Սակայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն

Աթոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզված նշեց, որ իր ղեկավարած հաստատությունում ուսման վարձերի բարձրացում չի արձանագրվել: Ռեկտորը հայտարարեց, որ համալսարանի հարկատեսակը հիմնականում եկամտահարկն է, որը չի ավելացել: Իսկ երբ ռեկտորին փոխանցեցինք, որ այս տարվա երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համալսարանը պետբյուջե վճարվող հարկերը ավելացրել է 68 մլն 230 հազար դրամով, Աթոյանը զարմացած նշեց․«Պետք է ուսումնասիրեմ: Գուցե ինչ-որ բան սխալ է»:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, ով հայտարարեց, որ չի տիրապետում խնդրին, բայց խոստացավ ուսումնասիրել այն: «Հնարավոր է, որ դա ուսումնական հաստատությունների կողմից ծախսերի կրճատման հետեւանք լինի: Կամ կրճատումների հաշվին: Գուցե ուսումնական հաստատությունները սկսել են ավելի ռացիոնալ օգտագործել իրենց տնտեսությունը: Քանի որ ես տեղյակ եմ, որ որոշ բուհերում անձնական օգնականները, խորհրդականները եւ այլն կրճատվել են: Բայց չեմ կարծում, որ հենց դրա արդյունքում կարող են այդքան ավելանալ իրենց հարկային վճարումները»,- նկատեց ԿԳ նախարարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս