2008 թվականի նախագահական ընտրություններում փաստացի հաղթանակ տարած Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ձեւավորած համաժողովրդական շարժման հենքի վրա կարողացավ խորհրդարանում խմբակցություն ունենալ: Ավելի ուշ «Հայ ազգային կոնգրես» միավորումը վերածվեց կուսակցության, որտեղ համաժողովրդական շարժման ներկայացուցիչներից հաշված թվով մարդիկ մնացին:
ՀԱԿ կուսակցությունը եւս մտադիր է մասնակցել 2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ու արդեն վաղը Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում ՀԱԿ-ը կգումարի թվով երկրորդ (20-րդ) հերթական համագումարը: Հիշեցնենք, որ «Կոնգրեսի» առաջին համագումարը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: ՀԱԿ-ի առաջին համագումարին ներկա էին ավելի քան 1200 պատվիրակներ եւ մոտ 1000 հյուրեր` քաղաքական դաշտից, մտավորականներ, իրավապաշտպաններ։ Համագումարին մասնակցում էին «հրաշալի քառյակի» կուսակցությունները` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: Ելույթներ ունեցան ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Ստեփան Մարգարյանը, «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանը եւ այլն։
Սակայն Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այս անգամ իրեն չեն հրավիրել համագումարին: Տեղեկացանք, որ երեկվա դրությամբ հրավեր չէր ստացել նաեւ ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել՝ ՀԱԿ 2-րդ համագումարին ներկա են լինելու մոտ 500 պատվիրակներ եւ մոտ 300 հյուրեր: «Հայ ազգային կոնգրեսը», ի տարբերություն նախորդ համագումարի, այս անգամ հրավիրել է միայն իր հավատարիմ դաշնակցին` «Հայաստանի ժողովրդական կուսակցությանը»: Հիշեցնենք, որ ՀԺԿ ղեկավարն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը` երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի որդին: Մնացածը ոչ թե որպես կուսակցություն են հրավիրվել, այլ որպես անհատներ:
Միջազգային կառույցներից ՀԱԿ համագումարին հրավիրվածներ չկան, ասել է, թե ՀԱԿ-ը նեղ միջավայրով է որոշել այս անգամ իրականացնել իր համագումարը:
Տեղեկացնենք, որ համագումարի ընթացքում կուսակցության պատմությանը նվիրված ֆիլմ կցուցադրվի, տեղի կունենա համագումարի նախագահության, քարտուղարության, ինչպես նաեւ` մանդատային եւ խմբագրական հանձնաժողովների կազմավորումը, համագումարի օրակարգի եւ աշխատակարգի հաստատումը, կուսակցության վարչության հաշվետվությունը, որը կներկայացնեն ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը:
Զեկույցներով հանդես կգան կուսակցության վերահսկիչ եւ մանդատային հանձնաժողովները: Հաշվիչ հանձնաժողովի կողմից «Կոնգրեսի» նախագահի եւ վարչության ընտրությունների կարգի վերաբերյալ հաղորդումից հետո ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը, որին արդեն կհաջորդի «Կոնգրեսի» նախագահի եւ վարչության ընտրությունների քվեարկությունը: Այն տեղի կունենա փակ-գաղտնի: Նախագահի միակ թեկնածու է առաջադրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Կոնգրեսի» վարչության կազմում առաջադրվել է 59 թեկնածու: Նշենք, որ վարչության անդամի իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Համագումարի ընթացքում կներկայացվի նաեւ համագումարի բանաձեւի նախագիծը, տեղի կունենա կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն: Արդեն համագումարի վերջնամասում կընդունվի համագումարի բանաձեւը, եւ կհրապարակվի «Կոնգրեսի» նախագահի ու վարչության ընտրությունների գաղտնի քվեարկության արդյունքները: Նշենք, որ ՀԱԿ-ի համագումարը կտեւի մոտ ինը ժամ` ընդմիջումներով:
Հ. Գ. Դեռեւս հոկտեմբերի 24-ին ՀԱԿ-ը հայտարարել էր, որ «Հայ ազգային կոնգրեսի» վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը: ԱԺ ընտրություններին ընդառաջ նրանք պատրաստակամություն հայտնեցին համագործակցության ձեւաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք «խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը»: Նույն սկզբունքների պահպանմամբ պատրաստ են բաց քաղաքականություն կիրառելու եւ լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների եւ անհատների հետ»:
Վահագն Հակոբյան