ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները երեկ վերջնականապես խայտառակեցին իրենք իրենց: Թեեւ բյուջեի քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պաշտոնական տեսակետը Միքայել Մելքումյանը հայտնեց՝ ասելով, որ իրենք դեմ են քվեարկելու, այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք դեմ գնացին խմբակցության որոշմանը եւ քծնեցին Կարեն Կարապետյանի կառավարությանը:
Նշենք, որ մինչ քվեարկությունը, ԱԺ բոլոր խմբակցությունները քննարկել էին այդ հարցը եւ պաշտոնապես հայտնել իրենց դիրքորոշումը. ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ էին, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ կողմ:
«Թունելի վերջում լույս չկա, վարկերի տակ ենք, ուստի նա հայտարարեց, որ ԲՀԿ կուսակցության պատգամավորները հստակ դեմ են քվեարկելու նախագծին»,- ԱԺ դահլիճում հայտարարեց Միքայել Մելքումյանը: Ավելին՝ երբ ԱԺ ԲՀԿ 33 հոգանոց խմբակցությունում հարցը քննարկվել է դե ֆակտո անդամների հետ, բոլոր ներկաները գլուխները կախ լսել են՝ որեւէ առարկություն չհայտնելով, սակայն բուն քվեարկության պահին մտքափոխվել են:
Նախ նշենք, որ իրականում ԱԺ նիստից բացակայել են Մուշեղ Պետոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Գուրգեն Արսենյանը, Հայկ Խաչատրյանը: Խմբակցության որոշմանը ենթարկվել են Վահան Կարապետյանը՝ դեմ քվեարկելով, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը, Վահագն Մախսուդյանը, Արայիկ Աղաբաբյանը, Գագիկ Ծառուկյանը:
Ապարանցի Լյովա Խաչատրյանը, հասկանալի է, Կարեն Կարապետյանի «խաթեր» որոշել է չեզոքություն դրսեւորել եւ ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը: Քաղաքական մշուշոտ ապագայի տեր Արագած Ախոյանը եւ Արմեն Ավետիսյանը եւս չեն քվեարկել: ՕԵԿ-ից ԲՀԿ-ում հայտնված քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանը ձեռնպահ է քվեարկել, որ «ո՛չ շիշը վառվի, ո՛չ էլ քյաբաբը»:
Դե, Բազմասեր Առաքելյանն ու Մարտուն Գրիգորյանը կողմ են քվեարկել՝ հասկանալի պատճառներով. նրանք իրենց ապագա մանդատի հարցը ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ապահովել են, դրա համար այլեւս զարմանալի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ականների վրա կոնկրետ ազդեցություն են ունեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հեռախոսազանգերը, որոնք հորդորել են կողմ քվեարկել: Իսկ ովքե՞ր են տուրք տվել այդ կոչերին: Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբո, կողմ է քվեարկել, Ռուստամ Գասպարյանը, Մուրադ Գուլոյանը, Աբրահամ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արշակ Մխիթարյանը, մարդիկ, որոնք չեն կողմնորոշվում՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանահաճո կոճակ սեղմողներ:
Ինչո՞ւ «վախեցան» պատգամավորները ՀՀԿ խմբակցությունից հնչած զանգից: «Ժողովուրդ»-ն այս հարցը ուղղեց «կողմ քվեարկածներին: Աբրահամ Մանուկյանը, որը քվեարկության ժամանակ նայեց Էդուարդ Շարմազանովին եւ ստացավ նրա «գլխով» արված համաձայնության նշանը, մեզ հետ զրույցում պատճառաբանեց. «…ես ահագին ժամանակ բացակա եմ եղել, չեմ իմացել, թե խմբակցությունը ինչ է որոշել… Ձեզ ոնց ա թվում՝ ինձ կարան ստիպե՞ն»:
Ռուբեն Գեւորգյանը եւս չընդունեց, որ ՀՀԿ-ականների զանգն է փոխել իր դիրքորոշումը: «Բյուջեն կարեւոր փաստաթուղթ է»,- ասաց նա:
Արշակ Մխիթարյանը հավաստիացրեց. «…Որեւէ մեկը չի կարող ինձ ասել, մենք ենք էդպես որոշել: Այլ խմբակցությունից ո՞նց կարա ինչ-որ մեկը փորձի…»:
Ուշագրավն այն է, որ Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, ոչ միայն ինքն է կողմ քվեարկել, այլեւ հաջողացրել է իր կողքի կողմ կոճակը սեղմել, որի արդյունքում ստացվել է. որ Հայաստանում չգտնվող Հրանտ Դավթյանը կողմ է քվեարկել: Ինչո՞ւ անհարմար վիճակում դրեցիք Հրանտ Դավթյանին. մարդը Մոսկվայում է, հետաքրքրվեցինք Կարո Կարապետյանից: «Ես իրա փոխարեն չեմ քվեարկել, ես իմ կոճակն եմ սեղմել, ո՞վ ա ասում՝ տենց բան կա, ես ասում եմ՝ Հրանտն իմ կողքն ա եղել, ինքը երկրում ա»:
Փոքրիկ ճարպկություն է արել նաեւ հացավաճառ պատգամավորը: Անգամ տեսախցիկներն են ֆիքսել, որ հրազդանցի Տիգրան Ներսիսյանը ԲՀԿ-ական Մերուժան Սիմոնյանի փոխարեն կողմ է քվեարկել: Զարմանալին այն է, որ ստորքարշության գնով գործող կառավարությանը քծնողները առանց բացառության հավակնում են «տեղավորվել» նաեւ 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանում: Այն խորհրդարանում, որը հավակնում է լինել «ինտելեկտուալների» քաղաքական ակումբ, որտեղ պետք է տեղ ունենան բացառապես քաղաքական գործիչներն ու քաղաքական դիրքորոշում հայտնողները:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՐՏՔՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի պետական պարտքն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել 2 մլրդ 686 մլն 800 հազար դրամ: Այսինքն՝ Հայաստանի պետական պարտքը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 31 մլն 100 հազար դրամով աճել է:
Այդ նույն տվյալներից պարզում ենք, որ Հայաստանի արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ նվազել է` նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 596 մլն 300 հազար դոլար, ինչը հոկտեմբերի համեմատ պակաս է 10.5 մլն դոլարով: Իրականում կառավարությունն ու Կենտրոնական բանկը նոյեմբերի ընթացքում ներգրավել են ավելի շատ փոխառու միջոցներ, քան մարել են, սակայն դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը նվազել է, քանի որ սա պայմանավորված է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ պետական պարտքի արժութային կառուցվածքում ներառված մի շարք արժույթների փոխարժեքների նվազմամբ:
ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՌԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը: Պարզվում է՝ նրա նշանակումը այդքան էլ լավ չի անդրադարձել կոմբինատի գործունեության վրա: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերության տնօրեն Մհեր Պոլոսկովը խախտել է մաքսային կանոնները, ինչի արդյունքում ՊԵԿ-ը որոշել է նրան տուգանել: Սակայն ուշագրավ է, որ ՊԵԿ-ը տուգանքի փաստաթղթում նշել է, որ կոմբինատի տնօրենը 2016 թվականի հոկտեմբերի վիճակագրական տվյալները չի ներկայացրել, ինչը նշանակում է՝ շրջանցել է օրենքը:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սա օրենքը շրջանցելու միակ դեպը չի եղել: Նման խախտում նոյեմբերի ընթացքում եւս իրականացվել է, որի արդյունքում նրան տուգանել են 150 հազար դրամի չափով:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԻ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել եւ բռունցքով հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատճառը, վերջինիս պատմածի համաձայն, եղել է այն, որ իր հարցը դուր չի եկել պատգամավորին, իսկ Ռ. Հակոբյանը չի հերքել տեղի ունեցածը: Երեկ լրագրող Վահե Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ինքը հրավիրվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին` ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով: Նշենք, որ ՀՀ դատախազությունը միջադեպի հետ կապված հետաքննություն էր սկսել: Բռնության ենթարկված լրագրողի փոխանցմամբ` ավելի քան մեկ ժամ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իրենից բացատրություն են վերցրել լրատվամիջոցներում տարածված նյութերի հիման վրա. «Ես ներկայացրել եմ ողջ եղելությունը, այն, ինչ պատմել եմ լրատվամիջոցներին»,- հավելեց Վահե Մակարյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ իրեն տրամադրվել է դատաբժշկի ուղեգիր, եւ ինքն այսօր դատաբժշկական փորձաքննության կենթարկվի:
ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱՀԱԿԸ ԳՑՈ՞ՒՄ Է ՀՀԿ-ԻՆ
Հակառակ տրամաբանության՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, Շիրակի համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարվում է առաջադրվել ռեյտինգային ցուցակով՝ ըստ երեւույթին վախենալով խայտառակվելուց: Ամբողջ խնդիրն այն է, որ դրանով Սահակ Մինասյանը իր ղեկավարած հաստատության ամբողջ ձայները նվիրում է ԲՀԿ-ին՝ հանձին նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի: Ամենայն հավանականությամբ դասալիք ռեկտորի նկատմամբ սանկցիաները չեն ուշանա:
ՀԻՄՔ ՉԿԱ՞
«Որեւէ հիմք չկա, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդը չկարողանա գլխավորել կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը»: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԵ՞Ն ՓՈԽԵԼ
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, անդրադառնալով Վանաձորի քաղաքապետարանի հայտարարությանը, թե ավագանու նոր նիստ պետք է գումարվի, վերջերս տեղի ունեցած հրդեհի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների աջակցության համար բյուջե հատկացնելու նպատակով երեկ ասել է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության դիրքորոշումը Վանաձորի ավագանու նիստի վերաբերյալ մնում է նույնը: «Տվյալ խնդիրը կարելի է լուծել այլ հնարավորությունների շրջանում, որ այսօր կա, իսկ ՀՎԿ-ի դիրքորոշումն այսօր նույնն է մնում»: Անդրադառնալով դաշինքով ընտրություններին գնալու հնարավորությանը՝ Շահգելդյանը նշել է, որ նպատակահարմար չեն գտնում այդ տարբերակը:
ԲԱ ՏԱՐԻՔԻ ՀԱ՞ՐՑԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ, նա գլխավորելու է ՀԱԿ-ի ցուցակը: Երեկ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով` «Բացառված չեն բանակցություններն այլ դեմքերի վերաբերյալ, բայց ես չեմ տեսնում ուրիշ մեկին: ՀԱԿ-ը ընտրություններում հաղթանակի դեպքում շեշտակի կբարձրացնի կենսաթոշակները, 25 տոկոսով կէժանացնի գազի գինը, 14 հարկատեսակներից կթողնի 5-ը»,- ներկայացրել է Զուրաբյանը:
1000 ԿՐԱԿՈՑ
Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արեւելյան /Ակնա/ հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ դիպուկահար հրացաններ /54 կրակոց/, իսկ հարավարեւելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղությամբ` հաստոցավոր ավտոմատ նռնականետ /4 արկ/:
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ, ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հանդիպում են անցկացրել: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան¬Մարկ Էյրոն: