Այն ամենից, ինչից պետք է ինձ մոտ լաց առաջանար, դուրս եմ պրծնում ծիծաղի շնորհիվ. Մարգարիտ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նրանց ստեղծագործական, անձնական կյանքին վերաբերող դետալային հարցերի միջոցով կփորձենք պարզել վերջիններիս էությանը բնորոշ գծերը: Մեր այսօրվա զրուցակիցը մի շարք հեռուստասերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանն է:

 

15577504_1241099089304488_128833082_n

-Տիկի՛ն Մարգարիտ, ո՞րն է վերջին շրջանի Ձեր ստիմուլ-բացահայտումը:

-Թոռնուհիս` Մարգարիտան: Նրա ծնունդը ստիպեց նորից հավատալ, որ կյանքը հիասքանչ է, որ արժե ապրել ժպիտով` հանուն իրեն եւ մյուս թոռնիկիս:

-Կպչուն մտքերից ազատվելու Ձեր տարբերակը:

-Առհասարակ, կպչուն մտքեր գրեթե չեմ ունենում: Էությամբ լավատես եմ եւ հասկանում եմ, որ այն, ինչ կա, «տեղավորվում է» այսօրվա տրամաբանության մեջ, իսկ վաղն ամեն բան փոխվելու է` ըստ տվյալ օրվա տրամաբանության:

-Տարիներ, որոնց նոստալգիկ հայացքով եք նայում:

-Դրանք իմ մանկության, ուսանողության տարիներն են: Հաճույքով եմ հիշում նաեւ բեմական հաջողություններս, որոնք հոգեւոր բավականություն են պատճառել ինձ:

-Մտածկոտ եք, ալարկոտ, թե՞ պարծենկոտ:

-Հաստատ պարծենկոտ չեմ. դա շատ հեռու է ինձնից, իսկ մտածկոտ` այո. ամեն հարցի հիմնականում տրամաբանորեն եմ մոտենում: Ալարկոտություն էլ, իհարկե, ունեմ:

-Երբեք չեք կարողանում զսպել ծիծաղը, լացը, թե՞ զայրույթը:

-Ծիծաղը: Չեմ էլ ուզում զսպել. ծիծաղն իմ փրկության օղակն է: Այն ամենից, ինչ ինձ մոտ պետք է լաց առաջացներ, դուրս եմ պրծնում ծիծաղի շնորհիվ:

Ամենաշատը գնահատում եք այն մարդկանց, որոնք…

-Որոնք այսօր իմ կողքին են:

-Ձեզ հարվածող մարդիկ սովորաբար նրանք են, ովքեր…

-Գիտեք` հարվածելը հարաբերական հասկացություն է: Ի վերջո, բումերանգի սկզբունքը կա. հարվածը փոխանցվում է հենց հարվածողին:

-Չեք վերադառնում այնտեղ, որտեղ…

-Որտեղ տխրել եմ: Չեմ վերադառնում անցյալ. աշխատում եմ ետ չնայել:

-Սերը չի կարող համատեղ ապրել…

-Ստի հետ: Սերը կեղծիք չի սիրում:

-Կնոջ ամենաուժեղ զենքը:

-Կանացիությունը եւ իմաստությունը:

-Ձեզ միշտ զարմացրել են այն մարդիկ, որոնք…

-Որոնք նայում են աչքերիս ու ստում են: Դրա համար հաճախ եմ ասում. «Հիմար հարցեր մի՛ տվեք, որ սուտ պատասխաններ չստանաք»:

-Ձեր ստեղծագործական կյանքի դժվարին փուլը:

-Միշտ առաջ եմ գնացել ինքնուրույն եւ բաց ճակատով: Վերջերս փոքրիկ ընդմիջում եմ տվել. դա ժամանակավոր է: Պարզապես այսօր հեռուստաընկերությունները առաջնորդվում են որոշակի կարծրատիպերով: Հուսով եմ` շուտով ամեն բան կկարգավորվի, եւ հստակ կլինի, որ տաղանդավոր, սիրված մարդուն կարելի է ճիշտ օգտագործել ու վարկանիշ ապահովել:

-Պահ, երբ այցի եկավ մասնագիտական հիասթափությունը:

-Կոնկրետ իմ մասնագիտությունից հիասթափություն երբեւէ չեմ ունեցել: Հիասթափությունս առնչվել է գործող սիստեմի անկայունությանը, գործին խնամի-ծանոթ-բարեկամ խառնելու միտումին: Դա, ավելի ճիշտ, քմծիծաղ է, ոչ թե հիասթափություն:

15592003_1241099092637821_2075716082_n

-Հատկություն, որը Ձեզ միշտ չի հերիքել:

-Պնդաճակատությունը, աներեսությունը: Միշտ համառ եմ եղել, բայց ոչ երբեք` պնդաճակատ:

-Ի՞նչը չեք հանդուրժում վարագույրից այն կողմ` կուլիսներում:

-Անպատասխանատվության զգացումով մարդկանց արարքները: Դրանք կարող են ինձ ափերից հանել: Երբ նկատում եմ կարգապահության բացակայություն, գուցե ինձ զուսպ եմ պահում, բայց աշխատում եմ տվյալ անձանց հետ աշխատանքային պլաններ այլեւս չկազմել:

-Ձեր սիրելի բեմադիչը:

-Շատ են: Այս պահին կնշեմ Հրաչյա Ղափլանյանի` իմ ուսուցչի անունը:

-Այս երեքից ո՞րը կընտրեիք` համաշխարհային հռչակ, հարստություն, թե՞ պատմության մեջ հետք թողնելու հնարավորություն:

-Պատմության մեջ բարի հետք թողնելու հնարավորություն, միանշանակ:

-Արարք, որն, առհասարակ, չեք ներում:

-Դավաճանությունը: Ավելի ճիշտ` ներում եմ, բայց չեմ մոռանում, հենց թեկուզ հետագայում նմանատիպ իրադրության մեջ չհայտնվելու համար:

-Շարունակե՛ք միտքը. «Եթե ցանկանում եք, որ կյանքը ժպտա ձեզ…»

-Ինքներդ ժպիտով նայեք կյանքին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս