Կան հանցանքների որոշակի տեսակներ, որոնք կարող են համաներման արդյունքում փոխվել. Էլինար Վարդանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային խորհուրդ է ուղարկել անկախ հանձնաժողովի՝ «Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման» նոր նախագիծը եւ հանրային խորհրդի անդամները քննարկել են նախագիծը:

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվել, որոնք կարող են ավելի բարձրացնել այս ինստիտուտի նկատմամբ դատապարտյալների վստահությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախագիծը էական փոփոխության ենթարկվել է, եւ դրանք այն կետերն են, որոնք բարձրաձայնում էին դատապարտյալները:

Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Այս պահին չեմ տիրապետում, թե ինչ փոփոխություններ են կատարվել օրենքում, բայց որ օրենքը պետք է փոփոխվի, դա միանշանակ է, քանի որ ինստիտուտը մեզ մոտ բացարձակ չի գործում»:

-Տիկի՛ն Վարդանյան, ունենք այսպիսի մի իրավիճակ, որ դատապարտյալները պայքարում են իրենց իրավունքների համար, միաժամանակ խոսվում է նաեւ համաներման մասին: Դուք տեսնո՞ւմ եք համաներման անհրաժեշտությունը:

-Համաներման անհրաժեշտությունը տեսնում եմ: Կան հանցանքների որոշակի տեսակներ, որոնք կարող են համաներման արդյունքում փոխվել, կատարած արարքը կարող է վերաիմաստավորել, որը նաեւ հնարավորություն կտա լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը:

-Իսկ բացասական կողմը ո՞րն է:

-Բացասական կողմեր, իհարկե, ունի, որովհետեւ մյուս կողմից, եթե առանձին դեպքերում հանցանք կատարած անձը բավարար ժամանակ չի ունեցել՝ վերաիմաստավորելու իր արարքը, եւ հասարակություն վերադառնալուց հետո իր կողմից ոչ իրավաչափ գործունեությունը շարունակական բնույթ է կրում:

-Ազգային ժողովում մի շարք պատգամավորներ համաներման հարցը բարձրացրել են: Արամ Մանուկյանը ազգային անվտանգության խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ի՞նչ գիտեք Դուք այդ մասին:

-Ազգային ժողովը գործող Սահմանադրության համաձայն՝ հաստատում է համաներումը, բայց համաներման մասին որոշումը Ազգային ժողովը չէ, որ ընդունում է: Ելնելով համաներման անհրաժեշտությունից՝ մինչեւ վերջին պահը համաներման մասին չի հայտարարվում: Երբ համաներման որոշումը կայացվում է, այդ մասին Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելուց հետո է բարձրաձայնվում: Հետեւաբար կանխատեսումներ անել` կլինի, թե չի լինի, դժվար է ասել, բայց կրկնում եմ՝ անհրաժեշտությունը կա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս