ԱՅՍՕՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` դեկտեմբերի 10-ին, աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են մարդու եւ անհատի հիմնական իրավունքները: Ցանկացած երկրում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորվածությունը պայմանավորված է երկու կարեւոր բաղադրիչների ապահովվածությամբ՝ ուղղակի ժողովրդավարությամբ եւ օրենքի գերակայությամբ (իրավական պետություն): Իսկ արդյոք Հայաստանը ժողովրդավարական կամ դեպի ժողովրդավարության ձգտող երկիր է, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, ինչպես պնդում են իշխանական ուժերը:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Նախ հետաքրքրվեցինք՝ ամենաշատը պետական ո՞ր գերատեսչություններից են դժգոհ ՀՀ քաղաքացիները: «1-ինը՝ ոստիկանությունն է, 2-րդը` ՔԿՀ-ները, 3-րդը՝ դատարանները»,- հայտնեց ՀՀ օմբուդսմենը:
Հ.Գ. Այսօր, ավանդույթի համաձայն, տարբեր հասարակական-քաղաքական կառույցներ բողոքի երթեր են կազմակերպելու: Այս տարի նրանց թիվն ավելացել է: Բողոքին կմիանան նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատները:

 

 
Թեեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնական դիրքորոշում հայտնեց 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ. այն է՝ պետք է դեմ քվեարկել, այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք կողմ քվեարկեցին նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԲՀԿ-ականների վրա կոնկրետ ազդեցություն են ունեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հեռախոսազանգերը, որոնք հորդորել են կողմ քվեարկել: Եւ, օրինակ, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, այնքան է ոգեւորվել ՀՀԿ-ին ծառայություն մատուցելու մտքից, որ ոչ միայն ինքն է կողմ քվեարկել, այլեւ հաջողացրել է իր կողքինի՝ Հայաստանում չգտնվող Հրանտ Դավթյանի կողմ կոճակը սեղմել: Ինչո՞ւ Մոսկվայում գտնվող Դավթյանի փոխարեն քվեարկեցիք, «Ժողվուրդ» օրաթերթի այս հարցին Կարո Կարապետյանը պատասխանեց. «Ես իրա փոխարեն չեմ քվեարկել, ես իմ կոճակն եմ սեղմել, ո՞վ ա ասում՝ տենց բան կա, Հրանտն իմ կողքն ա եղել»: Մինչդեռ իրականում Հրանտ Դավթյանը երկրում չէ:

 

 

ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ինքը ամիսներ շարունակ դիմել է ՀՀ տարբեր պետական կառույցների՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ քրեակատարողական վարչությանը՝ թույլ տալու տեսակցել «Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անդամներին: Սակայն առանց որեւէ պատճառաբանության մշտապես մերժում է ստացել. «Եթե հարազատների նկատմամբ արգելքը կարող է տարածվել, ապա ԱԺ պատգամավորի դեպքում իրավիճակն այլ է, նման սահմանափակում չի կարող լինել»,- մեկնաբանեց Զ. Փոստանջյանը՝ այդ ամենը որպես քաղաքական հետապնդում որակելով:

 

 
2016 թվականի հուլիսի 7-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի դատարան է մտել արտառոց մի քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քաղաքացի՝ Թերեզա Սարգսյան անունով, հանդիպել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի մոր հետ, նրան առաջարկել օգնել՝ որդուն ազատ արձակելու հարցում: Եւ որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, Թերեզան ասել է, թե կարող է օգնել, որպեսզի Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառվի, կամ նրան ներում շնորհեն: Ահա, այսպես հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներից Է. Գրիգորյանի մայրը Թերեզա Օհանյանին 4 մլն 903 հազար դրամ (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար) գումար է տվել, որը վերցրել է փողն ու անհետացել: Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները ԱԺ դահլիճում գնդակահարեցին 8 մարդու, այդ թվում եւ ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ վարչապետին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին:

 

 
ԱՌԵՎՏՐԱՄԻՏ
«Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է ջանա արտասահմանում տնտեսական կապերը զարգացնել։ Նկատենք, որ այս մոտեցումն արդեն մեկ տարի է, ինչ շեշտադրվում է ՀՀ դիվանագիտական կորպուսին վերաբերող պաշտոնական հայտարարություններում: Անցած տարի Սերժ Սարգսյանը հատուկ այդ նպատակով հանդիպում-խորհրդակցությունների շարք անցկացրեց տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների հետ՝ կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների ներգրավվածությամբ: Ավելին՝ ՀՀ ԱԳՆ-ում բացվեց փոխնախարարի նոր հաստիք, որը պետք է համակարգեր արտաքին տնտեսական կապերը: Սակայն դատելով Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալների շեշտակի անկումից՝ նոր փոխնախարարի աշխատանքն առայժմ արդյունավետ չէ: Իրականում այն չէր էլ կարող արդյունավետ լինել, քանի որ միայն այս կամ այն դեսպանատանը տնտեսական կապերի գծով պատասխանատու նշանակելով կամ ակտիվացնելով առեւտրային ներկայացուցիչների ինստիտուտը՝ դժվար է ներգրավել օտարերկրյա ներդրողներին, եթե բուն երկրում չեն արվում կոնկրետ, տեսանելի քայլեր, որոնք կշահագրգռեին օտարերկրյա կապիտալը:
Երեկ, օրինակ, վարչապետը հայտարարել է, թե «գործուն քայլեր են անհրաժեշտ Հայաստանի վարկանիշը՝ որպես հուսալի գործընկեր, ձեւավորելու համար»: Իրականում այդ խնդրի իրագործման հետ դիվանագիտական կորպուսը, կարելի է ասել, առանձնապես կապ չունի: Ի վերջո, որքան էլ մեր դեսպանատները լավ աշխատեն, նրանք չեն կարող ձեւավորել հուսալի գործընկերոջ վարկանիշ մի երկրի համար, որի ղեկավարը չորս տարի բանակցում է ԵՄ հետ, ապա իր իսկ խոստովանությամբ՝ մեկ գիշերում հարյուրութսունտոկոսանոց շրջադարձ կատարում՝ անդամագրվելով ԵՏՄ-ին: Կարեն Կարապետյանը նաեւ նշել է. «Գործուն միջոցառումներ պետք է իրականացնել տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային երկրների հետ արտոնյալ պայմանների սահմանման համար` նպաստելով հայկական ապրանքների ազատ մուտքին»: Եվ դարձյալ՝ որքան էլ մեծ ջանքեր իրագործվեն, առաջատար երկրների հետ տնտեսական համագործակցության եւ արտոնյալ պայմանների սահմանման հնարավորություններն արդեն իսկ հասցված են զրոյական մակարդակի նույն՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ: Փոխարենը այդպես էլ չի հաջողվում նվաճել 170 միլիոնանոց եվրասիական շուկան, ինչի շուրջ խոստումներն այնքան շռայլ էին ընդամենը մեկ տարի առաջ:
Իսկ, առհասարակ, լավ կլիներ, որ մեր պաշտոնատար այրերը հայրենի դիվանագիտական կորպուսից նախ եւ առաջ պահանջեին որակյալ եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերին համարժեք դիվանագիտակա՛ն աշխատանք, այլ ոչ թե արդեն պաշտոնական մակարդակով դեսպաններին վերածեին առեւտրային գործակալների:




Լրահոս