Հանձնարարվել է շարունակել փողոցների և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ շտաբի, «Սանիթեք» ընկերության և վարչական շրջանների ղեկավարների համապատասխան կառույցների կողմից, շուրջօրյա ռեժիմով, գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքների համակարգված կազմակերպման ու քաղաքացիների ահազանգերին օպերատիվ արձագանքելու համար:

Քաղաքապետը հանձնարարել է նույն աշխատակարգով շարունակել գործընթացը՝ ապահովելով մայթերի, բակերի և միջբակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը: Բացի այդ, հանձնարարվել է զուգահեռաբար սկսել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

Զեկուցվել է, որ, ձյան տեղումներով պայմանավորված, փողոցներն աղով և ավազով մշակելու հետևանքով մայրաքաղաքի որոշ փողոցներում գոյացել են փոսեր: Հանձնարարվել է կազմակերպել փոսալցման աշխատանքներ՝ խնդրին ժամանակավոր լուծում տալու նպատակով:
Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Արգիշտի 1 և Բյուզանդի 1/3 հացեների վարչական շենքերում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու վերաբերյալ:

Քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորի տոնական ոչ աշխատանքային օրերին նույնպես սահմանված է լինելու շուրջօրյա հերթապահություն՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով: Հիշեցնենք, որ հերթապահություն սահմանված է լինելու նաև 12 վարչական շրջաններում, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում:




Լրահոս