Հայաստանի ամենախոշոր ձկնաբուծական ընկերության՝ աճուրդի հանված գույքը տեւական ժամանակ է, ինչ չի վաճառվում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Յունիֆիշ» ընկերության սնանկության գործերով կառավարիչ Հարութ Ղարիբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերության կողմից նոյեմբերի 18-ի եւ դեկտեմբերի 8-ի կրկնաճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: «Արդեն 9-10-րդ աճուրդն է կայանում, բայց դեռեւս ընկերության ոչ մի հատիկ գույք չի վաճառվել: Այդպես էլ գնորդներ չեն հայտնվում»,-նկատեց Ղարիբյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ ընկերության սեփականատերը Հայաստանում չէ, եւ նրա հետ չի հաջողվել կապ հաստատել:
Նշենք, որ «Յունիֆիշ» ՍՊԸ-ի պարտավորությունները հասնում են 17 մլն դոլարի: Ընկերությանը վարկ տրամադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը, որն էլ սնանկության հայցով դիմել է դատարան: Բանկը հայտնել է, որ վարկային պայմանագրերով սահմանված պարտավորության չվճարված գումարը 2015 թվականի հունիսի դրությամբ կազմում է 6,5 մլն եվրո եւ 5,1 մլն դոլար:
«Յունիֆիշ»-ի գույքը նույնպես մեծ է: Աճուրդի են հանվել Արարատի մարզի Ռանչպար եւ Սայաթ-Նովա գյուղերում գտնվող ձկնաբուծական 5 տնտեսություն, որոնք բաղկացած են շենք-շինություններից, շարժական գույքից, տրանսպորտային միջոցներից, 650 հատ ջրավազաններից, 53 հատ հորատված ջրհորներից: Ընդհանուրի մեկնարկային գինը եղել է ավելի քան 6 մլրդ դրամ:
Աճուրդի է հանված նաեւ ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի կնոջ՝ Սուսաննա Սիմոնյանի անվամբ հաշվառված, գրավի առարկա հանդիսացող, Երեւանի Բաբայան փողոցի 37 հասցեում գտնվող 825,9 քմ բնակելի տունը եւ 1.000 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասը: Մեկնարկային գինը՝ 406,7 մլն դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ձկները նույնպես աճուրդի են հանվում: ՀՀ Արարատի մարզի Ռանչպար, Սայաթ-Նովա գյուղերում գտնվող 5 ձկնաբուծական տնտեսություններում բուծվող կենդանի ձկները՝ մայրաձուկ, ենթամայրեր, ապրանքային ձկներ եւ մանրաձուկ, տեսակները՝ սիբիրական թառափ, ռուսական թառափ, ռուսական եւ սիբիրական թառափի հիբրիդ, ռուսական եւ լենսկի թառափի հիբրիդ, լենսկի-բելուգա թառափի հիբրիդներ, սեւրյուգա, սիգ, կարմրախայտ եւ իշխան, ընդհանուր քաշը կազմում է մոտ 600 կգ: Քանի որ ձկները կերակրվում են, միաժամանակ տեղի է ունենում բնական կորուստներ: Դատարանի որոշմամբ՝ ուղղակի վաճառքով վաճառվում են որոշակի ձկներ, քաշի եւ քանակի վերաբերյալ տեղի են ունենում փոփոխություններ: Ընդհանուրի մեկնարկային գինը կազմել է շուրջ 1,7 մլրդ դրամ: Ըստ սնանկության գործով կառավարիչի՝ յուրաքանչյուր աճուրդից առաջ ձկները վերստին գնահատվում են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ