Նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր:
Շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից և կոչնչացվի: Ըստ տարածաշրջանների՝ տեղերում կձևավորվեն նաև աշխատանքային խմբեր՝ մսի վաճառքի կետերում հսկողություն սահմանելու նպատակով:
Ստեղծված աշխատանքային խմբերը հանրապետության ողջ տարածքում կաշխատեն արտակարգ ռեժիմով, կապահովվի Ծառայության թեժ գծին ստացված ահազանգերին ու քաղաքացիների դիմում-բողոքներին արագ արձագանքումը:
Այս համատեքստում, կոչ ենք անում սպառողներին ժամկետանց, առանց մակնշման կամ ցանկացած այլ թերություններով սննդամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել Ծառայության թեժ գծին՝ 010 20-60-40 հեռախոսահամարով (այն գործում է շուրջօրյա), կամ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում-բողոք և, հնարավորության դեպքում, խախտումը հավաստող լուսանկար` նշելով`
իրացման կետի հասցեն,
արտադրողի և/կամ իրացման կետի ամբողջական անվանումը,
բողոքի, հայտնաբերված անհամապատասխանության նկարագրությունը,
կցելով լուսանկար/տեսանյութ:
ՍԱՊԾ-ի պաշտոնական էջում (snund.am) «Սպառող» և «Դիմում-բողոք» բաժիններում կարող եք գտնել Ծառայությանը դիմելու օրինակելի ձևը: