Ոստիկանության մենաշնորհը թիկնապահների գործում. ինչպես է ՊՊԳՎ-ն պետբյուջեի հաշվին բիզնես անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայրենի բոլոր ժամանակների կառավարությունները վստահեցնում են, թե Հայաստանում տնտեսվարողների համար մրցակցային հավասար պայմաններ կլինեն, կառավարության «քթի տակ» հենց կառավարությանն առընթեր մարմինը շարունակում է անհավասար մրցակցային պայմաններով աշխատել եւ խոչընդոտել այլ ընկերությունների մուտքը շուկա: Խոսքը կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մասին է:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը (ՊՊԳՎ) պահնորդական ծառայություններ է մատուցում պետական եւ մասնավոր օբյեկտներում: Ծառայությունը, իհարկե, մատուցվում է մցութային կարգով, վարչությունը մասնակցում է տարբեր մրցույթների` հաճախ գնային ավելի էժան առաջարկ անելով, եւ մշտապես հաղթում է մրցույթներում:

Օրեր առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ բուհի պահնորդական եւ անվտանգության ծառայության մրցույթը: Ըստ նախնական տեղեկությունների` մրցույթին հաղթող ճանաչված ընկերության հետ կնքվելու է երեք տարվա պայմանագիր:

Մրցույթի ընթացքի եւ արդյունքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց համալսարանի գնումների եւ մատակարարման բաժնի պետ Ռոզա Մեհրաբյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ` մրցույթին հայտ են ներկայացրել «Լեգիոն», «Պանտերա Սեքյուրիթի», «Արմոբիլ» պահնորդական մասնավոր ընկերությունները եւ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը:

Ռոզա Մեհրաբյանը հայտնեց, որ մրցույթում հաղթող է ճանաչվել ՊՊԳ վարչությունը, սակայն սա նախնական արդյունքն է, վերջնականը կհրապարակվի երկուշաբթի օրը: «Անցած տարի եւս ՊՊԳՎ-ն է հաղթել: Մրցույթին ներկայացվածները թերի փաստաթղթեր են բերել, որոնք շտկելու համար հավելյալ մեկ աշխատանքային օր եւս սահմանվել է: Ուստի վերջնարդյունքը կհրապարակվի երկուշաբթի օրը»,- ասաց մեր զրուցակիցը: Թեեւ նա որպես մրցույթի կանոն նշեց, որ մրցույթը հաղթած մասնավոր ընկերության աշխատակիցները պետք է իրենց համազգեստի վրա կրեն «Պոլիտեխնիկ» անվանումը: Բայց պարզվում է, որ ոստիկանության դեպքում արտոնություններ կան. ՊՊԳՎ-ն այդ կանոնը չի պահպանում: Սա Ռոզա Մեհրաբյանը բացատրեց այն հանգամանքով, որ ոստիկանությունը պետական կառույց է եւ ունի իր կանոնները. նրանց պարտադրել չեն կարող:

Ուսումնասիրելով մրցույթի մասնակցության պայմանները` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանցում հիմնականում ներառված են հետեւյալ չափանիշները` հայտատուն պետք է լուծարման գործընթացում չգտնվի, չունենա ժամկետանց պարտքեր, խնդիրներ իրավապահների հետ եւ այլն: Ուշագրավը հետեւյալ կետն է. «Հաղթող մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր»։

Փաստորեն, կարեւոր են ոչ այնքան պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական չափանիշներին համապատասխանելու դրույթները, որքան ցածր գումար առաջարկելը: Արդյոք սա բխում է արդար մրցակցության պահանջներից, թող դատեն մասնագետները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պահնորդական ծառայություն մատուցող հայաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ դժգոհեցին իրավիճակից:

«Լեգիոն» անվտանգության ծառայության հիմնադիր տնօրեն Եղիշե Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք խնդիրներ առաջ քաշեց, որոնք առկա են նշված ոլորտում: Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանությունը կարողանում է էժան գնային առաջարկ ներկայացնել, քանի որ ծառայություն մատուցելու համար օգտվում է ոստիկանական պետական մեքենաներից, վառելիքից, պետական գումարներով ձեռք բերված համազգեստից, աշխատավարձը ստանում են պետբյուջեից… կարճ ասած, պետական ֆինանսավորման հաշվին են գործում, բայց մրցակցում են մասնավոի հետ հավասար հիմունքներով:

Մինչդեռ, ըստ «Լեգիոն» անվտանգության ծառայության հիմնադիր տնօրենի. «Ցանկալի կլիներ, եթե այս պահին հանրապետությունում անցկացվող բոլոր նմանատիպ մրցույթները դադարեցվեին: Պահնորդական ծառայությունների մատուցման վերաբերյալ գնումների օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա: Որովհետեւ դեռեւս հստակ չափորոշիչներ չկան: Յուրաքանչյուր կազմակերպություն որոշակի ձեւով գնում է այդ մրցույթին եւ ներկայացնում է պահանջներ: Ես գտնում եմ, որ պետք է պահնորդական ընկերությունների համար լինեն միասնական չափորոշիչներ, սանդղակ: Ինչ է նշանակում երեք տարով մրցույթ հայտարարել, եթե մենք չգիտենք` մեկ տարի հետո ինչ կլինի»,- իրավիճակը ներկայացրեց պահնորդական ընկերության հիմնադիր տնօրենը:

Նրա խոսքով` այն, որ ոստիկանությունը ցածր գին է սահմանում, արդեն իսկ խոչընդոտ է մյուս ընկերությունների համար. «Մարդու անվտանգությունը պահպանելը չի կարող այդքան էժան արժենալ: Հիմա շուկայում չորս տասնյակից ավել ընկերություններ կան, որոնք գրոշների դիմաց պատվերի են սպասում: Բայց նմանատիպ մրցույթներում հաղթելու որեւէ ռեալ շանս չունեն»:

Եղիշե Սիմոնյանը նկատեց, որ եթե անգամ ՊՊԳՎ-ն խախտումներ է թույլ տալիս գնումների մրցույթներում, ապա որեւէ մասնավոր ընկերություն չի ցանկանում վիճարկել, «Գլուխ դնել», առճակատման գնալ ոստիկանության հետ: Սա էլ այլ պատճառ ունի. որովհետեւ պահնորդական ընկերություններին լիցենզիան տրամադրում է հենց ոստիկանությունը, ստուգումները եւս ոստիկանությունն է իրականացնում: Հետեւաբար ցանկացած պահի ոստիկանությունը կարող է անցանկալի մրցակից ընկերությանը կա՛մ լիցենզիա չտալ որեւէ հիմնավորմամբ, կա՛մ գնալ ստուգումների եւ մի խախտում արձանագրել: Ուստի պահնորդական մասնավոր ընկերությունները աչք են փակում ոստիկանության թույլ տված խախտումների վրա՝ բավարարվելով շուկայում իրենց փոքր, նույնիսկ չնչին բաժնով:
«ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Արմոբիլ» անվտանգության ծառայության փոխտնօրեն Մհեր Կակոսյանի հետ, ով եւս կարեւորեց, որ ծառայության մատուցման որակը մղվում է երկրորդ պլան, առաջնայինը ցածր գինն է, իսկ տեխնիկական բնութագիրը մակերեսորեն է նայվում:

ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ նշված խնդրով հանձնաժողովը բողոքներ ստացել է, ուսումնասիրություններ են կատարվում:

Հուսանք՝ ՏՄՊՊՀ-ն կհամարձակվի արձանագրել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը չարաշահում է իր գերիշխող դիրքը, խոչընդոտում ազատ մրցակցությանը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս