ՀՀԿ-ն մարտավարություն է մշակել՝ տապալելու ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողովում դիմումների քննարկումն ու որոշումների կայացումը: «Մեդիա և իրավունք» -ը կրկին դիմել է Էթիկայի հարցերով հանձնաժողով 4 պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկության հարցով:
Ազգային ժողովում պատգամավորների՝ իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու արատավոր պրակտիկան շարունակվում է:
«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպության անդամ լրագրողները դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում հերթական անգամ տեսանկարահանել են, թե ինչպես են իշխող Հանրապետական կուսակցության թվով չորս պատգամավորները քվեարկում բացակայող պատգամավորների փոխարեն:
Հատկանշական է, որ այս անգամ ուրիշի փոխարեն գրանցվելու և քվեարկելու փաստը նկատել է նաև պատգամավոր Թևան Պողոսյանը, որը տեղում բարձրացրել է հարցը: Ի պատասխան պատգամավորներ Թևան Պողոսյանի և Զարուհի Փոստանջյանի դիտարկումներին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու փաստը և նշել, որ թող պարզվի՝ ով է քվեարկել ուրիշի փոխարեն, ու էթիկայի հանձնաժողովը կզբաղվի այդ հարցով: Ստորև ներկայացնում ենք թեմային վերաբերվող՝ «Ազատության» երկու
ռեպորտաժները:
(https://www.youtube.com/watch?v=PjfBzWsMl60;
https://www.youtube.com/watch?v=wI8XqXm9Xcw ):
«Մեդիա և իրավունք»-ն այս առնչությամբ հրապարակում է դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ուրիշի փոխարեն պատգամավորների քվեարկության տեսագրությունները՝ հանրությանը տեղեկացնելու համար, թե ովքեր են կարգազանց պատգամավորները, ինչպես նաև այս խնդրով կրկին դիմում ենք ուղարկում Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողով: Տեսանյութերից պարզ է դառնում, որ այս անգամ ուրիշի փոխարեն քվեարկել են ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Դավթյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և Արկադի Համբարձումյանը: Տեսանյութերի հղումները՝ ստորև:
https://mediaandlawngo.blogspot.de/2016/12/blog-post_93.html
https://mediaandlawngo.blogspot.de/2016/12/blog-post_56.html
https://mediaandlawngo.blogspot.de/2016/12/blog-post_16.html
Հատկանշական է, որ նույն օրը՝ դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը պետք է որոշում ընդուներ «Մեդիա և իրավունք»-ի մեկ այլ դիմումի վերաբերյալ, որը հանձնաժողովին ուղարկվել էր դեռևս հոկտեմբերի 27-ին և որը քննության էր ընդունվել նոյեմբերի 10-ին: Դիմումը վերաբերվում էր ՀՀԿ-ական պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի և Արկադի Համբարձումյանի՝ ավելի վաղ ուրիշի փոխարեն քվեարկություններին:
Էթիկայի հանձնաժողովի նիստին ներկա են եղել հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանն ու Լյովա Խաչատրյանը: Հանձնաժողովի մյուս անդամները՝ Հովհաննես Մարգարյանը, Վահրամ Մկրտչյանը, Սուքիաս Ավետիսյանն ու Կարո Շախմուրադյանը ներկա չեն գտնվել նիստին՝ այդպիսով տապալելով նիստը քվորումի բացակայությամբ: Լյովա Խաչատրյանը «Ազատությանը» հայտնել է, որ հանձնաժողովը դիմումն ավելի վաղ քննել են ու պարզել, որ կարգազանցություն իսկապես եղել է, սակայն քվորումի բացակայության պատճառով դիմումի վերաբերյալ եզրակացություն, ըստ Լյովա Խաչատրյանի, չի ընդունվի, այլ կերպ ասած՝ կարգազանց պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Արկադի Համբարձումյանը պատասխանատվություն չեն կրի: Պատճառն, ըստ Լյովա Խաչատրյանի, այն է, որ էթիկայի հանձնաժողովում դիմումի քննության 30-օրյա ժամկետը սպառվել է:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ իշխող ՀՀԿ-ն մարտավարություն է մշակել՝ տապալելու ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողովում դիմումների քննարկումն ու որոշումների կայացումը:
Պատճառն այն է, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին «Մեդիա և իրավունք»-ի նախագահ Լիլիթ Լալայանի՝ ուրիշի փոխարեն քվեարկած թվով 7 պատգամավորների վերաբերյալ առաջին դիմումը քննելուն և էթիկայի խախտում արձանագրելուն զուգահեռ՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովն Ազգային ժողովին առաջարկել էր փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում՝ սահմանելով, որ կարգազանց են համարվում նաև այն պատգամավորները, որոնք գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն:
Հետագայում Ազգային ժողովն ընդունել էր վերոնշյալ օրենքում այդ փոփոխությունը: Էթիկայի հանձնաժողովը նաև առաջարկել էր, որ ԱԺ նիստը վարողը նման պատգամավորների հանդեպ կիրառի ամենախիստ կարգապահական միջոցը, այն է՝ զրկում` մինչեւ 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից:
Ուրիշի փոխարեն գրանցվող և քվեարկող պատգամավորների վերաբերյալ էթիկայի խախտում չարձանագրելու և ամենախիստ կարգապահական միջոցի կիրառումից խուսափելու նպատակով, ահա, սույն թվականի դեկտեմբերի 15-ին էթիկայի հանձնաժողովի անդամների մեծ մասը տապալել է հանձնաժողովի նիստը:
«Մեդիա և իրավունք»-ի նոր դիմումի քննությունը՝ մի քանի օր առաջ Ազգային ժողովում բացակայող պատգամավորների փոխարեն քվեարկած ՀՀԿ-ականներ Արտակ Դավթյանի, Վազգեն Կարախանյանի, Ռազմիկ Զոհրաբյանի և Արկադի Համբարձումյանի վերաբերյալ, էթիկայի հանձնաժողովում հնարավոր է՝ հանձնաժողովի անդամների կողմից նորից փորձ արվի տապալել քվորում չապահովելու կամ այլ մարտավարութամբ:
«Մեդիա և իրավունք»-ը դիմում է բոլոր լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին, Հայաստանում գործող միջազգային կառույցներին, կուսակցություններին՝ հորդորելով աջակցել և ուշադրության կենտրոնում պահել Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողով ուղարկվող մեր հերթական դիմումի քննությունը՝ այդպիսով թույլ չտալով, որ ուրիշի փոխարեն քվեարկած կարգազանց չորս պատգամավորները նախորդ անգամվա նմանությամբ խուսափեն պատասխանատվությունից՝ էթիկայի հանձնաժողովի անդամների կողմից հանձնաժողովի նիստերը տապալելու հետևանքով:
«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպություն