ԿԳՐԱՎԱԴՐՎԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ, ՇԱՄԲԻԻ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՀԷԿ-ԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 7-ի նիստում թույլատրել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը գրավադրել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի Շամբիի, Սպանդարյանի եւ Տաթեւի ՀԷԿ-երը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն եւ ֆինանսների նախարարությունը դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ պահանջել համաձայնություն տալ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը, այդ գույքի նկատմամբ գույքային իրավունքները, ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը համահավասար իրավունքներով հօգուտ ՀՀ-ի, գրավադրել մի քանի ֆինանսական կազմակերպություններում: Դրանք են՝ «Էյչ-Էս-Բի-Սի Քորփորեթ Թրասթի Քամփանի (Յու-Քեյ) Լիմիթեդը», «Միջազգային ֆինանսական կորպորացիան», «Հոլանդական զարգացման եւ ֆինանսական հիմնադրամը», «Գերմանիայի ներդրումային եւ զարգացման հիմնադրամը»:
«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կողմից գրավադրվող գույքի ցանկը հետեւյալն է. Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, որը կառուցվել է 1989 թվականին, բաղկացած է երկու բլոկից եւ ունի 76 ՄՎտհզորություն, 1979 թվականին կառուցված Շամբիի հիդրոէլեկտրակայանը եւ 1970 թվականին կառուցված Տաթեւի հիդրոէլեկտրակայանը: Բացի այս՝ կգրավադրվեն նաեւ հիդրոէլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ շենքերը, շինությունները եւ այլ օժանդակ սարքավորումներ:
Հիշեցնենք՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում հավանություն էր տվել Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի պայմանագրին, եւ 2014թ. հունվարին տեղի ունեցավ գործարքը. ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի ու ՀՀ կառավարության միջեւ ստորագրվեց պայմանագիրը: Ինչպես հայտնի է՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ը ԱՄՆ-ում գրանցված ընկերություն է, որը 180 մլն դոլարով գնեց «Որոտան ՀԷԿ»-ը: Գումարի կեսը՝ 90 մլն դոլարը, ընկերությունը պետք է վճարեր մինչեւ 2015 թվականի հուլիսի 30-ը: Այդ գումարը վճարվեց՝ «HSBC բանկ Հայաստան»-ում, «Ամերիաբանկ»-ում եւ «Կոնվերս բանկ»-ում «Որատան ՀէԿ»-ի գույքը գրավադրելով: Հաջորդ 90 մլն դոլարը պետք է վճարվեր մինչեւ այս տարվա հուլիսի 30-ը: Այդ պատճառով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 27-ի նիստում իր համաձայնությունը տվեց, որպեսզի «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հնարավորություն ունենա իր գույքը եւս գրավադրել «Արշինբանկ» եւ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ներում:
Այլեւս գաղտնիք չէ, որ ՀՀ էներգետիկ համակարգի այս կարեւորագույն օբյեկտը վաճառվել է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով: Ավելին՝ «Որոտան ՀէԿ»-ը վաճառելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումը երեք ամիս շարունակ իշխանությունները գաղտնի են պահել: 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Որոտան ՀէԿ»-ը վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը. «ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են ՀՀ անունից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը: Թե իրավական ինչ հիմնավորմամբ էր վաճառվել այս ՀԷԿ-ը, ՀՀ իշխանությունները այդպես էլ շարունակում են գաղտնի պահել:
«Որոտան ՀէԿ»-ի վաճառքի մասին հայտնի միակ փաստաթուղթը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 27.11.2013թ. N-404Ա որոշումն է, որում նշված է. «Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետը եւ հաշվի առնելով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 229ՍԽ գրությունը, ՀՀ ՀԾԿՀ-ն որոշում է. համաձայնություն տալ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ին վաճառելուն»:
Ընդ որում, կառավարությունը «Որոտանի ՀԷԿ»-ը վաճառել է՝ ոչ թե մրցույթ հայտարարելով, այլ բանակցությունների արդյունքում:
Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձել են «Որոտան ՀԷԿ»-ի սեփականատերերը: Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան բացահայտ օգտագործել ի շահ իրենց եւ նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել: Բանն այն է, որ «Որոտան ՀէԿ»-ի վաճառքից առաջացած 180մլն դոլարն ուղղվելու է ոչ թե ՀՀ պետական բյուջե, այլ ՀէԿ-ի հաշվեհամարին, որովհետեւ այսպես ավելի հեշտ է 180 մլն դոլարը գրպանել: Ի դեպ, համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս ամենի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
Ուսումնասիրելով «Որոտանի ՀԷԿ»-ի առքուվաճառքի գործարքը՝ պարզ է դառնում, որ փող չունեցող մի ընկերություն դարձել է ՀԷԿ-ի սեփականատեր եւ խոստացած 60-70 մլն դոլարի չափով ներդրում չի արել: Ավելին՝ իր կողմից իբր գնված գույքը գրավադրել է, որպեսզի այդկերպ մարի պարտքը: Եւ ամենաուշագրավն այն է, որ ինքը՝ ծրագիրը, ներդրումային է, սակայն առ այսօր ոչ մի դրամի ներդրում չի արվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս