Իգնատի Առաքելյանի համար տհա՞ճ է խոսել ՀՀԿ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ պատրաստվում է հետեւել վարչապետի օրինակին եւ անդամակցել ՀՀԿ-ին. «Ես թիմային աշխատող եմ: Ինձ մոտ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը»,- հպարտորեն հայտարարեց Առաքելյանը, սակայն հարցին, թե արդյոք ծանո՞թ է նժդեհյան գաղափարախոսությանը, պատասխանեց՝ ո՛չ, ծանոթ չեմ:

Ինչպես տեսանք՝ նժդեհյան գաղափարախոսությանը ծանոթ չլինելը չխանգարեց Իգնատի Առաքելյանին ՀՀԿ-ին անդամագրվելու հարցում: Նոյեմբերի 25-ին Առաքելյանը կատարեց իր «ճակատագրական» քայլը` խնդրելով, որ իրեն էլ անդամագրեն ՀՀԿ-ին:

Մինչդեռ ի՞նչ է անհրաժեշտ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար հարցին նույն ՀՀԿ պաշտոնական կայքէջում տրված է հետեւյալ պատասխանը. «Ծանոթանալ ու ընդունել կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը»: Ստացվում է, որ առնվազն մեկ՝ Իգնատի Առաքելյանի դեպքում, այս պահանջը չի գործել: Ինչեւէ: Նժդեհյան գաղափարախոսությունից անտեղյակ գյուղատնտեսության նախարարի՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո անցել է մոտ մեկ ամիս: «Ժողովուրդ»-ն օրեր առաջ՝ կառավարության նիստից հետո, նախարարից փորձեց հետաքրքրվել` արդյո՞ք նա արդեն ծանոթացել է ՀՀԿ ծրագրին եւ եթե այո, ապա ո՞ր դրույթներն է առավել «հավանել»: Սակայն Իգնատի Առաքելյանը, լսելով մեր հարցը, դեմքը խոժոռեց եւ բացականչեց՝ «է՜»: Ինչպես երեւում է` Առաքելյանին հաճելի չէ խոսել իր հարազատ կուսակցության մասին: Ու այստեղ կասկածներ են առաջանում՝ արդյոք նա հարկադրաբար չի անդամակցել ՀՀԿ-ին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկանալով, որ Առաքելյանը ծանոթ չէ նժդեհյան գաղափարախոսությանը, լրատվամիջոցներից մեկին ասել էր. «Ոչինչ, մենք իրեն կներկայացնենք Նժդեհի դերն ու նշանակությունը ոչ միայն Հանրապետականի, այլեւ ողջ հայության կյանքում»: Դատելով Իգնատի Առաքելյանի երեկվա պատասխանից՝ նրան դեռ չեն ներկայացրել Նժդեհի դերակատարությունը:

Ի դեպ, նկատենք, որ Առաքելյանը ոչ միայն կուսակցությանը ադապտացվելու խնդիր ունի, այլեւ հենց գյուղատնտեսության ոլորտին: Արդեն երեք ամիս է, ինչ Իգնատի Առաքելյանը նշանակվել է գյուղնախարարի պաշտոնում, սակայն մինչ օրս նրա կողմից որեւէ նկատելի փոփոխություն կամ նախաձեռնություն չի իրականացվել, էլ չխոսենք վարչապետի ասած համարձակ քայլերի մասին:

Վահագն Հակոբյան




Լրահոս