Դեռ օրը չսկսած Վանաձորն աչքի ընկավ միանգամից մի քանի դեպքերով: Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախ կեսգիշերին մոտ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Դավիթ Քոչարյանը, ում վիճակը մինչ այս պահը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հրազենային պարկուճը խոցել ու մնացել է տղայի պարանոցի մեջ:
Մեզ հայտնի դարձավ, որ 27-ամյա տղան տարիներ առաջ՝ 2008թ-ին Վանաձորի զինվորական կոմիսարիատի մոտակայքում՝ Դիմաց թաղամասում, հրազենով մարդ է սպանել, ինչի հետևանքով 8 տարի դատապարտված է եղել ազատազրկման: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրավապահները փնտրում են երիտասարդ տղային կրակողին: Վանաձորում տարածված խոսակցությունների համաձայն՝ տղայի վրա կրակել են սպանվածի ընկերները՝ այդ կերպ լուծելով իրենց վրեժը: Հատկանշական է, որ Քոչարյանին կրակել են այն վայրում, որտեղ վերջինս մարդ էր սպանել:
Խանութ է պայթել
Կեսգիշերին մոտ մեկ այլ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորի կրկին «Դիմաց» կոչվող թաղամասում: Ժամը 01:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել Vip Market մթերային խանութում, ինչի արդյունքում վնասվել է խանութի գույքն ու ապակիները:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ խանութը դիտավորյալ են պայթեցրել: Թե ինչ կապ ունի սպանության դեպքը պայթյունի հետ՝ դժվար է ասել: Նկատենք, որ մեկ այլ վարկածով՝ խանութը ոչ թե պայթեցրել են, այլ ջեռուցման համակարգն է պայթել:
Կին է ցրտահարվել
Վանաձորին հարակից Գուգարք գյուղում առավոտյան կնոջ դի են հայտնաբերել ձյան մեջ ընկած: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները ֆիքսել են կենսաբանական մահ: 1931թ-ին ծնված Ռոզա Մխիթարյանը Գուգարք գյուղի բնակիչ էր: Ըստ ճանաչողների՝ տառապում էր հոգեկան հիվանդությամբ:
Վանաձորում խաչմերուկ անցնելը կարող է վերջինը լինել
Վանաձորում տեղացած առատ ձյունը շարունակում է կաթվածահար վիճակում պահել մարզկենտրոնի փողոցները: ArmLur.am-ի Լոռու թղթակցի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքացիները Տիգրան Մեծ-Նժդեհ խաչմերուկը անցնում մեծ դժվարությամբ:
Նրացից շատերը պարզապես ընկել են գետնին՝ ստանալով վնասվածքներ: Խաչմերուկում քաղաքացիների անցնելն ու մեքենաների ընթացքը կարգավորել են ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի երրորդ հատուկ սպայական ջոկի ծառայողները:
Քաղաքապետարանի աշխատակիցները ժամեր անց են միայն վերացրել սառույցը: Չնայած քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքներին՝ Վանաձորի փողոցները շարունակում են վտանգավոր մնալ ոչ միայն երթևեկության, այլ նաև հետիոտների համար: Ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին է միացել նաև Լոռի Ջրմուղ կոյուղի ընկերությունը՝ իր ողջ տեխնիկայով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր