ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի անդամ, առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Կարայանը կարևորել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը, որն իրականացվում է երեք բանակցային ուղղություններով՝ քաղաքական, առևտրի և ներդրումների, ինչպես նաև ոլորտային համագործակցության.
– Վերջին երկու օրերին Բրյուսելում տեղի ունեցած առևտրի և ներդրումների ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը թույլ է տվել արձանագրել զգալի առաջընթաց բանակցային գործընթացում և տեսանելի դարձնել բանակցությունների ավարտը մոտ ապագայում,-նշել է նա:
ԵՄ հանձնակատար Սեսիլյա Մալմստրոմն իր հերթին տեղեկացրել է, որ առևտրի և ներդրումների մասով բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում: Հանձնակատարը և նախարարը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք մտադիր են իրագործել մինչև բանակցային հաջորդ փուլը։
Բանակցվող շրջանակային համաձայնագիրը ՀՀ-ԵՄ հարաբերությունները կտեղափոխի որակական այլ մակարդակ և կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը, ինչպես նաև կսահմանի նոր ուղենիշեր փոխշահավետ համագործակցության համար:
Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Կարայանը ԵՄ հանձնակատարին հրավիրել է այցելել Հայաստան: