Դեկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veolia ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ: Ֆրանսիական հայտնի ընկերությունը դարձել է Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատոր և 2017 թվականի հունվարի 1-ից կսկսի իր աշխատանքը Հայաստանում:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մինասյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն արդյունավետ աշխատանք կծավալի մեր երկրում՝ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման աշխատանքներն ու բաժանորդների սպասարկումը լավագույնս իրականացնելու համար:
«Veolia ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեն շնորհակալություն է հայտնել Արծվիկ Մինասյանին՝ ընկերության հետ համատեղ աշխատանքի պատրաստակամության և համագործակցության համար: Նա համառոտ ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք նախատեսում են կատարել, նշելով, որ առաջիկայում նաև մասնագետներ կհրավիրվեն Ֆրանսիայից փորձի փոխանակման և տեղում աշխատանքների իրականացման գործընթացում նախատեսվող փոփոխությունների արդյունավետության նպատակով: Կրիստիան Լըֆեն նշել է, որ բոլոր աշխատանքները կատարվելու են բնապահպանական նորմերին համապատասխան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել խնդրահարույց հարցերի, մասնավորապես, նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է ջրամատակարարման համակարգում մեծ տոկոս կազմող ջրակորստի մասին, նշել ջրահեռացման ոլորտում կենսաբանական մաքրման կայանների ներդրման անհրաժեշտությունը: Կրիստիան Լըֆեն տեղեկացրել է, որ համապատասխան ուսումնասիրություններ են արվում և իրենց փորձն անշուշտ կկիրառեն լավագույն համակարգ ստեղծելու համար:
Հանդիպման ավարտին «Veolia ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Արծվիկ Մինասյանին պարգևատրել է «Veolia » ոսկե մեդալով` համագործակցության և համատեղ աշխատանքին միտված պատրաստակամության հանձնառության համար: «Սա բնապահպանության նախարարության ողջ աշխատակազմի աշխատանքի գնահատականն է»,-Կրիստիան Լըֆեից ստանալով պարգևը նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: