Երբ Հայաստանում օրենքով ապրելը չի խրախուսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում հանցագործությունների թիվը շարունակում է անշեղորեն աճել, երկրի դատաիրավական համակարգի վրա ծախսվող գումարները եւս շարունակում են տարեցտարի ավելանալ:

Այս տարվա տասն ամիսների արդյունքներով՝ Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը կազմել է 15 հազար 461: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 1 հազար 446-ով: Իսկ վերջին տասը տարվա կտրվածքով հանցագործությունների թիվն աճել է գրեթե կրկնակի: 2006 թվականի տասն ամիսների արդյունքներով՝ Հայաստանում արձանագրված է եղել հանցագործության 8 հազար 202 դեպք: Եվ սա այն դեպքում, երբ անցած 10 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Այսինքն՝ եթե հանցագործությունների թիվը 2016-ին եւ 2006-ին համեմատենք, հաշվի առնելով բնակչության թիվը, ապա կստացվի, որ հանցավորության մակարդակը Հայաստանում վերջին մեկ տարում աճել է ավելի քան երկու անգամ:

2006 թվականին պետական բյուջեի մասին օրենքով հասարակական կարգի պահպանության համար, ասել կուզի՝ ոստիկանության համար հատկացված է եղել 22 միլիարդ 791 միլիոն դրամ, իսկ դատական գործունեության համար հատակցվել է 4 միլիարդ 966 միլիոն դրամ: Փաստացի 2006-ին դատաիրավական համակարգի համար (առանց ազգային անվտանգության ոլորտի) հատկացված է եղել 27 միլիարդ 757 միլիոն դրամ: Իսկ արդեն 2016 թվականի պետական բյուջեով հասարակական կարգի պահպանության նպատակով ոստիկանության համար նախատեսված է եղել 39 միլիարդ 586 միլիոն դրամ, դատական գործունեության համար՝ 11 միլիարդ 377 միլիոն, դատախազության համար՝ 3 միլիարդ 705 միլիոն: 6 միլիարդ 312 միլիոն դրամ էլ նախատեսված է նախաքննություն իրականացնող մարմինների ֆինանսավորման համար: Այսինքն՝ 2016 թվականի պետական բյուջեով դատաիրավական ոլորտի (առանց ազգային անվտանգության ոլորտի) ֆինանսավորման համար հատկացված է 60 միլիարդ 980 միլիոն դրամ: 2017 թվականի պետական բյուջեով նույն նպատակի համար նախատեսվել է 61 միլիարդ 912 միլիոն դրամ: Այսինքն՝ նույնիսկ եկող՝ 2017 թվականի պետական բյուջեով դատաիրավական ոլորտի համար նախատեսված գումարներն աճել են, չնայած որ եկող տարվա պետական բյուջեով մի շարք կարեւորագույն ոլորտների համար հատկացվելիք գումարները կրճատվել են: Ստացվում է, որ ինչքան շատ են պետական բյուջեից գումար հատկացնում, այնքան ավելի արագ է հանցագործությունների թիվն աճում:

Ժամանակին՝ 7-8 տարի առաջ, երբ այլեւս ակնհայտ էր, որ հանցագործությունների թիվը սկսել է անշեղորեն աճել, պատասխանատու պաշտոնյաները՝ ոստիկանապետերը, այդ երեւույթը փորձում էին պատճառաբանել՝ հանցագործությունների արձանագրման համակարգի խստացումներով: Այսօր արդեն նմանատիպ պատճառաբանությունները համոզիչ չեն կարող լինել:
Հանցագործությունների թվի աճը խորքային եւ կոնկրետ պատճառ ունի. օրենքների նկատմամբ հանրության շրջանում ձեւավորված անտարբերությունն ու արհամարհական վերաբերմունքը տարեցտարի ավելի է տարածվում: Այսինքն՝ այն մտայնությունը, որ Հայաստանում օրենքը չի գործում, դատարանները կոռումպացված են, խնդիրները օրենքով հնարավոր չէ լուծել եւ այսպես շարունակ, Հայաստանի հասարակական գիտակցության մեջ գնալով դառնում է ավելի իշխող: Ամենեւին էլ պատահական չէ, որ, օրինակ, սպանության եւ սպանության փորձերի թվերն անցած տարիներին գրեթե նույնական են եղել՝ մեկ-երկու աճով կամ նվազմամբ: 2016-ի 10 ամիսներին արձանագրվել է սպանության 61, սպանության փորձի 27 դեպք, 2006-ին այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 60 եւ 22:

Փոխարենը սեփականության դեմ ուղղված հանցագործությունները 10 տարում գրեթե կրկնակի աճել են. 2006-ի 3384 դեպքի փոխարեն 2016-ին արդեն իսկ առկա է 6179-ը: Այսինքն՝ անկախ նրանից, թե մարդը օրենքների նկատմամբ ինչ վերաբերմունք ունի, նա սպանության չի դիմում: Փոխարենը, երբ որեւէ մեկի կողմից ՀՀ քաղաքացու շահերը ոտնահարվում են, նա երկու ճանապարհ ունի՝ դիմել օրենքների օգնությանը կամ էլ իր ուժերով խնդիրը լուծել: Սեփական ուժերով խնդիրը լուծելը կամ անօրինական ճանապարհով գումար վաստակելը Հայաստանում գնալով ավելի ու ավելի է նորմա դառնում: Այս երեւույթի պատճառը մեկն է՝ Հայաստանում ձեւավորված քաղաքական իշխանությունը եւ դրա ներքո մեր երկրում գործող դատաիրավական համակարգը:

Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումը, հանրության հավատն առ օրենքները եւ օրինականությունը հնարավոր կլինի վերականգնել միայն քաղաքական իշխանության փոփոխության դեպքում: Հայաստանը վաղուց գտնվում է մի վիճակում, որտեղ զարգացում, բարեփոխում, աճ, բարգավաճում, առաջընթաց եւ բոլոր մնացած՝ դրական հեռանկար ենթադրող հասկացություններն ու գործող քաղաքական իշխանությունը դարձել են անհամատեղելի:

Վահագն Հովակիմյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ




Լրահոս