«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս ընթացիկ տարվա մայիսի 16-ին եւ հունիսի 20-ին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջեւ տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացման, հետաքննող սարքերի տեղադրման մասին: Հանդիպումից արդեն յոթ ամիս է անցել, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում: Ի վերջո, ե՞րբ պետք է տեղադրվեն հետաքննող սարքերը, ո՞ւմ պատճառով է ձգձգվում գործընթացի մեկնարկը, եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ Մինսկի խումբը քայլեր չի ձեռնարկում ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից:
Ի պատասխան մեր հարցի` ՄԽ համանախագահը կրկնեց ավանդույթ դարձած հուսադրող պատասխանը. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել դեսպան Կասպրշիկի թիմի կազմն ընդլայնելու շուրջ եւ համաձայն են կրկնապատկելու դիտորդների թիվը: Սա կարեւոր քայլ է հրադադարի պահպանումը երաշխավորելու համար, որպեսզի առաջընթաց լինի կարգավորման շուրջ բանակցություններում: Կազմի ընդլայնման մանրամասների հստակեցումը կարեւոր է, եւ մենք ԵԱՀԿ-ում` Վիեննայում, աշխատում ենք ապահովել բոլոր անդամ պետությունների լիակատար աջակցությունը: Հուսով ենք, որ կազմի գործնական ընդլայնումը տեղի կունենա մոտ ապագայում»:
Այսինքն` դեռ ոչ մի խոսք հետաքննող սարքերի տեղադրման մասին, որպեսզի փաստացի ապացույցներ ունենանք, թե ով է խախտում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: